
Առինջի համայնքապետը հրաժարականը պայմանավորում է առողջական խնդիրներով
Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Համայնքի ավագանին այսօր վաղաժամկետ դադարեցրել է նրա լիազորությունները:
«Հետքի» հետ զրույցում Գագիկ Սարգսյանը հրաժարականը պայմանավորեց առողջական խնդիրներով։
«Ես արձակուրդում էի գտնվում, որ բուժվեի, չստացվեց։ Դիմել եմ ազատվելու համար։ Ուրիշ բան չեմ կարող ասել»,-ասաց նա։
Հարցին՝ արդյոք նրա հրաժարականը պայմանավորված է այն հանգամանքով, որ հունիսի 19-ին քննչական կոմիտեն նրան մեղադրանք է առաջադրել։ Սարգսյանը նշեց, որ որևէ հարցի այլևս չի պատասխանելու, բավարարվենք այն տեղեկատվությամբ, որը փոխանցեց։
Գագիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հունիսի 14-ին, ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Առինջ համայնքի պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց կազմակերպական-տնօրինչական ու վարչատնտեսական գործառույթները ծառայության շահերին հակառակ օգտագործելու դիտավորությամբ, «Նյու» ՍՊԸ-ի հիմնադիրների, մասնակիցների ու տնօրենի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ վարձակալությամբ տրամադրել են 7.5 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որտեղ համայնքի ղեկավարի որոշումներով ապօրինի կառույցներն օրինականցնելուց հետո և առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու որպես արտադրական շինություններ օտարել են «Նյու» ՍՊԸ-ին։
Գագիկ Սարգսյանը Առինջ համայնքը ղեկավարում էր 2002 թվականից՝ շուրջ 18 տարի:
Լուսանկար՝ Առինջ համայնքի այսօրվա արտահերթ նիստից
Մեկնաբանել