
Նաիրա Զոհրաբյան. «Մեր երկիրը վաղուց սպառել է ժողովրդավարության մանկական հիվանդություններին հղում անելու ցանկացած լիմիտ»
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ելույթ ունենալով կուսակցության 6-րդ արտահերթ համագումարի ընթացքում, նշեց, որ ոչ թե իմիտացիոն, այլ իրական ինտեգրացիան պետք է լինի մեր բոլորի ձգտումը, եւ միայն այս դեպքում մեր երկիրը կկարողանա իր տեղը զբաղեցնել հավասար պետությունների շարքում եւ պահպանել իր ինքնությունը:
«Մենք պատասխանատու ենք մեր ժողովրդի առջեւ` առաջիկա ընտրություններն անցկացնելու այնպես, որ այդ ընտրությունների արդյունքները վստահելի եւ ընդունելի լինեն հանրության համար: Այլապես, ցանկացած հայտարարություն, անգամ ամենաբարձր ամբիոններից, ամենաեվրոպականացված բառապաշարով եւ տերմինալոգիայով, կլինի ընդամենը իմիտացիա, քվազիեվրոպական շղարշ: Մեր երկիրը վաղուց սպառել է ժողովրդավարության մանկական հիվանդություններին հղում անելու ցանկացած լիմիտ, եւ այս առումով, առաջիկա համապետական ընտրությունները երկրի զարգացման ու առաջընթացի առումով իրապես լինելու են բեկումնային»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորի կարծիքով՝ եվրոպական արժեքները, որոնց մշտապես հղում է արվում, ոչ այլ ինչ են, քան շատ պարզ հասկացություններ` մարդու իրավունքը հարգելը, քաղաքացիական հասարակության լսելի ձայնը, ազատ եւ արդար ընտրությունը, ընտրողի քվեն հարգելը, եւ քաղաքական կամք` իրագործելու այդ ամենը:
« «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանձնառու է իր լիազորությունների, իր պատասխանատվության սահմաններում անել հնարավորը` քաղաքացու իրավունքն ու քվեն պաշտպանելու համար»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել