HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

18 և ավելի միավոր ստացած և մրցույթից դուրս մնացած դիմորդների համար ԳԹԿ-ն ելք է փնտրում

Հուլիսի 22-ի երեկոյան Գնահատման և թեստավորման կենտրոնում (ԳԹԿ) ամփոփվել է բարձրագույն պետական հաստատությունների թափուր մնացած տեղերի մրցույթի համար հայտերի քանակը: Դիմել է 522 դիմորդ, որոնք ըստ իրենց նշած հայտերի, որևէ բուհ չէին ընդունվել:

Այս մասին «Հետք»-ին հայտնեցին Գնահատման և թեստավորման կենտրոնից:

Անցողիկ շեմը հաղթահարած, սակայն բուհ չընդունված դիմորդների ընդհանուր թիվը 793-ն է: Այս ուսումնական տարվա դիմորդների թիվը 13 հազար է, որից անբավարար միավոր է ստացել 2200-ը:

Մրցույթից դուրս մնացած դիմորդների շարքում կան նաև 18 և ավելի միավոր ստացածներ: Նման դիմորդները, որոնք որևէ տեղ չեն ընդունվել, վեցն են, ԳԹԿ-ն չնայած այս պահին չունի վերջնական որոշում, սակայն ինչ-որ ելք է որոնում վերջիններիս համար:

Թափուր տեղերի մրցույթի արդյունքները կամփոփվեն հուլիսի 25-ի երեկոյան:

Հիմնականում այս մրցույթում դիմորդները նախապատվությունը տվել են հումանիտար ուղղության առարկաներին` լեզուներ և հայոց պատմություն:

Հիշեցնենք, որ այս տարվա բուհական ընդունելության քննություններն արմատական փոփոխության էին ենթարկվել: Համավարակի պատճառով մեկ մասնագիտական առարկա էր ընտրվել քննության համար, բացի այդ` դիմորդի լրացրած առաջին հայտին գերակայություն էր տրվել, ինչն էլ հանգեցրել էր իրավիճակի, որ օրինակ՝ իրավագիտության ֆակուլտետ առաջին հայտով դիմած դիմորդը, ստանալով 18,75 միավոր, չէր ընդունվել որևէ բուհ: Քիչ չէին նաև դեպքերը, երբ քսան միավոր ստացած դիմորդը ընդունվել էր վճարովի համակարգ, այս դեպքում որպես չափորոշիչ էին ընտրվել ավարտական վկայականի գնահատականներն ու ոսկե մեդալի առկայությունը:

Դիմորդներից շատերը, սակայն, պնդում են, որ իրազեկված չեն եղել առաջին հայտի գերակայության մասին և արդեն մի քանի բողոքի ակցիաներ են իրականացրել տարբեր գերատեսչություների դիմաց, այդ թվում` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության: Վերջիններս նաև հանդիպում ունեցան ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ, փոխնախարարը հայտնեց, որ նախարարությունում քննարկել են հեռակա քննությունները մեկ քննությամբ անցկացնելու հարցը, և առկա ուսուցման կարգում դրական միավորներ ստացած դիմորդներին հնարավորություն կընձեռվի, առանց նոր քննության, դիմել հեռակա` փոխանցելով արդեն իսկ ստացած միավորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter