HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Նոյեմբերյանում տեղացած հորդառատ անձրևից և կարկուտից տուժել է 259 տուն. հաշվառումը շարունակվում է

Երեկ՝ հուլիսի 21-ին, Նոյեմբերյան խոշորացված համայնքում տեղի ունեցած կարկուտի հետեւանքով վնասվել է 259 տուն։ Հիմնականում վնասվել են Նոյեմբերյան քաղաքը, Ղովեղ եւ Բարեկամավան բնակավայրերի բնակիչների տները, գրասենյակները, հասարակական նշանակության կենտրոններն ու խանութները։

Բարեկամավան գյուղում տուժել է 90 տուն, Դովեղում` 9 տուն եւ դպրոցը։ Նոյեմբերյան քաղաքում վաղ առավոտից գույքագրում է իրականացվում, ժամը 17.30-ի դրությամբ տների թիվն անցնում է 160-ը։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում նշեց Նոյեմբերյանի համայնքապետի օգնական Արմեն Ամիրաղյանը։

«Մենք մեր կենտրոնում փորձում ենք տեխնիկական խնդիրները լուծել, օրինակ՝ մարդ կա, տունը վնասվել է, բայց ինքն այդ տանը չի բնակվում, պետք է տվյալները ճշտվի։ Վնասի ընդհանուր չափը չեն կարող ամբողջացնել, որովհետեւ մեկի մոտ մեքենան է վնասվել, բայց ինչ չափով, չենք կարող ասել»,- նշեց համայնքապետի օգնականը։

Արմեն Ամիրաղյանի խոսքով՝ ոչ միայն վնասվել են տների տանիքներն ու պատուհանները, այլեւ անձրեւաջրերը լցվել են մարդկանց տները։ 

Նոյեմբերյանում վնասվել են ոչ միայն սեփական տները, այլեւ 20 բարձրահարկերից 8 շենքի տանիքները։ Անձրեւաջրերը լցվել են նաեւ մշակույթի տուն եւ գեղարվեստի դպրոց։

«Կարկուտի հետեւանքով վնասվել են Նոյեմբերյանի հարակից տարածքների խաղողի այգիները, սակայն մենք առայժմ թողնում ենք սա երկրորդական պլան, առայժմ փորձում ենք լուծել մարդկանց ապրելու հարցը»,- նշեց Ամիրաղյանը։

Համայնքապետարանը քաղաքի որոշ փողոցներում ստեղծված իրավիճակը պայմանավորել էր այն հանգամանքով, որ տեղումների քանակն անհամատեղելի է եղել ջրահեռացման համակարգերի տարողունակության հետ: «Ջրատարը չի հերիքում, ջուրը գալիս է, լցվում, խցանվում, չի կարողանում տանել»,- նշեց Ամիրաղյանը։ Նրա խոսքով՝ համայնքային բյուջեն չի կարող բավարարել վնասը փոխհատուցելու համար, անհրաժեշտ կլինի դիմել Կառավարությանը՝ աջակցություն ստանալու նպատակով։

«Սա մեր ուժերից վեր է, մենք պետք է Կառավարության հետ համագործակցենք, թե ինչքան կլինի գումարը, այս պահին չեմ կարող ասել, միայն Նոյեմբերյան քաղաքում վնասված տների թիվը անցնելու է 200-ը»,- խոսքը եզրափակեց Նոյեմբերյանի համայնքապետի օգնական Արմեն Ամիրաղյանը։

 

Լուսանկարները՝ ֆեյսբուքյան օգտատերերի էջերից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter