HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մահակներով և մետաղյա ձողերով զինված ադրբեջանցիների խումբը Մոսկվայում հարձակվել է Армянский дом ռեստորանի վրա

Մոսկվայում փայտե մահակներով և մետաղյա ձողերով զինված ադրբեջանցիների խումբը հարձակվել է Армянский дом ռեստորանի վրա, որը գտնվում է Ռուսաստանի մայրաքաղաքի հարավարևմտյան մասում՝ Սալարևո մետրոյի կայարանի հարևանությամբ։ 

«Սալարևոյում, որը գտնվում է Նոր Մոսկվայում, փայտե մահակներով և մետաղյա ձողերով զինված մի խումբ ադրբեջանցիներ ավերել են հայերին պատկանող ռեստորանը։ Իսկ ավելի վաղ, մի խումբ հայեր փայտե մահակներով ներխուժել էին Բրատիսլավայի փողոցում գտնվող ադրբեջանական ռեստորան և ջարդել այն<...> Մայրաքաղաքի այլ շրջաններում ևս բախումներ են գրանցվել հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների միջև»,-«РБК» գործակալությանը հայտնել է դեպքի վայրում գտնվողներից մեկը։

Տելեգրամի Baza ալիքի տվյալներով՝ Армянский дом ռեստորանի վրա հարձակվել է մոտ 20 մարդ։ Նրանք ավտոմեքենաներով մոտեցել են ռեստորանին, որից հետո ներխուժել ռեստորան, սկսել ավերել ռեստորանի ներսն ու ցուցափեղկերը, ծեծել ադմինիստրատորին։ Ռուսաստանի հայերի միության անդամ Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ ադրբեջանցիների խմբի հարձակումը տևել է մոտ 10 րոպե։

Ավելի վաղ,  «360» հեռուստաընկերությունը հայտնել էր, որ հուլիսի 24-ի գիշերը ադրբեջանցիների խմբերը Մոսկվայում կանգնեցրել են հայկական համարանիշներով ավտոմեքենաները և ծեծի ենթարկել մեքենաների ներսում գտնվող անձանց։ Հեռուստաընկերությունը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ մի քանի երիտասարդներ ջարդում են հայկական պետհամարանիշներով սպիտակ ավտոմեքենան։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է հարձակում գործած անձանցից մեկը ջարդում մեքենայի կողապակին և հարվածներ հասցնում վարորդի գլխին։ Զուգահեռաբար, մեկ ուրիշը ցատկում է մեքենայի վրա և ոտքերով հարվածում դիմապակուն։

РБК-ն նշում է, որ բախումների ժամանակ վիրավորվել է մեկ մարդ։ Բժիշկները նրան ցուցաբերել են օգնություն և դուրս գրել հիվանդանոցից, որից հետո տուժողը տարվել է ոստիկանության բաժանմունք։

Մոսկվայի ոստիկանությունը հայերի և ադրբեջանցիների բախումների փաստերով արդեն իսկ հարուցել է քրեական գործ։ Բերման է ենթարկվել 25 մարդ։

Պաշտոնական Երևանը տեղի ունեցածում մեղադրում է Ադրբեջանի իշխանություններին, որոնք, հայերի նկատմամբ սերմանում են ագրեսիվ հռետորաբանություն և ատելություն։

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը «Говорит Москва» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ լավ կազմակերպված խմբերը, որոնք եղել են զինված, հետևել և հարձակվել են հայկական համարներով ավտոմեքենաների կամ ազգությամբ հայերի վրա ու սկսել ծեծկռտուք։ Բացի այդ, Վարդան Տողանյանը կոչով դիմել է հայ համայնքի ներկայացուցիչներին չմասնակցել որևէ հավաքների, ակցիաների, որոնք կարող են ուղղված լինել ադրբեջանցիների դեմ։

Լուսանկարը՝ armyanski-dom.ru-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter