
2017-2019թթ․ Արցախում ձկների ապօրինի արդյունահանման 14 դեպք է արձանագրվել
Վերջին երեք տարում (2017-2019թթ․) Արցախում ձկների ապօրինի արդյունահանման 14 դեպք է արձանագրվել, որոնց առթիվ հարուցվել են քրեական գործեր։ Այդ մասին հաղորդում է Արցախի Հանրապետության ոստիկանությունը «Հետքի» հարցմանն ի պատասխան։ Հասցված վնասի ընդհանուր չափը գնահատվել է 5 միլիոն դրամ։
Երեք տարում ապօրինի ձկնորսության երեքական դեպք գրանցվել է Թութխան և Որոտան գետերից։ Երկուական դեպք գրանցվել է Կարկառ և Թարթառ գետերից։ Մեկական դեպք է արձանագրվել Մեղրագետ, Ողջի, Պատարա և Աղավնո գետերից։
Ամենաշատ արդյունահանված տեսակը կարմրախայտն է․ 14-ից 6-ի դեպքում (659 հատ) միայն կարմրախայտ արդյունահանելու դեպքերի առթիվ են քրեական գործեր հարուցել։ Կարմրախայտի ապօրինի արդյունահանման հասցրած ընդհանուր վնասը գնահատվել է 3 մլն 345 հազար դրամ։ Որոշ քանակությամբ կարմրախայտ արդյունահանվել է նաև այլ ձկնատեսակների հետ (ոստիկանությունը տեղեկատվությունը տրամադրել է ըստ դեպքերի)։
Երկրորդ ամենաշատ արդյունահանված ձկնատեսակը կողակն է (554 հատ)։ Պետությանը հասցրած վնասը գնահատվել է 555 000 դրամ։
Կարմրախայտից ու կողակից բացի ապօրինի արդյունահանվել է բեղլու և տառեխ տեսակի ձուկ։
Բոլոր 14 դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել Արցախի Քրեական օրենսգրքի 303-րդ հոդվածով (Ջրային կենդանիներ և բույսեր ապօրինի արդյունահանելը), 5 գործ հարուցել են ԼՂՀ ՔՕ 303 հոդվածի (Ձկներ կամ ջրային այլ կենդանիներ կամ արդյունագործական ջրային բույսեր ապօրինի արդյունահանելը, եթե այդ արարքները) 1-ին մասի 2-րդ կետով (կատարվել են դրանց զանգվածային ոչնչացման եղանակների օգտագործմամբ) և 5 գործ հարուցել են ԼՂՀ ՔՕ 303-րդ 1-ին մասի 1-ին կետով (խոշոր վնաս են պատճառել)։
Ավելի մանրամասն տե՛ս աղյուսակում։
Մեկնաբանել