HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վարդան Տողանյան․ «Твой дом առևտրի ցանցից անհետացել են հայկական արտադրության ապրանքները»

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը РБК-ին հայտնել է, որ Твой дом առևտրի կենտրոնների ցանցից անհետացել են հայկական արտադրության ապրանքները։ «Առավոտվանից մեզ դիմել են հայ խոշոր արտահանողները։ Նրանք պատմել են այն մասին, որ Твой дом առևտրի կենտրոնների ցանցից, որը պատկանում է Արազ Աղալարովին և հարևան երկրից այլ անձանց, հեռացրել են հայկական արտադրության բոլոր ապրանքատեսակները»,- նշել է Տողանյանը։

Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանի՝ խոսքը գնում է պահածոյացված ապրանքների, ինչպես նաև հանքային ջրի ու ալկոհոլի մասին։ Փոխարենը, բոլոր վաճառասեղանները լցվել են Ադրբեջանում արտադրված ապրանքներով։ ՀՀ դեսպանը կարծում է, որ սա սադրանք է, որի նպատակն է Ռուսաստանի բոլոր առևտրային կետերը վերածել «Մեծ Լեռնային Ղարաբաղի», որը հղի է վտանգավոր հետևանքներով։ Դեսպանը հավելել է, որ իրենց մոտ են գտնվում հայկական ընկերությունների և առևտրային կենտրոնների մենեջերների նամակագրությունները։ Վերջիններս, բացահայտ հղում կատարելով ղեկավարության հրամաններին, նշում են Հայաստանում արտադրված ապրանքների ընդունման դադարեցման մասին։ Տողանյանը հայտարարել է, որ այս փաստերի մասին ինքն արդեն իսկ հայտնել է համապատասխան գերատեսչություններին։ 

Դեսպանը կարծում է, որ ձևը, որն ընտրել է Твой дом առևտրի կենտրոնների ցանցը, առավել քաղաքակիրթ է, քան Фуд Сити-ի պարագայում, երբ անվտանգության աշխատակիցներն ուժ կիրառելով մարդկանց հեռացնում էին տարածքից։ Այստեղ վաճառասեղաններից ուղղակիորեն հեռացրել են հայկական ծագման ապրանքները:

«Այսօր մեր վաճառքի խորհրդատուները մտել են Твой дом առևտրային կենտրոնների ցանց և պարզել, որ մեր արտադրանքը՝ մուրաբաներ, ջեմեր, հյութեր, կոմպոտներ և պահածոյացված այլ ապրանքատեսակներ, անհետացել են վաճառասեղաններից։ Նույն իրավիճակն էր ցանցի բոլոր վեց խանութներում։ Ապրանքները չկային։ Մենք միանգամից զանգահարել ենք մեր բոլոր գործընկերներին, որոնք վաճառում են հանքային ջուր, ալկոհոլ։ Նրանք ասացին, որ նույն իրավիճակն իրենց մոտ է։ Բեռնատարներին հետ են ուղարկել, իսկ ապրանքները չեն ընդունել։ Այս գործընթացն սկսվել է նախորդ շաբաթ օրվանից»,- РБК-ին պատմել է «Արմտորգ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Բաբայանը։ Նրա ընկերությունն առևտրային ցանցի հետ համագործակցել է 3 տարի։ Բաբայանի խոսքերով՝ բոլոր վաճառասեղանները, որտեղ նախկինում եղել են հայկական ապրանքները, հիմա զբաղեցված են ադրբեջանական ապրանքներով։

Крокус Групп-ը, որը Твой дом առևտրային կենտրոնների ցանցի սեփականատերն է, հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ։ 

Ավելի վաղ, «Հետք»-ը գրել էր, որ Ռուսաստանում և հատկապես Մոսկվայում մեծ խնդիր էր առաջացել հայկական ծիրանի և մյուս մրգատեսակների սպառման համար։ Մասնավորապես, գյուղմթերքի որոշ շուկաներ և սուպերմարկետներ հրաժարվում էին ընդունել հայկական արտադրության ծիրանները։ Պատճառը մեկն էր․ այդ շուկաների կամ սուպերմարկետների սեփականատերերը ադրբեջանցիներ էին, որոնք վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին առկա լարվածության պատճառով, փորձում էին իրենց համերաշխությունը հայտնել ադրբեջանական կողմին։ Նման որոշման պատճառով գյուղմթերքի շուկաներում առաջացել էին հայկական բեռնատարների հերթեր, մրգերի մի մասը փչացել էր։

Հուլիսի 17-ին համացանցում տարածվեց լուր այն մասին, որ Մոսկվայի գյուղմթերքի խոշոր շուկաներից մեկը՝ «Ֆուդ սիթի»-ն չի ընդունում հայկական արտադրության մրգեր և բանջարեղեն։ Բեռնատարների վարորդները հայտնել էին, որ հուլիսի 17-ի կեսգիշերին հայկական բեռնատարները դուրս են բերվել գյուղմթերքի շուկայի տարածքից։ Բացի այդ, կային տեղեկություններ նաև այն մասին, որ այլ շուկաների սեփականատերեր հանդիսացող որոշ ադրբեջանցիներ ստիպում են իրենց ուզբեկ, տաջիկ և դաղստանցի գործընկերներին նույնպես հրաժարվել հայկական արտադրության մրգերի և բանջարեղենի վաճառքից։

Խնդրի լուծման իր ուրույն տարբերակն էր գտել Մոսկվայի հայ համայնքը։ Մոսկվայի հազարավոր հայեր հերթ էին կանգնել գյուղմթերքի շուկաների մոտ՝ ձեռքբերելու հայկական արտադրության ծիրանն ու սալորը։

Լուսանկարը՝ Елена Орлова / Фотобанк Лори

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter