HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

550 չընդունված դիմորդ դիմել է թափուր տեղերի համար. դիմորդների ակցիաները շարունակվեցին նաև այսօր

Բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված դիմորդների ու նրանց ծնողների բողոքի ակցիաները այսօր ևս շարունակվեցին: 739 դիմորդ չնայած ստացել է դրական գնահատական, սակայն կամ բուհեր չեն ընդունվել, քանի որ նրանց միավորները չեն բավարարել առաջին հայտով նշված մասնագիտության համար, կամ էլ ընդունվել են այն մասնագիտություններով, որտեղ չեն ցանկանում ուսանել: Հիշեցնենք, որ այս տարվա քննություններում առաջնահերթություն է տրվել առաջին հայտին:

Դռնփակ աշխատանքային քննարկում խորհրդարանում

Այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիատասարդության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանի նախաձեռնությամբ աշխատանքային փակ քննարկում էր, որին ներկա էին Գնահատման և թեստավորման կենտրոնի և նախարարության ներկայացուցիչներ, սակայն նախարարությունը ներկայացված էր վարչության պետի մակարդակով:

Հանդիպումից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ քննարկմանը ներկա են եղել խորհրդարանական երեք խմբակցություններից պատգամավորներ:

«Երեք խմբակցությունների պատգամավորների մտահոգությունն այն էր, որ ինչպես կարելի է ցածր միավորներ հավաքած դիմորդը ավելի հնարավորություն ունենա, քան ավելի բարձր ստացածը: Ակնհայտորեն էստեղ գիտելիքը ստորադասվում է թույլ մի հիմնավորմամբ, որ առաջին հայտով դիմած դիմորդները հստակ որոշում են կայացրած եղել»,-ասաց Կոստանյանը: Պատգամավորի համոզմամբ, սակայն, իր պնդումն է, որ 16-17 տարեկան քաղաքացին դժվար թե կարողանա այնքան հստակ կողմնորոշում ու դիրքորոշում ունենալ իր մասնագիտության ընտրության հարցում, որ կարողանա առաջնահերթություններ որոշել:

Պատգամավորի դիրքորոշումն է, որ պետք է հաշվի առնել, որ գնահատվում է գիտելիքը: Նրա խոսքով` վերջնական լուծում չի տրվել քննարկմանը, քանի որ որոշում կայացնող մարմինն առնվազն փոխնախարարի մակարդակով պետք է ներկա լիներ: Կոստանյանը հայտնեց, որ նախարարության ներկայացուցչին են փոխանցել առաջարկների փաթեթը, որոնք հիմնականում գեներացվել են դիմորդների ծնողների հետ հանդիպումների հետևանքով, իսկ ծնողներն առաջարկում են ավելացնել այն մասնագիտությունների հատկացված տեղերը, որտեղ պահանջարկն այնքան շատ է եղել, որ նույնիսկ 18,75 միավոր ստացած դիմորդը չի կարողացել բուհ ընդունվել: Ծնողների խոսքով` առաջին կիսամյակը կարող է լավ հնարավորություն լինել` ցույց տալու վերջիններիս առաջադիմությունը, նրանք, որոնք քննություններից ցածր միավորներ կստանան, դուրս կմնան:

Աննա Կոստանյանը նաև ասաց, որ նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ շուրջ 500-ը դիմել է թափուր տեղերի մրցույթի համար, սակայն, նրա խոսքով դա ևս լուծում չէ:

«Փաստարկներից էր այն, որ բուհերում այդքան տեղ չկա, կամ կան դիմորդներ, որոնք մարզային բուհերում դիմելու հնարավորություն ունեն, բայց սա էլ հիմնավոր թեզ չէ: Օրինակ Շիրակի պետական համալսարանում չեն կարող վստահաբար ասել` ԵՊՀ մակարդակը կարող են ապահովել, թե ոչ»,-ասաց նա` հավելելով, որ այս խնդիրները սպասելի էին, քանի որ նախարարությունը կրթության վերաբերյալ հստակ ռազմավարություն չունի:

ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հանդիպմանը հիմնականում քննարկվել են առաջին հայտի գերակայության և ավելի բարձր գնահատականներ ստացած դիմորդների չընդունվելու հարցերը: Քննարկմանը պատգամավորները խնդրել են լուծումներ գտնել այս իրավիճակի համար:

«Նախարարության ներկայացուցիչները հայտնեցին, որ 739 հոգուց շուրջ 500-ը համաձայնել են երկրորդ մրցույթով թափուր տեղերը լրացնել»,-ասաց նա: Հովհաննիսյանն ասաց, որ հանդիպմանը պատգամավորներից որոշները առաջարկներով են հանդես եկել, որպեսզի նախարարությունը լուծումներ փորձի տալ:

Հանդիպում ՄԻՊ-ի հետ

Ակցիա իրականացնողների հաջորդ հանդիպումը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն էր: Չնայած դիմորդներից շատերը ՄԻՊ-ին թե կոլեկտիվ հայտով էին դիմել, թե անհատական` ներկայացնելով քննությունների ժամանակ արձանագրված խնդիրները, սակայն ՄԻՊ Արման Թաթոյանին խնդիրը ներկայացվեց նաև հանդիպմանը: Թաթոյանն ասաց, որ ՄԻՊ գրասենյակը խնդիրը ուսումնասիրել է, ինքը խոսել է նախարարի հետ, նաև գրավոր հարցապնդումներով դիմել նախարարություն: Թաթոյանն ասաց, որ ձեռնպահ է մնացել որևէ առաջարկ ներկայացնելուց, սակայն ներկայացրել է այն առաջարկները, որոնք տարբեր ակցիաների ժամանակ ասել են դիմորդները և նրանց ծնողները: ՄԻՊ-ի խոսքով` ըստ երևույթին վաղը կլինի իր գրությանը գրավոր պատասխանը, որից հետո նոր կարող է եզրահանգումներ անել:

Դիմորդներից որպես խնդիր մատնանշեցին նաև իրազեկման խնդիրը, ասելով, որ Dimord.am կայքում չի եղել տեղեկություն այն մասին, որ առաջին հայտը գերակայություն է լինելու, և այն, որ  739 դիմորդ բարձր գնահատականներով չեն ընդունվել, նշանակում է, որ խնդիրը նախարարությունում է, և ոչ թե իրենց մոտ:

Հանդիպում ԿԳՄՍ-ում

Ակցիայի հաջորդ վայրը նախարարություն էր: Նրանց մոտեցավ փոխնախարար Գրիշա Թամրազյանը: Վերջինիս հետ պայմանավորվածություն եղավ` ձևավորել ծնողներից ու դիմորդներից խումբ ու հարցը քննարկել նախարարությունում: Ծնողների առաջարկն այն էր, որ բուհերում ավելացվեն տեղեր, առաջին կիսամյակում խիստ քննություն լինի և վատ առաջադիմություն ունեցողները դուրս կմնան բուհերից:

Փոխնախարար Գրիշա Թամրազյանը արձագանքեց, որ ի սկզբանե բուհերը իրենց առավելագույն քանակն են տրամադրել, նաև հավելեց, որ կան բարձր միավորներ ստացած դիմորդներ, որոնք երրորդ կամ չորրորդ հայտերով ընդունվել են: Փոխնախարարը հիշեցրեց, որ թափուր տեղերի համար մրցույթը դեռ շարունակվում է, որի համար կարող են դիմել այսօր մինչ 20:00-ն: Փոխնախարարի խոսքով` վերջին տվյալներով արդեն իսկ 550 դիմորդ դիմել է թափուր տեղերի մրցույթի համար: Ըստ փոխնախարարի` դիմորդներից կան նաև այնպիսիք, որոնք բուհերից հետաքրքրվել են հեռակա քննությունների կարգի մասին: Թամրազյանը հայտնեց, որ նախարարությունում քննարկել են հեռակա քննությունները ևս մեկ քննությամբ անցկացնելու հարցը, և դրական միավորներ ստացած դիմորդներին հնարավորություն կընձեռվի առանց նոր քննության դիմել` փոխանցելով արդեն իսկ ստացած միավորը:

Մեկնաբանություններ (2)

Անուշ
Մենք եվս դիմել ենք թափուր տեղի համար, սակայն դաընդամենը ,մեր միավորը երկրորդ հայտով անցնում է որի համար էլ պայքարում ենք....
Անուշ
Ես նույնպես ծնող եմ ում տղան հավաքել է բավականին բարձր միավոր, սակայն դուրս է մնացել ԵՊՀ -ում իր նախընտրած բաժնում սովորելուց։ Բոլոր ծնողների պես եսել եմ նույն մտքին, որ չկոտրեն 17-18 տարեկան երեխաների կարծես առաջին ու ամենամեծ նպատակը եվ հնարավորություն տալ սովորելու եվ կայանալու......

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter