
Գագիկ Ծառուկյանը տրամադրություն չունե՞ր
«Գալիք խորհրդարանական ընտրությունները պետք է անցնեն ազատ եւ արդար: Բոլորս էլ հասկանում ենք, որ այս ընտրությունները լուրջ մարտահրավեր են մեր երկրի համար: Մեզ պետք է ոչ թե թշնամանքի, այլ սթափ մրցակցության մթնոլորտ: Թշնամանքով երբեք որեւէ խնդիր չի լուծվել եւ չի լուծվելու: Մեկ բան հստակ է` արդար մրցակցություն: Արդար ընտրությունների անցկացման շուրջ պետք է համախմբվի ողջ քաղաքական դաշտը, հասարակությունը, եւ եթե մեզ հաջողվի նման մթնոլորտ ստեղծել, հավատացնում եմ ձեզ, որեւէ անլուծելի խնդիր մեր պետությունը չի ունենա: Իրապես, առաջիկա ընտրություններից է կախված, թե ինչպիսի երկիր ենք մենք ունենալու»,-այսօր ԲՀԿ-ի 6-րդ արտահերթ համագումարի ժամանակ հայտարարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Նրա կարծիքով, այս ամենին հասնելու համար անհրաժեշտ է, որ ընտրությունների արդյունքները վստահելի լինեն ժողովրդի համար եւ հասարակ քաղաքացին զգա, որ իր քվեն պաշտպանվել է: «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մենք անելու ենք հնարավորը` ընտրողի քվեն պաշտպանելու, ընտրողի իրավունքը պաշտպանելու համար: Բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք մեզ հետ պատրաստ են պայքարել հանուն ազատ եւ արդար ընտրությունների, մենք համարում ենք մեր դաշնակիցներն ու գործընկերները: Մեր բոլորի գերխնդիրը մեկը պետք է լինի` առաջիկա ընտրությունների արդար եւ արժանապատիվ անցկացումը»,-ավելացրեց ԲՀԿ-ի նախագահը:
Նշենք, որ այս համագումարի ժամանակ այդպես էլ խոսք չեղավ ԲՀԿ-ի համամասնական ցուցակի մասին: Կուսակցության անդամները եւս չէին ցանկանում խոսել ցուցակի մասին: ԲՀԿ-ն այնքան զգուշավոր էր, որ նույնիսկ կուսակցության որոշ անդամներ դուրս էին գալիս մարզահամերգային համալիրի առանձնացված մուտքերից, որպեսզի չշփվեն լրագրողների հետ:
Գագիկ Ծառուկյանը եւս չպատասխանեց լրագրողների հարցերին: Մինչեւ համագումարի սկսվելը նա հայտարարեց, թե լրագրողների հարցերին կպատասխանի միայն համագումարի ավարտից հետո, իհարկե եթե «տրամադրություն ունենա»: Պարզվում է` այսօր Գագիկ Ծառուկյանը տրամադրություն չուներ, հետեւաբար չպատասխանեց եւ ոչ մի հարցի:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել