HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդուհի Զաքարյան

«Մխիթար Գոշ» համալսարանն առանց տանիքի է թողնում 49 ընտանիք

2003 թվականի սեպտեմբերի 30-ին Պետական գույքի կառավարման վարչության եւ «Մխիթար Գոշ» ՍՊԸ-ի հիմնադրած «Մխիթար Գոշ» հայ-ռուսական համալսարանի միջեւ պայմանագիր է կնքվում, որի համաձայն ՍՊԸ-ն սեփականության իրավունքով Երեւանի Սեբաստիա 3ա հասցեում ձեռք է բերում 11 հազար 750 քմ հող եւ մոտ 9 հազար 800 քմ տարածությամբ շինություններ' 7 մասնաշենք: Մասնաշենքերի 1քմ-ն կառավարությունը վաճառել է մոտ 2000 դրամով, այն դեպքում, երբ, «Տիգրիս» անշարժ գույքի գործակալության տեղեկանքի համաձայն, այդ ժամանակահատվածում տվյալ տարածքում հողի 1քմ-ն արժեր մոտ 62.000 դրամ ( 147 դոլար):

Հողատարածքը հայ-ռուսական համալսարանին տրվել է վարձակալությամբ' 99 տարի ժամկետով: Եվ քանի որ նշված 7 մասնաշենքերից մեկը 1998-ից ծառայում էր որպես հանրակացարան, որտեղ բնակվում էր 49 ընտանիք' 114 մարդ, ուստի կառավարությունը նման ցածր գումարի դիմաց պայմանագրի 5.3.2 կետով «Մխիթար Գոշին» պարտավորեցրել է բոլոր հայաստանաբնակ ընտանիքներին (հ անրակացարանում ապրում են նաեւ փախստականներ, որոնց բնակարանային խնդիրները լուծում է համապատասխան վարչությունը) ապահովել կացարաններով կամ վճարել բնակարանին համապատասխան գումար: Նույն պայմանագրի համաձայն' պարտավորությունները պատշաճ չկատարելու դեպքում հայ-ռուսական համալսարանը կարող էր զրկվել սեփականության իրավունքից:

Պայմանագրի կնքումից անմիջապես հետո «Մխիթար Գոշ» հայ-ռուսական համալսարանը հայտնաբերեց, որ բնակիչներն անօրինական են ապրում հանրակացարանում, եւ շտապեց վտարման հայցով դիմել դատարան:

«...1998 թվականից ապրում եմ այս հանրակացարանում: Բոլորս էլ թաղապետ Զատիկյանի ստորագրած թույլտվությամբ էինք ապրում այստեղ: 2000-ին միայն իմ եւ երեխաներիս անձնագրում գրանցեցին այս հասցեն: Երբ նոր սեփականատերը հայտնվեց, հենց առաջին իսկ օրվանից էլ ընկանք այս քաշքշուկների մեջ: Տարբեր ընտանքիներին տարբեր մոտեցումներ են ցույց տալիս: Ոմանց մոտ 3.000 ԱՄՆ դոլարի չափով գումար են տվել, եւ նրանք էլ վերցրել են ու գնացել»,- պատմում է Երեւանի Սեբաստիա թաղամասի բնակիչ Տաթեւիկ Անտոնյանը:

«Մխիթար Գոշ» հայ-ռուսական համալսարանն էլ իր բացատրությունն ունի: Պրոռեկտոր Ռաֆիկ Գրիգորյանն ասաց, որ բոլոր բնակիչներն էլ ապօրինի են տարածքներ զբաղեցնում, սակայն այն ընտանիքներին, որոնց տեսել են հենց առաջին իսկ օրվանից, նրանց տալիս են փոխահատուցում:

«Առանց խախտումների ձեռք ենք բերել սեփականությունը, իսկ բնակիչները ոչ մի փաստաթուղթ չունեն: Ոմանց էլ նույնիսկ փոխհատուցում ենք տվել, նորմալ վերցրել, գնացել են: Բայց կան այնպիսինները, որոնք նույնիսկ չեն էլ ապրել սենյակում, հիմա էլ եկել, ինչ-որ բան են պահանջում»,- ասում է Ռաֆիկ Գրիգորյանը:

Պարոն Գրիգորյանը շեշտեց, որ խոսքը վերաբերում է Լարիսա եւ Սյուզաննա Հարությունյաններին. «Նույն Լարիսա Հարությունյանը երբեք չի ապրել այստեղ, չենք էլ տեսել նրան: Թողել գնացել է իր համար Լեհաստան, անչափահաս երեխային մորաքույրներն են պահում, հիմա էլ դատարանով ուզում է փոխհատուցու՞մ ստանալ»:

1998 թվականից Լարիսա Հարությունյանը դստեր հետ բնակվել է հանրակացարանում: Դա են վկայում նաեւ վճարված կոմունալ վարձերի թերթիկները: Հետագայում Լարիսան կյանքն ինչ-որ չափով բարելավելու նպատակով 2000-ին մեկնում է Լեհաստան' աշխատելու: 2005-ին վերադառնում է Հայաստան' Սյուզիին տեսակցելու եւ նորից մեկնում: Որոշ ժամանակ անց 16-ամյա Սյուզին վտարվում է: Ներկայումս նա բնակվում է մորաքրոջ տանը:

Երրորդ անձանց օգտին կնքված պայմանագրով «Մխիթար Գոշն» իր սեփականության վկայականում պետք է գրանցեր նաեւ բոլոր 114 բնակիչների սեփականության օգտագործման իրավունքը, սակայն բնակիչների իրավունքը գրանցվում է միայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթի տարածքային ստորաբաժանման միասնական մատյանում: Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի, դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշմամբ ճանաչում է բնակիչների սեփականության օգտագործման իրավունքը, եւ «Մխիթար Գոշի»-ին իրավունք է տալիս վտարել նրանց' բնակելի տարածության օգտագործման իրավունքի դիմաց փոխհատուցում տրամադրելու պայմանով: Համալսարանը տարբեր չափերի փոխհատուցումներով որոշ ընտանիքների հետ հարցը լուծել է, սակայն Լարիսա Հարությունյանին, հանրակացարանում չապրելու պատճառաբանությամբ, զրկել է փոխհատուցումից: Վերջինս փաստաբաններ Յուրա եւ Վլադիմիր Հայրապետյանների օգնությամբ դիմում է Վերաքննիչ դատարան:

Յուրա եւ Վլադիմիր Հայրապետյաններին Շենգավիթի Կադաստրի տարածքային ստորաբաժանումը տրամադրում է մի փաստաթուղթ, որով ստորաբաժանման պետը հայտնում է, որ բոլոր 114 բնակիչների սեփականության օգտագործման իրավունքը տարածքային կադաստրում գրանցված է: Իսկ դա նշանակում է, որ բնակիչներին սեփականության օգտագործման իրավունքի փոխհատուցումը պետք է հաշվարկվի ոչ թե տվյալ տարածքի վարձավճարի չափով, այլ բնակմակերեսին համապատասխան, որը, անշուշտ, ավելի մեծ գումար է կազմում: Հենց այս փաստաթղթի հիման վրա էլ փաստաբանները նույն ժամանակահատվածում մեկ այլ ընտանիքի' Անտոնյան Տաթեւիկի եւ իր երեխաների անունից հակընդդեմ հայց են ներկայացնում Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարան: Իսկ Վերաքննիչ դատարանին միջնորդում են կասեցնել Լարիսա եւ Սյուզաննա Հարությունյանների գործի քննությունը մինչեւ առաջին ատյանի դատարանի կողմից Անտոնյանների գործով որոշման կայացումը: Միջնորդությունը բանավոր մերժվում է, եւ երկու տարբեր ատյանների դատարաններում զուգահեռաբար քննվում են նույն բովանդակությամբ հայցեր:

Փաստաբանները գրավոր դիմում են ներկայացնում Վերաքննիչ դատարան, որը գրանցում են դատարանի գրասենյակում, եւ խնդրում մերժումը գրավոր տրամադրել: Սակայն դատարանն այդպես էլ չի պատասխանում:

«Մենք արդեն իսկ այդ ժամանակ գիտեինք, որ գործը Ստրասբուրգ է հասնելու, իսկ Եվրադատարանում բոլոր խախտումները պետք է պատշաճ մակարդակով ներկայացնել, դրա համար էլ ամեն ինչ գրավոր էինք անում, գրանցում ու նույնն էլ դատարանից էինք պահանջում: Հենց Եվրադատարանում էլ բոլոր խախտումներն ու ապօրինությունները ջրի երես դուրս կգան: Իհարկե, երկար գործընթաց է մեզ սպասում, բայց' ոչ անհույս, քանի որ Եվրադատարանում գործ անցկացնելու փորձ ունենք եւ հաջողությունների ենք հասել»,- ասում է փաստաբան Յուրի Հայրապետյանը:

Դրանից հետո Հայրապետյանները դիմում են Վճռաբեկ դատարան' բողոքարկելով Վերաքննիչ դատարանի գործողությունները, որը չի կասեցնում գործի քննությունը: Միաժամանակ վճռաբեկ բողոք են ներկայացնում նաեւ Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատավոր Կարեն Ֆարխոյանի' «Մխիթար Գոշի» օգտին կայացրած որոշման դեմ, որի համաձայն, ինչպես վերը նշել ենք, ճանաչվել էր բնակիչների սեփականության օգտագործման իրավունքը եւ նշանակվել փոխհատուցման չափը որոշող «ապրանքագիտական փորձագիտություն»: Այս երկու դիմումներն էլ առանց քննության Վճռաբեկ դատարանը վերադարձրել է' պատճառաբանելով, որ պահպանված չէ վճռաբեկ բողոքի ձեւը:

«Վերջերս մեր փաստաբանական պրակտիկայում գրվել է մի քանի վճռաբեկ բողոք, եւ սա արդեն երկրորդ անգամ է, որ ետ են վերադարձնում նման պատճառաբանությամբ, սակայն չեն էլ մերժում, որ հնարավորություն տան մեկ ամսվա ընթացքում նոր ձեւակերպումով բողոք ներկայացնել»,- ասում է Յուրի Հայրապետյանը:

Վճռաբեկի կողմից բողոքների վերադարձը նշանակում էր, որ ուժի մեջ է մտնում առաջին ատյանի դատարանի որոշումը' վտարում սեփականության օգտագործման իրավունքի փոխհատուցման պայմանով: Ուստի փաստաբաններ Հայրապետյանները Վերաքննիչ դատարան են ներկայացնում նոր միջնորդություն' բացատրել, թե ինչու է դատարանը նորից քննում Լարիսա Հարությունյանին փոխհատուցում տալու-չտալու հարցը:

«Այս հանգամանքը ոչ մի կերպ չէր մտնում նիստը նախագահող դատավոր Աստղիկ Խառատյանի նախագծերի մեջ, քանի որ նա արդեն իսկ կողմնորոշվել էր մերժել մեր հայցը եւ չէր էլ թաքցնում դա: Բացի այդ, տիկին Խառատյանն անցել էր բոլոր դատավարական եւ էթիկական նորմերի սահմանները. բացահայտ սպառնում էր եւ գրեթե միշտ զրկում մեզ արտահայտվելու իրավունքից: Այս պայմաններում մենք ստիպված էինք բացարկ հայտարարել նախագահող դատավորի դեմ»,- պատմում է փաստաբանը:

Բացարկը գրավոր ձեւակերպելու համար փաստաբաններն ունեին մի քանի ժամ, քանի որ հաջորդ դատական նիստը Աստղիկ Խառատյանը նշանակել էր հենց հաջորդ օրը, առավոտյանը ժամը 9-ին: Յուրի եւ Վլադիմիր Հայրապետյանները հենց նույն օրը ձեւակերպում են բացարկը եւ նույնիսկ հասցնում գրանցել դատարանի գրասենյակում: Հաջորդ օրը փաստաբանները կես ժամ շուտ ներկայանում են դատարան: Նիստերի դահլիճի դռները փակ էին: Մոտ մեկ ժամ ուշացումով բացվում են դահլիճի դռները, եւ նիստի քարտուղարը հայտնում է, որ կողմերի բացակայության պատճառով դատավարությունն անցկացվել է առանց նրանց մասնակցության: Որոշումն արդեն կայացվել էր. Լարիսա Հարությունյանի հայցը մերժված էր:

Այս դատավարությանը զուգահեռ ընթացող առաջին ատյանի հերթական նիստը տեղի ունեցավ հոկտեմբերի 9-ին: Արդեն Տաթեւիկ Անտոնյանի եւ իր երկու երեխաների փաստաբաններ Յուրի եւ Վլադիմիր Հայրապետյանները միջնորդություն ներկայացրեցին, որով Կադաստրի ներկայացուցիչ Ղարիբ Թեւանյանից պահանջում էին ներկայացնել այն միասնական մատյանը, որտեղ նշված է բնակիչների սեփականության օգտագործման իրավունքը: Ե՛վ Կադաստրի ներկայացուցիչը, եւ՛ «Մխիթար Գոշի» շահերը ներկայացնող Ռաֆիկ Դերձյանը շարունակում էին պնդել, որ նշված մատյանում կոնկրետ ոչ մի անուն չկա, միայն առկա է ընդհանուր բնակիչների իրավունքների գրանցումը:

Վլադիմիր Հայրապետյանը հայ-ռուսական համալասարանի ներկայացուցիչ Ռաֆիկ Դերձյանից պահանջեց սյունյակով ներկայացնել այն 114 անձանց ազգանունները, որոնք ենթակա են վտարման: Պարոն Դերձյանն ասաց, որ դա հայցի բովանդակությունից դուրս է եւ, հետեւաբար, կարող է չպատասխանել: Ի վերջո, երկար վեճերից հետո դատավորը' նույն Կարեն Ֆարխոյանը, բավարարեց փաստաբանների' բնակիչների ցուցակը ներկայացնելու միջնորդությունը:

Դատական նիստը հետաձգվել է մինչեւ նոյեմբերի 13-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter