HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Հայաստանի ՏՏ ընկերությունները կորցնում են էժան աշխատուժի առավելությունը

Դոլարի արժեզրկման (կամ դրամի արժեւորման) պատճառով տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների ծախսերն ավելացել են 20-25 տոկոսով:

ՏՏ ընկերությունների տնօրենները լրջորեն մտահոգված են: Նրանց արտադրանքի մեծ մասն արտահանվում է: Իսկ դրա դիմաց ստացած դոլարը չի արդարացնում կատարած ծախսերը:

«Շատ ենք տուժում դոլարի արժեզրկումից: Արտասահմանյան պատվիրատուների հետ պայմանագրեր կնքում ենք հիմնականում դոլարով: Եվ քանի որ պայմանագրերը սովորաբար երկարաժամկետ են լինում, ստացվում է, որ կատարած աշխատանքների դիմաց ինքնարժեքից ցածր վարձատրություն ենք ստանում»,- ասում է «Sourcio» ընկերության տնօրեն Հովհաննես Ավոյանը:

Վերջին երկու-երեք տարիների ընթացքում դոլարն արժեզրկվել է մոտ 200 դրամով' 540 -ից հասել է մինչեւ 381 դրամի: Պրն Ավոյանի կարծիքով' սա ամենից շատ ազդում է հատկապես փոքր եւ միջին ընկերությունների վրա:

«Հիմա նոր պայմանագրեր կնքելիս ստիպված ենք ավելի շատ գումար պահանջել պատվիրատուներից: Սա կհանգեցնի նրան, որ մենք կտուժենք մրցակցության դաշտում: Բնականաբար, պատվիրատուները կսկսեն ուրիշ երկրներում փնտրել գործընկերներ, որոնք պատրաստ կլինեն նույն աշխատանքն ավելի էժան գնով կատարել: Եթե ավելացնենք Հայաստանում աշխատելու մյուս բարդությունները' Ինտերնետի եւ գործնական ճամփորդությունների թանկությունը, ապա շահույթով աշխատելը դառնում է ավելի ու ավելի դժվար»,- համոզված է պրն Ավոյանը:

«Sourcio»-ն (www.sourcio.com) ՏՏ ոլորտում խորհրդատվական ընկերություն է, որը մասնագիտացած է բաց կոդով ծրագրավորման տեխնոլոգիաներում եւ առաջարկում է ծառայություններ եւ տեխնոլոգիական լուծումներ փոքր եւ միջին ձեռնարկությունների համար: Ընկերությունը գործընկերային կապեր է հաստատել Red Hat, Sun Microsystems եւ Novell ընկերությունների հետ:

«Տարվա սկզբին մեր պատվիրատուի հետ կնքեցինք մի պայմանագիր, բայց հիմա խնդրում ենք, որ վերանայեն մեր նախկին համաձայնությունը: Փաստորեն, իզուր պոտենցիալ կոնֆլիկտ ենք ստեղծում: Այն աշխատանքը, որը մեզ համար պետք է եկամտաբեր լիներ, դարձավ վնասաբեր: Կատարված պատվերի ինքնարժեքը 20-25 տոկոսով մեծացել է: Դա նշանակում է, որ որքան շատ ենք աշխատում, այնքան ավելի շատ վնաս ենք ստանում»,- ասում է «Sourcio» ընկերության տնօրենը:

Դոլարի արժեզրկումն անհանգստացնում է նաեւ Հայաստանում ՏՏ ոլորտի համեմատաբար խոշոր ընկերություններին: Դոլարի արժեզրկման պատճառով Հայաստանում մասնաճյուղեր ունեցող մայր ընկերությունները ստիպված են ամեն ամիս ավելի շատ գումար ծախսել Հայաստանում իրենց ներկայացուցչությունը պահելու համար:

«Բոլոր խոշոր ընկերություններն իրենց ծախսերը պլանավորում են ամենաքիչը մեկ տարվա կտրվածքով: Եվ ցանկացած չնախատեսված փոփոխություն ազդում է տարվա բիզնես պլանների վրա: Ստեղծված անկայունությունը կարող է ազդել ցանկացած ընկերության ցուցանիշների վրա: Պարզ է, որ ՏՏ ոլորտում խոշոր ընկերությունների մեծամասնությունը բաց բաժնետիրական են, եւ նրանց բաժնետոմսերը վաճառվում են միջազգային շուկաներում: Եվ շատ հնարավոր է, որ ընկերության ցուցանիշները հետագայում ազդեն բաժնետոմսերի գնի վրա: Իսկ բաժնետերերը, որեւէ ներդրում անելուց առաջ, կանխատեսումները հիմնականում անում են ցուցանիշների հիման վրա»,- ասում է «Synopsys» ընկերության «HPLA» հայաստանյան դուստր ընկերության տնօրեն Անդրանիկ Հովհաննիսյանը:

«Synopsys» ընկերությունը զբաղվում է կիսահաղորդչային նախագծման ծրագրային ապահովման եւ մտավոր սեփականության նախագծման աշխատանքներով:

«Synopsys» ընկերությունն այժմ նոր գրասենյակի շինարարություն է իրականացնում, եւ դրա համար զգալի ներդրումներ են նախատեսված, որոնք ավելացել են 20 տոկոսով: Պրն Հովհաննիսյանի կարծիքով' նույնիսկ այսպիսի խոշոր ընկերության համար, ինչպիսին է «Synopsys»-ը, դա զգալի գումար է:

Ինչպե՞ս ապահովագրել բիզնեսն արժութային ռիսկերից

Նոյեմբերի 2-ին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը կազմակերպեց սեմինար «Արժութային ռիսկերի նվազեցման գործիքներ» թեմայով: Հրավիրված մասնագետները ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարներին առաջարկեցին առաջադրված խնդրի լուծման մի քանի տարբերակներ:

Արտարժույթի փոխարժեքի տատանումներից ապահովագրվելու եւ դրա ազդեցությունը կառավարելի դարձնելու համար մասնագետները խորհուրդ տվեցին կիրառել «ածանցյալ» գործիքներ:

Ածանցյալ գործիքը նույն արտարժույթի առքն ու վաճառքն է, որի գործարքը կատարվում է ապագայում: Օրինակ' ենթադրենք որեւէ ընկերություն ստանում է 6 ամիս տեւողությամբ պատվեր, եւ գործարքը կնքում է դոլարով: 6 ամիս հետո կատարված աշխատանքի դիմաց ստանում է պայմանագրով նախատեսված գումարը: Սակայն, քանի որ դոլարն արժեզրկվել է, այդ գումարը չի փակում 6 ամսվա ընթացքում կատարված ծախսերը: Արդյունքում պատվեր կատարողն ավելի շատ աշխատանք է անում, քան՝ ստանում դրա դիմաց: Ի՞նչ անել եւ ինչպե՞ս ապահովագրվել այս ռիսկից:

«Բանկը կարող է գործարարին առաջարկել կնքել «ֆորվարդ» պայմանագիր: Այսինքն՝ բանկը եւ հաճախորդը պայմանավորվում են, որ 6 ամիս կամ մեկ տարի հետո, անկախ այն հանգամանքից, թե ինչ կարժենա դոլարը, հաճախորդը կկարողանա բանկին վաճառել իր դոլարը նախապես պայմանավորված գնով»,- բացատրում է Կենտրոնական բանկի ներկայացուցիչ Արման Փոթիկյանը:

Պայմանագրի մեջ որոշվում է գինը, գումարի ծավալը եւ ժամկետը: Բնականաբար, բանկն է որոշում, թե որ գնով կգնի դոլարն ապագայում: Իհարկե, չի բացառվում, որ որոշ ժամանակ հետո դոլարն ավելի շատ կարժենա, քան նախապես պայմանավորվել էին բանկն ու հաճախորդը: Սակայն բանկային համակարգի մասնագետները պնդում են, որ նրանց խնդիրը ՏՏ ոլորտի ընկերությունների զարգացումը չէ, այլ' ընդամենը նրանց բիզնեսի ապահովագրումը:

«Մենք միայն առաջարկում ենք ապահովագրել բիզնեսը փոխարժեքի տատանումներից: Սա գործարարին հնարավորություն կտա միայն խուսափել անկայունությունից, զերծ մնալ հանկարծակի գերկորուստներից եւ աշխատել որոշակի կայուն միջավայրում: Ֆիքսելով որոշակի գումար' գործարարը կարող է ըստ դրա պլանավորել իր ծախսերը եւ դա ընդունել որպես հենակետ»,- ասում է «ArmSwiss» բանկի դիլեր Կարեն Տուրյանը:

«ArmSwiss» բանկն այսօր պատրաստ է հաճախորդի հետ կնքել պայմանագիր այն մասին, որ ապագայում կգնի որոշակի քանակությամբ դոլար 376 դրամ 47 լումայով:

Այսօր Հայաստանում դոլարն արժե 381-383 դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter