HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրու՝ հուլիսի 13-ի հեղեղից տուժած «Զանգակ» տնակային մանկապարտեզի համար նոր շենք կկառուցվի

Երկրաշարժից հետո Գյումրիում կառուցված ժամանակավոր տնակային մանկապարտեզներից առաջինը «Զանգակ»-ն էր: Գտնվում է «Ավտոկայարան» կոչվող տնակային թաղամասի սկզբնամասում: Ինչպես եւ աղետի գոտու կացարանները, մանկապարտեզը եւս նախատեսված էր երկու տարվա համար, բայց արի ու տես, որ գոյատեւեց 30 տարի եւ ավիրվեց հուլիսի 13-ին` Գյումրին կաթվածահար արած անձրեւից ու կարկուտից առաջացած սելավի պատճառով: 

«Զանգակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Սիրանուշ Մելքոնյանի փոխանցմամբ, հաջորդ տարվա մեջ նախատեսված էր քարաշեն կառույց ունենալ, այսպես թե այնպես հրաժեշտ էին տալու տնակային պայմաններին, սակայն չէին պատկերացնում, թե դա տեղի կունենա նման սցենարով, որը լավագույններից չէ: «1990թ․-ին են կառուցել մանկապարտեզը, եւ ժամանակավոր է համարվել, ինչպես բոլոր կացարանները, այսինքն նախատեսված էր երկու տարվա համար, այդ պատճառով էլ հիմնային լուրջ աշխատանքներ չեն տարվել, եթե նկատեք, կառույցը շատ բարձր չէ գետնից, դրա համար էլ ջուրը որ լցվել է, տակից խփել, հատակները վնասել է, պատերն է փլուզել: Քարաշենի դեպքում հնարավոր է էս տիպի ավերածություն չլիներ»,- նկատում է Սիրանուշ Մելքոնյանը:

Պայմանավորված COVID-19-ով, մանկապարտեզը մարտի 12-ից դադարեցրել էր գործունեությունը: Մինչ այդ գործել է 5 խմբով, հաճախել է 90 երեխա, մանկապարտեզն ունի 24 աշխատակից: Թեեւ տնակային կառույց է եւ զուրկ լոկալ ջեռուցումից, սակայն դա չի խանգարել մանկապարտեզին գործել ամբողջ տարի՝ ջերմությունն ապահովել են վառարանների օգնությամբ: «Ձմռան ամիսներին հաճախող երեխաների քանակը պակասում է սովորաբար, օրինակ՝ էս տարի հունվար-փետրվարին մինչեւ 45 երեխա ենք ունեցել, մարտ ամսին ավելացան 15-ով, բայց արդեն վիրուսի հետ կապված ստիպված եղանք դադարեցնել աշխատանքները»,- նշում է զրուցակիցս:

Հունիսի 1-ին, երբ թույլատրվեց մանկապարտեզների գործունեությունը, «Զանգակ» ՀՈԱԿ-ն աշխատանքները չվերսկսեց: Տնօրենն ասում է, որ ծնողների մեծ մասի համար պարետատան սահմանած պայմանները հարմար չէին՝ երեխային երեք անգամյա սնունդով ապահովում, ամեն օր անկողնային սպիտակեղենի լվացում եւ այլն: «Հաշվարկ էին արել, որ շաբաթը 5000 դրամ են ծախսելու, իսկ մեկ ամսվա համար իրենք 7,500 դրամ էին վճարում ու ոչ մի պրոբլեմ չունեին: Դրան ավելանում էր նաեւ ամենօրյա լվացքը սպիտակեղենի: Մենք էլ էինք խնդրի առաջ կանգնած, ճիշտն ասած, քանի որ խմբասենյակները մեծ չէին, այսինքն սոցիալական հեռավորության պահպանման պահանջը կատարելու դեպքում ամեն խմբում 3 երեխա պիտի նստեցնեինք՝ չհաշված, որ փոքրիկին դու չես կարող ստիպել, պարտադրել, որ, ասենք, չգնա ու չվերցնի ընկերոջ ուտելիքից,- նկատում է տնօրենը,- այդ պատճառով էլ գերադասեցինք սպասել մինչեւ ամեն ինչ կկարգավորվի»:

Մյուս կողմից էլ, աշխատանքային հարկադիր դադարը, որքան էլ որ տարօրինակ է, դրական` անգամ փրկօղակային նշանակություն է ունեցել հեղեղից քարուքանդ եղած մանկապարտեզի համար: Սիրանուշ Մելքոնյանը, մատնացույց անելով ամենից շատ տուժած հատվածը, բացատրում է, որ դա կրտսեր սաների խմբասենյակն է, եւ եթե աշխատեին, ապա կորուստները միայն նյութական չէին լինելու: «Հուլիսի 13-ը երկուշաբթի էր, այսինքն՝ աշխատանքային, մենք մինչեւ ժամը 17-ը աշխատում ենք: Ես նույնիսկ չեմ ուզում մտածել, թե ինչ կպատահեր, եթե աշխատանքի մեջ լինեինք: Փոքրերի խումբը, որտեղ հաճախում են 3 տարեկանները, մեզ մոտ ամենամեծն է՝ 22 երեխա, ու չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կարող էր պատահել: Հիմա փառք ենք տալիս, որ չենք աշխատել»:

Մանկապարտեզի աշխատակիցները վերջին 10 օրը զբաղված են ավերումից փրկված գույքը հավաքելով: Տնօրենը դժվարանում է ասել, թե գումարային առումով որքան են կազմում կորուստները, նշում է, որ առերեւույթ ամբողջական թվացող փայտե իրերը ջրի մեջ մնալուց շարքից դուրս են եկել եւ նորակառույց տեղափոխվելու դեպքում հարկ կլինի մտածել նաեւ նոր գույքի մասին: Դեռեւս անցած տարի Գյումրու քաղաքապետարանը դիմել էր Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին՝ քաղաքում մնացած երկու տնակային մանկապարտեզները քարաշեն կառույցներով փոխարինելու ծրագրով: Սիրանուշ Մելքոնյանն ասում է, որ փետրվարին տրվել էր ծրագրի մեկնարկը, քաղաքապետարանը կատարել էր պահանջվող գումարի (մոտ 200 մլն դրամ) 10 տոկոս ներդրումը:

«Հիմա, որքան տեղյակ եմ, համայնքապետարանից կրկին դիմել են, խնդրել, որ աշխատանքներն արագացնեն, մեզ հրահանգված է արագ կարգով մաքրել, հավաքել ինչ հնարավոր է, երբ ավարտենք, էս տարածքն ամբողջովին քանդելու են, որ նորի շինարարությունը սկսեն»,-զրույցն ամփոփում է տնօրենը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter