
Սամվել Բաբայանը հանդես է եկել ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության վերաբերյալ հայտարարությամբ
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը հանդես է եկել ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության վերաբերյալ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
«ՀՀ անվտանգության խորհրդի հուլիսի 10-ի նիստում ընդունվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նոր ռազմավարությունը. փաստաթուղթ, որն, ըստ էության, արտացոլում է համահայկականության անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, դրանց հաղթահարման սկզբունքներն ու եղանակները:
Հայաստանի Հանրապետության անվտանգային քաղաքականության այս ուղեցույցում համահայկական օրակարգի առանցքային բաղադրիչ Արցախին անդրադարձ է կատարվում առանձին` «Արցախի անվտանգության ապահովում» ենթագլխով, որը ոչ պատահականորեն զուգորդվում է Հայասատանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հետ:
Համաշխարհային և տարածաշրջանային հիմնարար փոխակերպումները, որոնք իրենց արտացոլումն են գտել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն մեջ, այնուհանդերձ չեն փոխել Հայաստանի պատկերացումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության` որպես ՀՀ գլխավոր մարտահրավերի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ադրբեջանի կողմից ուժի կիրառման`որպես հիմնական սպառնալիքի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետությունն այս փաստաթղթով վերահաստատում է իր` որպես Արցախի անվտանգության երաշխավոր լինելը`այդ համատեքստում հատկանշելով հետևյալը.
- Հավատարիմ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը` մենք շարունակում ենք հանդես գալ փոխզիջումային սկզբունքով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից:
- Միավորված ազգերի կազմակերպության հռչակագրերում, Մարդու իրավունքների միջազգային համաձայնագրերում ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը ընկած է լինելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում` որպես սեփական ճակատագիրը որոշելու արցախահայության բացառիկ իրավունք:
- Արցախը հակամարտության օբյեկտից վերափոխվելու է սուբյեկտի` վերադառնալով բանակցային սեղան` այդպիսով ուղղակիորեն իրացնելով Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների սուբյեկտայնությունը.
- Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի:
- Արցախի անվտանգությունը չի կարող աճուրդի դրվել:
Վերոնշյալի պատմական, քաղաքական և իրավական հիմնավորմաբ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակը մշակելու է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգ, որը հանրային քննարկման է դրվելու` շահագրգիռ կողմերի ներգրավմամբ»:
Մեկնաբանել