
ԲՀԿ-ում անակնկալի են եկել Սերգեյ Բագրատյանի դիմումից
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել, սակայն խմբակցությունում չգիտեն, թե որն է նման որոշման պատճառը: Սերգեյ Բագրատյանի հետ կապ հաստատել չի հաջողվում, նրա հեռախոսահամարները չեն գործում:
Խմբակցության քարտուղար Արման Աբովյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ԱԺ նախագահի հայտարարությունից են տեղեկացել ու անակնկալի եկել, որևէ քննարկում խմբակցությունում չի եղել: Աբովյանը վստահեցրեց` Սերգեյ Բագրատյանի հետ խմբակցությունում որևէ կոնֆլիկտ չի եղել: Գրեթե նմանատիպ պատասխան տվեց նաև խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Գևորգ Պետրոսյանը` ասելով, որ Սերգեյ Բագրատյանի հետ հանդիպել է շուրջ 15 օր առաջ` խմբակցությունում քննարկմանը, և որևէ հարցի շուրջ վերջինս տարաձայնություններ չի ունեցել: Պետրոսյանը նաև վստահեցրեց, որ Սերգեյ Բագրատյանը կուսակցության ղեկավարի` Գագիկ Ծառուկյանի հետ որևէ խնդիր ևս չի ունեցել:
Հիշեցնենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքը հնարավորություն ընձեռում է պատգամավորին դուրս գալ խմբակցությունից և գործել՝ որպես անկախ պատգամավոր: Սերգեյ Բագրատյանը «Բարգավաճ Հայաստանի» առանցքային գործիչներից էր համարվում, կուսակցական է, պատգամավոր է եղել նաև նախորդ գումարման խորհրդարանում, 2010-2012 թվականներին եղել է Վայոց Ձորի մարզպետը:
Մեկնաբանել