HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Նիկոլ Փաշինյան .«Ատոմակայանին հարվածելու սպառնալիքը ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լինելու Ադրբեջանի էությունը»

Կառավարության հուլիսի 23-ի հերթական նիստում ոչ օրակարգային հարցը հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Տավուշի մարզի սահմանապահ դիրքերի և բնակավայրերի հրետակոծության վերաբերյալ էր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի զինված ուժերը ոչ միայն հետ մղեցին հակառակորդի հարձակումները, այլև նրան պատճառեցին էական վնասներ։ Սահմանին տեղի ունեցած դեպքերի արդյունքում Ադրբեջանում ներքաղաքական անկայուն վիճակ է ստեղծվել, ինչը այդ երկրի ղեկավարությանը ստիպում է դիմել նորանոր սադրանքների՝ ներքին դժգոհության էներգիան Հայաստանի և Արցախի դեմ ուղղորդելու համար։

Վարչապետը կատարեց մի քանի արձանագրում

«Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Ադրբեջանը հարձակում գործեց այն ժամանակ, երբ Հայաստանը ներգրավված էր Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման խաղաղ գործընթացում և այն պայմաններում, երբ Ադրբեջանը հրաժարվում էր բանակցել հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի հետ։ Ադրբեջանի բոլոր հարձակումները վճռականորեն հետ մղվեցին, և հայակական կողմը առավել քան ամրացրեց իր դիրքերը սահմանագծում»։

Նիկոլ Փաշինյանը կարևորեց նաև հասարակության միահամուռ աջակցությունը և վստահությունը կառավարությանն ու զինված ուժերին, ընգծեց սփյուռքի հայերի միասնությունը և նրանց՝ Հայաստանին օգնելու նվիրումը։

Վերջինս անդրադարձավ նաև Մեծամորի ատոմակայանին հարվածներ հասցնելու մասին սպառնալիքներին՝ նշելով, որ Հայաստանը հանդես չեկավ Ադրբեջանի ժողովրդին և նրա քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղված սպառնալիքներով, անգամ այն պայմաններում, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սպառնում էր հրթիռակոծել մեր ատոմակայանը

«Այս սպառնալիքը պետք է դառնա լրջագույն միջազգային քննության առարկա, որովհետև ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լինելու Ադրբեջանի էությունը։ Հուլիսի 12-ից հետո միջազգային հանրությունը հանդես եկավ հրադադարի խախտումները դատապարտելու և բռնությունը դադարեցնելու բազմաթիվ կոչերով։ Հրադադարի վերականգնման գործում մեծ ներդրում ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահները և նրանց երկրները։ Այս տեսակետից հատկապես արդյունավետ էր Ռուսաստանի Դաշնության ներգրավումը, որն արտահայտվեց ինչպես արտաքին գործերի նախարարության, այնպես էլ զինված ուժերի գլխավոր շտաբի մակարդակով»,- ասաց կառավարության ղեկավարը։

Գործադիրի ղեկավարն ընդգծեց, որ միակ երկիրը, որը փորձում էր ոչ թե հանդարտեցնել իրավիճակը, այլ առավել մեծ բռնություններ հրահրել, Թուրքիան էր։ 

«Թուրքիայի ագրեսիվության աճը առաջ է բերում մեր քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտության, այդ թվում՝ Թուրքիայի ագրեսիվությունը զսպելու միջազգային ֆորմատներում մեր մասնակցության ծավալների իմաստով։ 

Որևէ կասկած չկա, որ այս փորձությունից մենք դուրս ենք գալիս հաղթանակած և վստահ մեր ուժերի, մեր ժողովրդի և հասարակության տոկոնության վրա, բայց մենք չենք կարող անտեսել այն փաստը, որ 2016 թվականի ապրիլից հետո երկրորդ անգամ Ադրբեջանն ուժ կիրառեց այն դեպքում, երբ առկա էր խաղաղ գործընթաց, երբ առկա էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը՝ ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից և հռետորաբանությունից։ Ադրբեջանն ուժ կիրառեց այն պահին, երբ ողջ աշխարհն իր ուժերն ու ռեսուրսները կենտրոնացրել էր համավարակի  դեմ պայքարի վրա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հավելեց, որ Հայաստանի և Արցախի ընդհանուր անվտանգության համակարգը պետք է առավել ամրապնդել, Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ, և Ադրբեջանը պետք  է հրապարակայնորեն հրաժարվի ուժի կիրառումից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter