HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեջքիդ շալակա՞ծ ես բարձրացնելու»

Մհեր Ենոքյան,

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Բոլորիս ազատությունների և իրավունքների հիմքում համաձայն մայր օրենքի՝ Սահմանադրության, Մարդու արժանապատվությունն է: Արժանապատվության հարգման խնդիրը, թերևս, առավել ցայտուն է փակ հաստատություններում: Քաղաքակիրթ երկրներում ազատությունից զրկված լինելն ինքնին պատիժ է, և արգելվում է որևէ կերպ նվաստացնել մարդու արժանապատվությունը: Իսկ ինչպես է այս հարցում իրավիճակը Հայաստանի բանտերում: 25-րդ տարին է, կամա, թե ակամա, ուսումնասիրում եմ «Նուբարաշեն» բանտում բանտապահ-ազատազրկված փոխհարաբերությունները: 

Այստեղ բացարձակ նշանակություն չունի, թե որ միկրոսոցիումի խմբին է պատկանում ազատազրկվածը` դատապարտյալ է, թե կալանավոր, քրեական ենթամշակույթը կրող, թե ոչ և այլն, երբ որևէ ազատազրկված պետք է տեղաշարժվի մեկ հարկից մյուսը, ապա կլսեք այսպիսի արտահայտություններ. «արի քեզ բարձրացնեմ 5-րդ հարկ», «հսկիչին ասա, թող Ա-ին իջացնի նեքև» և այլն: Նման մոտեցումները, արտահայտությունները բոլորի համար այնքան սովորական են դարձել, որ, սովորաբար,  ոչ մի վիրավորական բան չեն տեսնում:

Այս և նմանատիպ հարցերի նկատմամբ զգայուն եմ և մի քանի անգամ ասել եմ կարծիքս՝ մարդը բեռ չի, որ բարձրացնեն կամ իջեցնեն, այլ հարկավոր է օգտագործել «ուղեկցել» բառը: Աշխատակիցները սկզբից զարմացած նայում են, հետո ընդունում են ասածս և ոմանք փորձում առհասարակ հաղթահարել խորհրդային ժամանակաշրջանից եկած իներցիան, ոմանք էլ զգուշացվելուց հետո բարեկիրթ  ձևով են դիմում:

Այս տարիներին հենց այս հարցի հետ կապված միայն մեկ անգամ եմ ընդվզում տեսել, երբ հսկիչի հրահանգին. «Ստեղ կանգնի՛, հեսա կգա՛մ` կբարձրացնեմ վերև», կալանավորն արձագանքեց. «Մեջքիդ շալակա՞ծ ես բարձրացնելու»:  

Եթե չեմ սխալվում, տարիներ առաջ հոդվածներիցս մեկում գրել էի, որ բանտի պաշտոնյաներից մեկը, երբ ազատազրկված անձինք հերթով նստում էին «Վորոնյոկ» կոչված մեքենան, հարցնում էր. «բոլորին բարձեցի՞ք»:  Եթե ազատազրկված ես, ուրեմն մարդ չես` ապրանքին հավասարազոր ես: Հին աշխատակիցներից մեկը, ով վաղուց թոշակի է անցել, երբ զրուցում էինք այս թեմայի շուրջ, ասում էր. «Մհե՛ր, համաձայն եմ, բայց դե՛ մեր երկրում ի՞նչ պատժի նպատակ, ի՞նչ վերասոցիալականացում. պետությունը դատում ա` տալիս ա մեզ, որ պահենք բանտում: Դուրս ա գալիս, որ մենք պահակներ ենք, պետն էլ` պահեստապետ, իսկ քո պատկերացումները երևի զարգացած եվրոպական երկրներում լինեն»:

2001 թվականին Հայաստանը դարձավ Եվրոպայի Խորհրդի անդամ երկիր: Կամաց-կամաց և ստիպողաբար ազատազրկվածների արժանապատվությունը սկսեցին գոնե որոշ չափով հարգել: Օրինակ` ներկայումս վերջապես հասանք նրան, որ 20մ²  բանտախցերում ստիպողաբար չեն տեղավորում մինչև 17 հոգի, և Հայաստանը պարտավորվեց յուրաքանչյուր անձի  առնվազն 4 քմ² տարածք տրամադրել: Միայն ԵԽ-ին անդամակցելուց հետո և միջազգային ու տեղական իրավապաշտպան կառույցների գործունեության արդյունքում գրեթե վերացավ ծեծն ու ջարդը բանտում և, կարծում եմ, այլ ազատազրկման վայրերում, իսկ ոստիկանություններում դժվարանում եմ ասել, թե այժմ ինչպիսին է վիճակը:

Քրեակատարողկան հիմնարկներում, որքանով հիշում եմ, 2005թ-ից կամաց-կամաց սկսեցին ձևավորվել ՍՀԻԱ բաժինները(սոցիալական, հոգեբանական, իրավական աշխատանքների): Այս բաժնի աշխատանքի կարևորությանը բազմիցս եմ անդրադարձել իմ նամակ-հոդվածներում և կարևորել դրա անհրաժեշտությունը: Լավ հիշում եմ` երբ բանտ էին աշխատանքի ընդունվում հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, այլ բաժինների, օրինակ` անվտանգության ապահովման կամ օպերատիվ բաժինների աշխատակիցները ասում էին` ի՞նչ գործ ունեն նրանք բանտում, սա զինվորականացված հիմնարկ է: Սկզբնական շրջանում ՍՀԻԱ բաժնի աշխատակիցը բանտարկյալների մոտ ընկալվում էր, որպես «հեռախոսի մարդ»: Այսպես էին ասում, քանի որ թույլատրվել էր դատապարտյալներին ամիսը մեկ ունենալ 10 րոպեանոց զանգ, և «հեռախոսի մարդը» տաքսաֆոնի մոտ էրուղեկցում ու գրանցում կատարում, այլ գործառույթներ նրանք փաստացի չէին իրականացնում սկզբում: Հետո հետաքրքրվողները տեղեկացան, որ իրականում նրանք պետք է իրականացնեն բազմաթիվ կարևոր աշխատանքներ: Օրինակ` կազմենանհատական ուղղման ծրագրեր, միջոցառումներ և այլն: Հոգեբանների խնդիրը առավել ցայտուն է, նախ այն պատճառով, որ չի կարող մեկ հոգեբանն արդյունավետ աշխատել հարյուրավոր բանտարկյալների հետ:

Ներկայումս ստեղծված է մի իրավիճակ, երբ, անշուշտ, կարևորելով այս բաժնի անհրաժեշտությունը, մենք բախվում ենք այն իրողությանը, որ հենց այս բաժինն է ներկայումս դարձել ՔԿ ծառայության ամենռիսկայինը պատշաճ վարչարարության տեսանկյունից: Պատճառն այն է, որ գնալով է՛լ ավելի է կարևորվել այս բաժնի դերը` նրանք են բնութագրեր տալիս դատապարտյալներին, ինչի հիման վրա էլ լուծվում են պայամանական վաղաժամկետ ազատվելու և ռեժիմային փոփոխությունների հարցերը:

Ինչպես յուրաքանչյուր ոլորտում, այդպես էլ քրեակատարողական, ակնհայտ է, որ կառավարության կողմից նոր ծրագրերի, նոր քաղաքականության հռչակումով ոչ մի բան չի փոխվի, եթե չկան գործուն մեխանիզմներ դրանք կյանքի կոչելու:

Այս ամենով հանդերձ՝ ես հավատում եմ, որ քրեակատարողական ոլորտում կան մասնագետներ, ովքեր ցանկանում են իրական փոփոխություններ, սակայն ՀՀ կառավարության` վերասոցիալականացման քաղաքականության ուղին կյանքի կոչելը դարձել է դժվարին խնդիր, քանի որ պատժողական քաղաքականությունը դեռ իներցիայով առկա է: Այստեղ մեծ դեր կարող է և պետք է խաղալ արդարադատության նախարարությունը, որը վերադաս մարմին է: Որտեղ կան հայեցողական լիազորություններ և դրանք հստակ սահմանված չեն, այդտեղ չի կարող իրականացվել պատշաճ վարչարարություն: Ուստի, պետք է հնարավորինս հստակեցվեն չափորոշիչները, որ նվազի հայեցողությունը:

Դատապարտյալների բնութագրերի, նրանց պահման պայմանների և պայմանական վաղաժամկետ ազատման հարցերի հետ կապված կոռուպցիոն ռիսկերի նվազեցման մեջ շատ կարևոր է արդարադատության նախարարության դերը և դիրքորոշումն՝ ի դեմս նախարար Ռուստամ Բադասյանի: Երբ նա նշանակվեց այս պաշտոնում, դիմեցի` առաջարկելով, ինչպես պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կիրառման պարագայում, ներդնել բալային համակարգ նաև ռեժիմների փոփոխման ինստիտուտում, որպեսզի հնարավորինս բացառվեն կամայական մոտեցումները: Ցավոք, առաջարկս դեռ չի ընդունվել, որ կարող էր կանոնակարգել այս դաշտը: Արդարադատության նախարարությունը հավանաբար կաշկանդվում է դատախազությունից, որը խորհրդային ժամանակաշրջանից ի վեր հաստատել է իր դերը` իրականացնել պատժողական քաղաքականություն նաև ՔԿՀ-ներում, ինչը ներկայումս հակասում է կառավարության՝ առայժմ միայն թղթի վրա որդեգրած վերականգնողական արդարադատության քաղաքականությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter