HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ու՞ր է կառավարության հատկացրած ցորենը

Լոռու մարզի Բազում համայնքի ղեկավարն իր գյուղին կառավարության կողմից հատկացված աշնանացան ցորենի օգնության մասին առաջին անգամ լսում էր մեզանից:

«Այ, դուք զանգել եք, ես իմացել եմ»,-ասաց Բազումի համայնքապետ Վանիկ Պլուզյանը: Այս տարվա երաշտի հետեւանքները մեղմելու համար Բազում գյուղին, ըստ Լոռու մարզպետարանի տրամադրած փաստաթղթերի, հատկացվել է 500 կիլոգրամ աշնանացան ցորեն: Իրականում ցորենը գյուղ չի հասել: Եթե հասներ էլ, ապա երաշտի հետեւանքները հնարավոր չէր լինի մեղմել հենց միայն այն պատճառով, որ գյուղում արդեն երեք տարի ցորեն չեն ցանում: Վանիկ Պլուզյանն ասում է, որ ցորեն վերջին անգամ ցանել են 2002-ին: 70 հա վարելահողում հիմա գյուղացիները ցորենի փոխարեն բազմամյա խոտաբույսեր են աճեցնում:

«Բա ինչպե՞ս եղավ, որ հայտնվեցիք մարզպետարանի ցանկում»,-հարցին համայնքապետը պատասխան չունի:

ՀՀ վարչապետն այս տարվա հուլիսի 14-ին միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշմամբ մարզպետներին 10-օրյա ժամկետում հանձնարարել էր ստեղծվելիք հանձնաժողովին ներկայացնել մարզերի տարածքներում տեւական երաշտից ու սակավաջրությունից տուժած համայնքների ցանկը: Դրանում պետք է նշվեին նաեւ վնասված ցանքատարածությունները' ըստ մշակաբույսերի:

Փաստորեն, Լոռու մարզպետի՝ հանձնաժողովին ներկայացված ցանկում հայտնվել է մի գյուղ, որտեղ ո՛չ ցորեն են ցանում, ո՛չ էլ, բնականաբար, ցորենի ցանքատարածություններ են տուժել երաշտից: Իր գյուղին տրվելիք 500 կգ ցորենի մասին ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկանալուց հետո համայնքապետի զարմանքն ավելի մեծ է եղել, երբ, զանգելով հարեւան Ազնվաձոր գյուղ, պարզել է, որ իր գործընկերն իր նման անտեղյակ է: Ազնվաձորը, ըստ մարզպետարանի տեղեկատվության, եւս ընդգրկված է երաշտից տուժած համայնքներին հատկացված աշնանացան ցորենի բաշխման ցանկում: Ի տարբերություն Բազում գյուղի, Ազնվաձորին հատկացված աշնանացան ցորենի քանակը 1400 կգ է: Ազնվաձորի համայնքապետի հետ հեռախոսազրույցից պարզ դարձավ, որ նա ոչ թե տեղյակ չէ իր համայնքին տրվող օգնությունից, այլ պարզապես հրաժարվել է դրանից:

«Ցորենը մեր հողում բերք չի տալիս: 2001-ից այս կողմ մենք ցորեն չենք ցանում,-հայտնեց համայնքապետ Սաշիկ Շահնազարյանը,-700 կգ-ից ստանում ենք 1000 կգ»: Փոխարենը նա մարզպետարանի ներկայացուցչին խնդրել է իր գյուղին գարնանը գարու սերմացու տալ:

«Որքանո՞վ եք վստահ, որ կտան»,-հարցին Ազնվաձորի համայնքապետը պատասխանում է' կտան: Այն հարցին, թե ինչպես եք հրաժարվել կառավարության օգնությունից, պատասխանում է՝ ասել եմ մարզպետարանի գյուղատնտեսին, առանց ավագանու նիստի, առանց գյուղացիներին տեղյակ պահելու: Իսկ թե որտե՞ղ է Ազնվաձորին հասանելիք ցորենը, Սաշիկ Շահնազարյանը չգիտի:

Բովաձոր գյուղին, ըստ մարզպետարանի տեղեկատվության, հատկացվել է 4 տոննա 300 կգ ցորեն: Համայնքապետ Էդվարդ Մելիքսեթյանն այդ մասին ժամանակին տեղեկացված է եղել: Նա ասում է, որ իրենց հատկացրել են 2 տոննա ցորեն: Այսինքն՝ նախատեսվածից 2 տոննա 300 կգ պակաս: Բովաձորցին այս քանի օրն է ստացել աշնանացան ցորենը: Համայնքապետ Էդվարդ Մելիքսեթյանն ասում է, թե ուշ չէ: Հիմա էլ կարող են ցանել: Ամեն ինչ կախված է եղանակային պայմաններից:

Ընդհանուր առմամբ, Լոռու մարզին կառավարության կողմից հատկացվել է 254 տոննա աշնանացան ցորեն: Այն բաշխվել է 39 համայնքների միջեւ: Ամենաշատ ցորենը տրվել է Գյուլագարակ գյուղին՝ 18200 կգ, ամենաքիչը՝ Բազում գյուղին՝ 500 կգ, որն այդպես էլ գյուղ չի հասել:

Բազում գյուղում չեն էլ հիշում, թե ով երբ է վերջին անգամ ցորեն ցանել: Իրենց գյուղապետի նման գյուղացիները եւս անտեղյակ են կառավարության հատկացրած աշնանացան ցորենից: Նրանց խնդիրը կարտոֆիլն է, որն այս տարի սկզբից ցրտահարվեց, այնուհետեւ արեւահարվեց: Արամայիս Ծատուրյանի ցանած 400 կգ կարտոֆիլից դուրս է եկել 150 կգ, որը մանր է ու անորակ:

«Բնությունը մեր Լոռվա ժողովրդի հետ այս տարի հակառակ եղավ»,-կարծում է Արամայիս Ծատուրյանը: Նրա հարեւանները եւս դժգոհ են բերքից ու բնությունից: Վեներա Պապիկյանն այս տարվա կարտոֆիլը համեմատում է խոզի կերի հետ: «Սկզբից անձրեւները, ցուրտը, հետո՝ երաշտը: Որոշել եմ սրանից հետո էլ չցանել: Չարչարանքս է մնում»:

Այս տարվա բերքատվությունը Բազումի համայնքապետը գնահատում է 50 տոկոս: «Երաշտը խոտին վնասեց, կարտոֆիլին: Մի հատ ընկույզ չկա: Տանձ, խնձոր, սալոր, բոլորը վնասվել են»,-ասում է Վանիկ Պլուզյանը:

Բազումի համայնքապետը դեռ գարնանն է դիմել մարզպետարան՝ հայտնելով գյուղի կրած վնասների մասին:

«Բայց որեւէ հանձնաժողով այդպես էլ չեկավ: «Ասել են՝ դիմում ենք կառավարություն, հեսա՝ կառավարությունն էլ Լոռու մարզին հատկացրել է այսքան ցորեն»,-մատնացույց է անում Լոռու մարզպետարանի պաշտոնական գրությունը, որին առաջին անգամ էր ծանոթանում Բազումի գյուղապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter