
Նախարար. 18 և ավելի միավոր ստացած վեց դիմորդներից չորսն արդեն ուսանող են
18 և ավելի միավոր ստացած, սակայն որևէ բարձրագույն ուսումնական հաստատություն չընդունված վեց դիմորդներից չորսն արդեն ուսանող են:
Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Բուհերի թափուր տեղերի համար դիմած մրցույթի արդյունքում բուհ է ընդունվել 472 դիմորդ, չի ընդունվել 49-ը:
Շուրջ 12 հազար դիմորդներից, որոնք մասնակցել են այս տարվա բուհական ընդունելության քննություններին, դրական է ստացել և որևէ բուհ չի ընդունվել 223-ը:
Ըստ նախարարի` վերջիններս հնարավորություն ունեն դիմել հեռակա բուհական ընդունելություններին և փոխանցել իրենց ստացած միավորը:
«Գերազանց ստացած դիմորդների հարցն էր քննակվում վերջին օրերին, որոնք տասնութ և ավելի գնահատական են ստացել և չեն ընդունվել, նրանց թիվը վեցն է, նրանց առաջարկվել է իրենց դիմում-հայտերի հաջորդ կրթական ծրագրերին համապատասխան լուծումներ: Վեցից արձագանքել է չորս դիմորդ, նրանք ըստ էության արդեն ուսանող են»,-ասաց Հարությունյանը` հավելելով, որ մեկը հայտնել է, որ դիմելու է հեռակա կարգով, իսկ վեցերորդն ասել է, որ միայն կոնկրետ մասնագիտություն է ուզում, և մեկ հայտ է լրացրել:
Հիշեցնենք, որ այս տարվա բուհական ընդունելության քննություններում մեկ մասնագիտական առարկա էր ընտրվել, բացի այդ` գերակայություն էր տրվել առաջին հայտին: Սրա հետևանքով նույնիսկ 18 և ավելի միավոր ստացած դիմորդը որևէ բուհ չէր ընդունվել:
Լրացում: 27.07.2020
ԿԳՄՍ-ից մեզ փոխանցեցին, որ Տավուշի մարզի Բերդավան համայնքի ոսկե մեդալակիր դիմորդը, որը ստացել էր 18,75 միավոր, գերադասել է հեռակա ուսուցման կարգով սովորել` իրավագիտություն մասնագիտությամբ: Մեկ այլ դիմորդ էլ որոշել է պահպանել իր գնահատականը` հաջորդ տարի դիմելու համար` կրկին իրավագիտություն մասնագիտությամբ:
Մեկնաբանել