
Բուհեր չընդունված դիմորդները դատական կարգով վիճարկելու են Կառավարության որոշման իրավաչափությունը
Անցողիկ շեմը հաղթահարած, սակայն բարձրագույն ուսումնական հաստատություններ այդպես էլ չընդունված դիմորդների մի մասը պատրաստվում է դատական կարգով վիճարկել Կառավարության ընդունած նորմատիվ իրավական ակտի իրավաչափությունը:
Այս մասին մեզ հետ զրույցում ասաց դիմորդների շահերի ներկայացուցիչ, «Կոնտրա լեգեմ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Նման դիմորդների թիվը, ըստ փաստաբանի մեկ հարյուրը արդեն հատել է, սակայն լիագորագրերի ստացման գործընթացը դեռ ավարտված չէ, նախատեսված են նաև մարզային այցեր, որպեսզի այնտեղի դիմորդները ևս հնարավորություն ունենան լիազորագրեր ներկայացնել:
«Նախ, դիմելու ենք Վարչական դատարան և վիճարկենք Կառավարության ընդունած նորմատիվ իրավական ակտի իրավաչափությունը, քանի որ մեր թիմի մասնագիտական կողմնորոշումն այն է, որ այն հակասում է առնվազն երկու օրենքի` Կրթության և Բարձրագույն ու հետբուհական մասնագիտական կրթության մասին»,-ասաց նա:
Փաստաբանն այն կարծիքին է, որ Կառավարության ընդունած նորմատիվ իրավական ակտը անհամատեղելի է նաև Սահմանադրության հետ, հետևաբար պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան` վիճարկելու որոշման սահմանադրականության հարցը: Բուհեր չընդունված դիմորդների ներկայացուցիիչը նաև չբացառեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը:
Հիշեցնենք, որ այս տարվա բուհական ընդունելության քննություններն արմատական փոփոխության էին ենթարկվել: Համավարակի պատճառով մեկ մասնագիտական առարկա էր ընտրվել, բացի այդ` դիմորդի լրացրած առաջին հայտին գերակայություն էր տրվել, ինչն էլ հանգեցրել էր իրավիճակի, որ օրինակ՝ իրավագիտության ֆակուլտետ առաջին հայտով դիմած դիմորդը, ստանալով 18,75 միավոր, չէր ընդունվել որևէ բուհ: Քիչ չէին նաև դեպքերը, երբ քսան միավոր ստացած դիմորդը ընդունվել էր վճարովի համակարգ, այս դեպքում որպես չափորոշիչ էին ընտրվել ավարտական վկայականի գնահատականներն ու ոսկե մեդալի առկայությունը:
Դիմորդներից շատերը, սակայն, պնդում են, որ իրազեկված չեն եղել առաջին հայտի գերակայության մասին և արդեն մի քանի բողոքի ակցիաներ են իրականացրել տարբեր գերատեսչություների դիմաց, այդ թվում` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության: Վերջիններս նաև հանդիպում ունեցան ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ, փոխնախարարը հայտնեց, որ նախարարությունում քննարկել են հեռակա քննությունները մեկ քննությամբ անցկացնելու հարցը, և առկա ուսուցման կարգում դրական միավորներ ստացած դիմորդներին հնարավորություն կընձեռվի, առանց նոր քննության, դիմել հեռակա` փոխանցելով արդեն իսկ ստացած միավորը:
Անցողիկ շեմը հաղթահարած, սակայն բուհ չընդունված դիմորդների ընդհանուր թիվը 793-ն է: Այս ուսումնական տարվա դիմորդների թիվը 13 հազար է, որից անբավարար միավոր է ստացել 2200-ը:
Ըստ Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալների` 522 դիմորդ դիմել է թափուր տեղերի մրցույթի համար. ԳԹԿ-ն դեռևս չի ամփոփել մրցույթի արդյունքները:
Մեկնաբանել