HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Առաջարկվում է դիմել օպերատիվ-հետախուզական մարմիններին` պաշտոնյաների հայտարարագրերի տվյալների իսկությունը ստուգելու համար

Կառավարությունը խորհրդարան է ուղարկել «Հանրային ծառայության մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ընդլայնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունները:

Նախ, վերանայվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը. հայտարարագրման պարտականություն է սահմանվել նաև Երևան համայնքի աշխատակազմի քարտուղարի, Երևանի ավագանու անդամների, ինչպես նաև այն համայնքների ավագանիների համար, որոնք ունեն 15 հազար և ավելի բնակչություն:

Ամենաառանցքային առաջարկը, թերևս, այն է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, նախագծի ընդունման պարագայում, լիազորություն է ստանալու դիմելու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին` հայտարարագրերի վերլուծության ընթացքում պաշտոնատար անձի գույքի փաստացի տիրապետումը ստուգելու և քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրության նպատակով: Հայտարարագրերի վերլուծության ընթացքում գույքի փաստացի տիրապետումը ստուգելն ուղղված է հայտարարագրի կեղծ տվյալը, տվյալի թաքցնելը կամ ապօրինի հարստացումը հայտնաբերելու համար, ինչը գործող կարգավորմամբ առկա չէ:

Առաջարկվում է նաև պաշտոնատար անձի կողմից փաստացի տիրապետվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցները հայտարարագրելու պահանջ սահմանել: Տեղեկատվություն է ներկայացվում անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, արժեթղթերի ձեռբերման գործարքի արժեքի, գործարքի մյուս կողմի վերաբերյալ, ինչպես նաև բանկային ավանդի ու բանկային հաշվի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն: Տարանջատում է իրականացվում նաև ստացած վարկերի և փոխառությունների միջև:

Կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար առաջարկվում է ներդնել մեխանիզմ, որը հնարավորություն կտա պաշտոնատար անձի լիազորությունների դադարումից երկու տարի անց  գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր պահանջել:

Նկատենք, որ ըստ նախագծի` պաշտոնատար անձինք պետք է ներկայացնեն գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագիր: Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության կողմից:

Ըստ հիմնավորման` այս փոփոխություններով ակնկալվում է կատարելագործել հայտարարագրման ինստիտուտը, ինչը հնարավորություն կտա ապահովել հայտարարատու պաշտոնատար անձանց գործունեության թափանցիկությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter