HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Անթույլատրելի տեղում առևտուր անելու դեպքում ապրանքը ոստիկանությունը կամ ՏԻՄ-ի պաշտոնատար անձը կարող է վերցնել. նոր նախագիծ 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է կանոնակարգել համայնքների տարածքներում առևտրի իրականացման գործունեությունը և տեղական ինքնակառավարման մարմինների համար սահմանել լիազորություններ` հսկողություն իրականացնել ապօրինի առևտրի նկատմամբ։

Այդ նպատակով առաջարկվում է փոփոխություն կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում:

Առաջարկվող փոփոխությամբ՝ ոչ սահմանված տեղերում բացօթյա առևտրի իրականացման դեպքում առևտրի և ծառայությունների մատուցման անմիջական օբյեկտ համարվող ապրանքները, օգտավործվող տրանսպորտային միջոցները, սարքավորումները ու գործիքները կարող են վերցվել ոստիկանության կամ տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան պաշտոնատար անձանց կողմից:

Վերցնելուց առաջ իրավախախտման կատարման մեջ կասկածվող անձին բանավոր պահանջ է ներկայացվելու` անհապաղ դադարեցնել իրավախախտումը և տրամադրել ինքնությունը հաստատող փաստաթուղթ՝ նախազգուշացնելով, որ տվյալ պահանջը չկատարելու, ինչպես նաև իրավախախտումը շարունակելու դեպքում, այդ առարկաները ենթակա են վերցման:

Վերցնելն ավարտելուց հետո կազմվելու է արձանագրություն, որտեղ նշվելու են կազմող անձի պաշտոնը, անունը և ազգանունը, վերցնելու վայրը, ժամանակը, հանգամանքները, վերցնելու մասնակիցների տվյալները, վերցված առարկաների քանակը, չափը, քաշը, բնորոշիչ հատկանիշները և այլ առանձնահատկություններ:

Արձանագրությունը կազմող պաշտոնատար անձն արձանագրությանը ծանոթացնում է գործողության մասնակիցներին, որոնք ծանոթանալուց հետո այն ստորագրում են և իրավունք ունեն պահանջել արձանագրության մեջ մտցնել իրենց դիտողությունները: Եթե մասնակիցներից մեկը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ ապրանքն այդ պահին տիրազուրկ է կամ իրավախախտում կատարած անձը հրաժարվել է ներկայացնել ինքնությունը հաստատող փաստաթուղթ, այդ մասին նշում է կատարվում արձանագրությունում:

Իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող ապրանքները, գործիքներն ու միջոցները վերցնելու գործընթացը կարող է տեսանկարահանվել կամ տեսաձայնագրվել դրանք վերցնող պաշտոնատար անձի կողմից, ինչի մասին նույնպես նշում է կատարվում արձանագրությունում։ Տեսանկարահանման կամ տեսաձայնագրման նյութերը, ինչպես նաև իրավախախտումը դադարեցնելու վերաբերյալ բանավոր պահանջ ներկայացնելու ընթացքի տեսաձայնագրությունը հետագայում փաստաթղթային, էլեկտոնային կամ այլ կրիչով կցվում են վերցնելու մասին արձանագրությանը:

Արձանագրության պատճենը ստորագրությամբ հանձնվելու է այն անձին, ում մոտ կատարվել է վերցնելու գործողությունը, իսկ առձեռն ստանալուց հրաժարվելու դեպքում կարող է առաքվել փոստով:

Վերցված ապրանքների վերաբերյալ մասնագիտական եզրակացություններ ստանալու նպատակով, ըստ անհրաժեշտության, կարող են ներգրավվել մասնագետներ կամ փորձագետներ:

Վերցված ապրանքները տեղափոխվելու են դրանց պահպանության համար նախատեսված՝ որակի անվտանգության համար անհրաժեշտ սարքավորումներով կահավորված տարածք, որտեղ պահվելու են մինչև վարչական վարույթի ավարտը, իսկ տիրազուրկ ապրանքները՝ միչև օրենքով սահմանված կարգով դրանց տնօրինման համար անհրաժեշտ ընթացակարգերի ավարտը:

Բացառություն են կազմելու արագ փչացող ապրանքները, որոնք վերցնելուց հետո հատուկ պահպանության տարածքում պահվելու են երեք աշխատանքային օր: Եթե ապրանքների սեփակատիրոջ կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում վարույթ իրականացող մարմնի հաշվեհամարին, որպես դեպոզիտ, վճարվում է տվյալ իրավախախտման համար նախատեսված տուգանքի գումարի առավելագույն չափով գումար, ինչպես նաև այդ ապրանքների տեղափոխման ու պահպանության ծախսերի չափով գումար, ապրանքները մինչև վարույթի ավարտը վերադարձվում են նշված անձին, իսկ վճարված գումարների տնօրինման հարցը լուծվելու է տվյալ գործով կայացված վարչական ակտով՝ դրա ուժի մեջ մտնելուց և անբողոքարկելի դառնալուց հետո:

Եռօրյա ժամկետում այդ գումարները չվճարելու դեպքում արագ փչացող ապրանքներն իրացվելու են տվյալ համայնքի ղեկավարի կողմից: Իրացման արդյունքում գոյացած գումարը փոխանցվելու է համայնքի հաշվին ու տնօրինվելու միայն տվյալ գործով կայացված վարչական ակտն ուժի մեջ մտնելուց և անբողոքարկելի դառնալուց հետո՝ ակտի եզրափակիչ մասում նշելով բռնագանձման և վերադարձման ենթակա գումարների չափերի մասին: Վերցված ապրանքների իրացման կարգը սահմանվում է համայնքի ավագանու կողմից:    

Անձը, ումից վերցվել են առարկաները, կարող է դրանք ստանալ տուգանքի առավելագույն գումարի և այդ ապրանքների տեղափոխման ու պահպանության համար անհրաժեշտ գումարները վարույթ իրականացող մարմնի հաշվեհամարին որպես դեպոզիտ վճարելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ արագ փչացող ապրանքների դեպքում՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին տարիներին բացօթյա առևտրի և առհասարակ առևտրի իրականացման հետ կապված առկա չեն համապատասխան օրենսդրական կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան նշված գործունեությունն իրականացնել որոշակի կանոնակարգումներին և ընթացակարգերին համապատասխան»,- քննարկման ներկայացված նախագծում նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter