HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի անօրինական ներմուծման դեպք է հայտնաբերել

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության իրավապահ համագործակցության և տեղեկությունների վերլուծության բաժին տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի մի բնակիչ փոստային առաքանիների միջոցով իրականացնում է Մեքսիկայից թմրամիջոցների անօրինական ներմուծում և դրանց իրացում Հայաստանում:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել, որ Մեքսիկայից Ն.Ղ-ի անվամբ ներմուծվել է առաքանի, որը հնարավոր է պարունակի թմրամիջոցներ:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության և «Զվարթնոց» բաժինների աշխատակիցները, Ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների մասնակցությամբ, «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում մաքսային զննման են ենթարկել Մեքսիկայից ներմուծված առաքանին: Արդյունքում առաքանու ստվարաթղթե արկղի կողային 3 պատերում քողարկված հայտնաբերվել են «ԼՍԴ» տեսակի թմրամիջոցի 1000 բլոտտեր:

Փաստի առթիվ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի հատկանիշներով կազմված նյութերով ՊԵԿ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում, դատարանի որոշման հիման վրա, խուզարկություններ են իրականացվել Երևանում գտնվող 3 տարբեր հասցեներում: Հասցեներից մեկում հայտնաբերվել են «Մարիխուանա», «Հաշիշի յուղ», «Մեթամֆետամին» և «Կոկաին» տեսակների թմրամիջոցների զանգվածներ, «Smith & Wesson» տեսակի ատրճանակ, սվին դանակներ, ինչպես նաև խոշոր չափի կանխիկ գումար:

Հիշյալ հասցեի բնակիչ Տ.Գ-ն, ով հանդիսանում է Ն.Ղ-ի դստեր ամուսինը, Քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter