Ոստիկանական «մաստեր կլաս»
Երկու օր առաջ Մաշտոցի պուրակի պատկերը հիշեցնում էր մեկ այլ մարտյան օր…Իրավապահ կոչվողները մի քանի բորենիների բիզնես շահերը պաշտպանելու համար հարձակվեցին խաղաղ քաղաքացիների վրա և վերջիններիս հանդեպ բռնի ուժ կիրառելով` առգրավեցին ու ջարդեցին նրանց գույք հանդիսացող միակ վրանը:
Այդ վրանը, ջարդարարների տերերի մտքում, արդարության պայքարի և քաղաքացիական միասնության փարոսի խորհրդանիշ էր, իսկ նմանատիպ ցանկացած խորհրդանիշ կարող է այդքան անհանդուրժելի լինել միայն բռնապետական-կապիտալիստական սկզբունքներով առաջնորդվողների համար: Եվ միանշանակ, մի կոնտեքստում, որտեղ հանրայինի պաշտպանությունը վնասում է մասնավոր բիզնեսին, ելքը պիտի լիներ մասնավորի վրա «հանրայինի» պիտակ փակցնելը, ինչն էլ արվեց ՀՀ կառավարության` մարտի 15-ի նիստում: Ուստի, խնդրահարույց տարածքների նկատմամբ ճանաչվել է «բացառիկ` հանրային գերակա շահ»:
Ցավալիորեն պիտի նշենք, որ մեր նախորդ հրապարակման մեջ մենք շտապեցինք լավատեսական նոտա ավելացնել: ՀՀ նախագահի ելույթում տեղ գտած դրույթը, թե «պետությունն իր վարած քաղաքականությամբ պետք է դառնա բոլորի հովանավորը` հավասարապես» կոպտորեն ոտնահարվեց ըստ էության և ըստ գաղափարի` հենց այն պահին, երբ ոստիկանները մթության քողի ներքո հարձակվեցին և բռնություն կիրառեցին բնապահպանական խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ: Բողոքի ակցիայի մասնակիցները իրավացիորեն որակեցին այդ գործողությունը որպես «ադրբեջանական ОМОН-ի կողմից հաջողությամբ իրականացված «Օղակ» օպերացիա»: Միևնույն ժամանակ այդ «հաջողված օպերացիայով» կրկին հաստատվեց, որ մեր պետությունը ընդհանրապես շատ ու շատ հեռու է բոլորի հովանավորը լինելուց. այն կարող է սպասարկել միմիայն մի քանի թերուս չինովնիկների և անկիրթ օլիգարխների շահերը, ինչն էլ ապահովվում է ոստիկանական բիրտ ուժի կիրառմամբ:
Չի կարելի խոսել օրենքից, եթե ոստիկանն իր վերադասի հակաօրինական հրամանը կատարելու համար անընդհատ պատճառաբանություններ է փնտրում քաղաքացուն որպես օրինախախտ ներկայացնելու՝ նույնիսկ այն դեպքում, երբ այդ պատճառաբանությունները անցնում են աբսուրդի երևակայելի սահմանը: Չի կարելի խոսել մարդու արժանապատվությունից, երբ իրենց հայ համարող կերած-խմած հովազները հարձակվում են խաղաղ ակցիայի միջոցով իրենց բողոքի ձայնը բարձրացնող երիտասարդների վրա, ոլորում նրանց ձեռքերը` կարծես թե հանցագործների են մեկուսացնում: Չի կարելի խոսել հարգանքից ու վստահությունից, եթե ամբողջ հանրության առջև ոստիկանները «սպայի պատվով երդվում են» չդիպչել վրանին, սակայն նույն օրը սոված խավարասերների պես, մութն ընկնելուն պես և Տան տիրոջ հոգնածությունից օգտվելով, հարձակվում են խոհանոցի գետնին մնացած հացի փշրանքի վրա և հերոսաբար փախցնում այն: Այդպիսին էր «վրանը ապամոնտաժելու» պատկերը: Ուրախ-ուրախ փախցրին «ավարը» և հետո առաջարկեցին վերադարձնել այն, բայց արդեն պատառոտած, որոճած, և դուրս թքած տեսքով: Եվ նման եղկելի ծառայության աշխատակիցը՝ նշված «փառապանծ օպերացիայի» մասնակից ոստիկանը, տուն վերադառնալով, իր զավակին լուրջ-լուրջ ներկայացնում է, թե ինքը քաղաքացիների իրավունքներն է պաշտպանել: Իսկ խեղճ երեխան նույնիսկ չի էլ պատկերացնում, որ իր հայրիկը պարզապես սովորական գորշ մոխրագույն խավարասեր է, կամ գիտական տերմինաբանությամբ՝ Periplaneta fuliginosa vulgaris:
Էլ չենք խոսում էթիկայի մասին, եթե ոստիկանը քաղաքացու հետ խոսում է «աղջիկ ջան», «այ ընգեր», «ազիզ ջան», «դու ընձի մի ասա» և նման ցածր կարգի անհարգալից արտահայտություններով` դրանք ընդմիջարկելով անգիր արված մի քանի տերմիններով, ասենք, «ինքնիրավչություն», «օրենսդրական ակտ», և ամենակարևորը, որ երեկվանից կարելի է ավելացնել թութակների բառաֆոնդին, «բացառիկ` հանրային գերակա շահ»: Մինչդեռ նախքան վերոհիշյալ փառապանծ օպերացիայի իրականացումը, մեկ ամսվա ընթացքում ոստիկանները ակտիվորեն փորձում էին համոզել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, որ իրենք բարեփոխված և «նոր սերնդի» ոստիկաններն են, զիջողաբար կիսվում էին օրենքի, հասարակական կարգի պաշտպանության և արտերկրում ձեռք բերված այլ գիտելիքներով և ներկայացնում, թե ինչպես են իրենց ընդգրկուն փորձը կիրառում հայրենիքում: Այդպես մեզ՝ հանրության ներկայացուցիչներիս, «բիզոնների», «մուստանգների» և այլ անհասկանալի կենդանիների շնորհիվ վերջապես հայտնի դարձավ, որ, օրինակ, «Չերոկին» ոչ թե ջիպ տեսակի ավտոմեքենայի մակնիշ է, այլ ամերիկյան հնդկացիական ցեղերի անվանում: Լուսաբանող նմանատիպ կուրսերը, ինչպես նաև հայ աղջկան հարիր և ոչ հարիր վարքագծի, անձնական փորձառության թեմաներ մեջբերող խրատական-դաստիարակչական աշխատանքները տարվում էին առանց հաշվի առնելու, որ իրենք՝ համազգեստավոր այդ աշխատակիցները, հասարակ քաղաքացիներ չեն, ովքեր իրավունք ունեն քննարկումների մեջ մտնել հանրության ներկայացուցիչների հետ: Այդ կարգի խոսակցությունները միգուցե ընդունելի են ծառայությունից դուրս: Մինչդեռ համազգեստով ոստիկանը իրավունք չունի նման բնույթի քննարկումներ ծավալելու քաղաքացիների հետ, քանի որ դա հակասում է ոստիկանության համար հաստատված կանոններին:
Գիշերային հայտնի իրադարձություններից հետո ոստիկանները բացահայտեցին իրենց իրական դեմքը, իրական կերպարը (լատիներեն սահմանումը տես վերևում): Այս ամենն արտահայտվեց հատկապես իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ գռեհիկ ու անվայել պահվածքի և անձնական վիրավորանքների միջոցով, որոնք տեսագրվել են տարբեր անձանց կողմից՝ վերջնականապես փարատելով բոլոր կասկածները նրանց վկայակոչած «բարեփոխումների» վերաբերյալ:
Մենք առաջինը չենք, որ խոսում ենք այս մասին, բայց թերևս առաջինն էինք, որ ականատես եղանք, թե ինչպես ՀՀ ոստիկանությունը կորցրեց հանրության` հատկապես կիրթ և գիտակից երիտասարդության հետ հաղորդակցվելու եզրերը:
Բուծիկների ապամոնտաժման փոխարեն քաղաքացիական հասարակության ապաստարանի խորհրդանիշները «ապամոնտաժելով»` նրանք` հրաման տվողներն ու կամակատարները, ապամոնտաժում են իրենք իրենց, իրենց նեխած համակարգը, կորցնում են ապագայի հետ իրենց կապն ու նոր սերնդի հետ առողջ գործակցության այն բացառիկ հնարավորությունը, որ երիտասարդները մեծահոգաբար ընձեռել էին նրանց՝ իրենց ազնիվ և քաղաքակիրթ վերաբերմունքով:
ՀՀ ոստիկանությունը իր գործողությունների համար հաշվետու է հանրության առջև և կատարված հակաօրինական գործողությունների համար պետք է պատասխանատվություն կրի՝ համաձայն ՀՀ օրենսդրության: Վստահ ենք, որ ոստիկանության և պետական մարմինների հաշվետու և բարեկիրթ կեցվածքի պայմաններում միայն կարելի է ձևավորել օրինապահության ապահովման քաղաքակիրթ, մասնակցային միջավայր:
«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել