HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիում շուտով իր դռները կբացի կամերային «Մտորումների թատրոնը»

Մայթին շարած փոքրիկ աթոռների վրա տեղավորված սակավաթիվ հանդիսատեսը հեքիաթի սպասումով լուռ հետեւում է կիսաթափանց էկրանին հայտնվող ու անհետացող ստվերներին: Եվս մի քանի րոպե եւ ներկայացումը սկսվում է: Գյումրվա բարբառով տարբեր պատումները հնչում են ծանոթ դերասանների ձայններով: Էկրանի հետեւում «թաքնված» տիկնիկավարները հմտորեն ղեկավարում են կաշվից պատրաստված խամաճիկներին: Գյումրեցի հանդիսատեսի համար ստվերային թատրոնը նորություն է: Սա տեսողական արվեստի ձեւ է, որ ձեւավորվել է Չինաստանում 1700 տարի առաջ, հետագայում տարածվել Հնդկաստանում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում եւ մի շարք այլ երկրներում:

Ստվերների թատրոնում կիրառվում են կիսաթափանց մեծ էկրաններ եւ հարթ մարիոնետներ՝ խամաճիկներ, որոնք կառավարվում են բարակ փայտիկներով: Մարիոնետները սովորաբար պատրաստվում են բարակ, թափանցիկ կաշվից, թղթից կամ ստվարաթղթից, կարող են լինել ինչպես ամուր եւ ամբողջական, այնպես էլ ճկվող եւ առանձին մասերից բաղկացած: Այստեղ էլ, ինչպես եւ տիկնիկային թատրոնի պարագայում, խամաճիկներին շունչ ու հոգի տվողը տիկնիկավարն է: 

Հուլիսի 19-ին, ստվերային ներկայացմամբ, Գյումրու նորաստեղծ «Մտորումների թատրոնն» առաջին անգամ, ոչ պաշտոնապես ներկայացավ իր սակավաթիվ հանդիսատեսին: Թատրոնի հիմնադիրը ՀՀ վաստակավոր արտիստ, Վ. Աճեմյանի անվ. դրամատիկական թատրոնի դերասան եւ ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանն է: Գյումրիում գործող երկու թատրոնների՝ դրամատիկականի եւ տիկնիկայինի կողքին իր առաջին քայլերն անող 3-րդ թատրոնի ծնունդը համընկավ աշխարհն իրար խառնած կորոնավիրուսային պանդեմիայի, արտակարգ դրության հաստատման եւ մի շարք սահմանափակումների հետ: Հիմնադրի խոսքերով, Գյումրու 3-րդ թատրոնը հավակնություններ չունի մրցելու մյուս թատրոնների հետ, այն կամերային բնույթի է, լինելու է խիզախումների, գաղափարների իրականացման փորձարարական հարթակ: 

«Երկու տարի է մտածում էի այս մասին,-խոստովանում է Հովհաննես Հովհաննիսյանը,-երկար ժամանակ որոնումների մեջ էի, անգամ մտածում էի թատրոնը կոչել «Որոնումների թատրոն», սակայն հետո հասկացա, որ այն ինչը հանդիսատեսին բերելու է մեր մոտ, պարտադիր մտորումների տեղիք է տալու, այդպես ծնվեց թատրոնի ներկայիս անունը»:

Չլիներ կորոնավիրուսը, ապրիլի 1-ին՝ Հումորի միջազգային օրը, թատրոնը պաշտոնապես ազդարարելու էր մուտքը թատերական աշխարհ: Մարտ ամսին, երբ աշխարհում ամեն ինչ գնում էր փակման ճանապարհով, Գյումրու սրտում՝ Կումայրի արգելոցի հենց կենտրոնում, ծնվում էր մի նոր մշակութային օջախ: Տեղն եւս պատահական չի ընտրված: Աբովյան փողոցում գտնվող երկհարկանի շինություններից մեկի նկուղային հարկում 1978-79թթ-ին բացվել էր առաջին՝ «Կոնյակի բարը», որտեղ կարելի էր ճաշակել կոնյակ, վիսկի, ջին, սկոտչ, ռոմ, լսել ջազային երաժշտություն: 

«Բարմենը Ֆիլիպն էր: Երեկոյան այստեղ միշտ լիքն էր, գալիս էին միայն տղամարդիկ՝ կանանց մուտքն արգելված էր: Խմում էին, խոսում ու վերջում պարտադիր կռիվ էր՝ ժամը 24-ից հետո սկսվում էր Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»,-զրուցակիցս ծիծաղում է,-մենք էլ նոր-նոր կյանք մտնող 16-17 տարեկան պատանիներ էինք, դպրոցի համար տված գումարները խնայում էինք, որ գայինք մի բաժակ ռոմ կամ վիսկի խմելու, էդպես փորձում էինք հասուն կյանք մտնել: Վայրն ինձ համար միշտ ասոցացվել է ազատության, նոր գաղափարների հետ, այնպես որ Գյումրիում, երբ տեղ էի փնտրում թատրոնի համար, էս տեղն աչքի առաջ ունեի, խոսեցի տանտիրոջ հետ, որ հիմա Երեւանում է ապրում, սիրով համաձայնվեց վարձով տալ»:

«Մտորումների թատրոնն» ազատ հարթակ է լինելու ստեղծագործողների համար, որտեղ կարելի է գալ սեփական նախագծով, անգամ սեփական փոքրիկ թատերական կազմով եւ անել ներկայացումներ: Տիկնիկային թատրոնի դերասան-տիկնիկավար Արթուր Օթարյանի համար նորաստեղծ թատրոնը հնարավորություն է մարմին տալու տարիների երազանքին: «Միշտ երազել եմ, որ Գյումրիում ունենանք ստվերների թատրոն,-ասում է Արթուրը,-Չինաստանում եւ Հնդկաստանում արվեստի այս տեսակը մեծ տարածում է ունեցել 2-րդ հազարամյակում, 16-րդ դարում տարածվել է Թուրքիայում, որտեղ ավելի շատ հայտնի է եղել «Ղարագյոզ» կոչվող տիկնիկը, հայերն եւս անմասն չեն մնացել այս արվեստին: Մենք՝ վերցնելով էդ կերպարն, իրեն կոչել ենք Ղազարոս: Երեւանում կա ստվերների թատրոն՝ «Այրոգի»-ին, որ գործում է 1980-ականներից, մենք էլ կլինենք երկրորդը: Անունը կորոշենք, երբ խումբը վերջնականապես ձեւավորվի, կարեւորը որ արդեն ունենք ստեղծագործելու տեղ»:

20-ամյա Ամալյա Ղամբարյանը հաջորդ տարի ավարտում է Թատերական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի դերասանական բաժինը: Աղջիկն այն քչերից է, որ բուհ դիմելուց դրամատիկական թատրոնի դերասանուհի դառնալու ձգտում չի ունեցել: «Ես անչափ սիրում եմ տիկնիկային արվեստը, երբեք չեմ էլ մտածել, թե ինստիտուտն ավարտեմ, պիտի անպայման գնամ դրամատիկական թատրոնում աշխատելու,-նկատում է Ամալյան,-ցավում եմ, որ տիկնիկային արվեստի առանձին ֆակուլտետ չունենք, ուսանողների մեծ մասն էլ հետաքրքրված չէ, շատ կուզենայի, որ երբեւէ այս բացը լրացվեր: Գյումրիում երկու թատրոն ունենք ու թատերական ինստիտուտն ավարտողը կամ պիտի դրամատիկական գնա, կամ տիկնիկային թատրոն, եթե իհարկե աշխատատեղ լինի: Հիմա, երբ պարոն Հովհաննիսյանը ստեղծել է «Մտորումների թատրոնը» լավ հնարավորություն է ինձ նման ուսանողների համար ինքնադրսեւորվելու: Ես այստեղ կարող եմ եւ ստվերային թատրոնի փորձերին մասնակցել, եւ դրամատիկ խմբի: Ուզում եմ այս երկու թատրոնների միքսը ստանալ»:

«Մտորումների թատրոնի» հանդիսասրահը մեծ չէ, ամենաշատը կարող են 35 հանդիսատես ընդունել: Հիմնադիրն ասում է՝ քանակն էական չէ, կարեւորը եկողը զգա, որ ի՛ր թատրոնն է եկել, թատրոնն էլ վստահ լինի, որ ի՛ր հանդիսատեսին է  ընդունել: «Ուզում ենք վերականգնել գյումրվա հումորը: 80-ականների վերջերին Գյումրիում Մալոյան Գագիկը հիմնել էր թատերախումբ, կոչվում էր «Ուրախ Գյումրի», փոքրիկ պատմություններ էին բեմադրում, որ շատ լավ էր ընդունվում հանդիսատեսի կողմից, ուզում եմ այդ ավադույթը վերականգնել. որոշել ենք, որ ուրբաթ մեզ մոտ կլինի հումորի օր,-ասում է Հովհաննես Հովհաննիսյանը,-շաբաթվա երկու օրը նվիրելու ենք մանուկներին, կունենանք ներկայացումներ նրանց համար: Երեխաներին դիմավորելու է Սաթո տատը, որ նախ հեքիաթ կպատմի, հետո իհարկե մանուկները կդիտեն ներկայացում: Տարբեր պիեսների վրա ենք աշխատում, դրամատուրգ Հայկ Հակոբյանի «Վայրի ձիերը ցորենի արտում» պիեսն ենք պատրաստվում բեմադրել, արդեն ավարտել ենք փորձերը սեղանի շուրջ, հաջորդը լինելու է Գոգոլի «Քիթը» պատմվածքը»:

Թատրոնը հանդիսատեսի առաջ պաշտոնապես դռները կբացի, երբ գործունեության թույլտվություն ստանան մշակութային օջախները: Հ. Հովհաննիսյանը հույս ունի, որ մեծ խնդիրների առաջ չեն կանգնի՝ փոքր տարածքը, հանդիսատեսի ոչ մեծ թիվը, որոշ ներկայացումներ բացօթյա խաղալու հնարավորությունը թույլ կտան իրենց առավելագույնս անվտանգությունն ապահովելով գործունեություն ծավալել: Ապագայում մտադիր են նաեւ ստուդիա բացել, մանուկներին կրթել, տալ նախնական գիտելիքներ թատերարվեստին վերաբերող, որ ասենք հարեւանին կամ բարեկամին կրկնօրինակող երեխայի ծնողները նրա փոխարեն չորոշեն ապագա մասնագիտությունը:

 

Լուսանկարները՝ Վազգեն Ասատրյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter