HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրանակերտ

2006 թվականի ամռանը Հայաստանի լրատվական միջոցներն ի լուր աշխարհի հայտարարեցին, որ Լեռնային Ղարաբաղում, Մարտակերտի շրջանի մատույցներում հայտնաբերվել է Տիգրան Մեծ արքայի կառուցած քաղաքներից մեկը։ Հնագետ Համլետ Պետրոսյանն ասում է, թե պեղումների վայրն ամենեւին էլ պատահական չէ։ Գրավոր պատմությունը հստակ տեղեկություններ է տալիս։

Հարցին, թե ինչպե՞ս են կռահել Տիգրանակերտ քաղաքի հնարավոր տեղը, հնագետ Համլետ Պետրոսյանը պատասխանում է՝ հիշեցնելով բլրի երկայնքով ձգվող աստիճանաձեւ ժայռերը . «Շահբուլաղ կոչվող աղբյուրներից վերեւ Սարալանջ կա, որը տանում է Վանքասար, սարի վրա էլ մի եկեղեցի կա՝ 7-րդ դարում կառուցված։ Վանքասար տանող հատվածում ժայռերը փորված են։ Շատ հաճախ ոչ մասնագետ մարդը կարող է մտածել, որ դրանք ինչ-որ ճանապարհ են, բայց իրականում պարսպի ժայռափոր հիմքերն են»։

Նա ասում է, որ մեր պատմությունը հորինովի չէ, որ պետք է ուշադիր կարդալ հայ պատմիչներին։ «Մենք ունեինք պատմիչների աղբյուրները, մենք ունեինք ճանապարհորդների նկարագրությունները եւ, ի վերջո, 19-րդ դարի վերջում այդ տարածքին հայերը Տկրակերտ են ասել»։

Համլետ Պետրոսյանի կարծիքով' հնագիտական այս հայտնագործությունն այն բացառիկ դեպքերից է, երբ «պեղումները բառացի հավաստում են պատմիչների հաղորդածը»։

Պեղումների առաջին օրերին հայտնաբերվում էր միայն խեցեղեն, որի հնությունը թեեւ համապատասխանում էր Տիգրան Մեծի ժամանակներին, բայց բավարար ապացույց չէր կարող լինել, որ հենց այստեղ է Հայոց Մեծ Արքայի քաղաքը։

«Եւ ավելի վերեւ բարձրանալով՝ մի տեղ տեսանք, ուր երկու փոքր քար էր երեւում, որ ոնց որ մի գիծ կազմեին։ Եւ որոշեցինք էդտեղ պեղումներ կատարել։ Դա, փաստորեն, քաղաքի դարավանդներից մեկն էր,-պատմում է Համլետ Պետրոսյանը։-Անտիկ շինարարական տեխնիկան ենթադրում է, որ պատերի ամրությունն ապահովում են հենց իրենք՝ քարերը։ Որքան մեծ-մեծ, հարթ, հղկած քարերն իրար վրա դնենք, այնքան պատն ամուր կլինի»։

Մի քանի օր անց հայտնաբերվում է քաղաքի եւս մեկ հատված։ Քարերի վրա նկատվում են ծիծեռնակապոչ կապեր, ինչն անտիկ քաղաքաշինության բարձրակետն է։ Առաջին հայացքից մանրամասնություն թվացող այս փորվածքը գիտական լուրջ եզրահանգումների առիթ է տալիս։

«Սա նշանակում է մի քանի ճարտարապետ ունենալ, վարպետների մի ամբողջ խումբ ունենալ, որոնք գիտեն այդ քարը տաշելու, ֆասկա գցելու, բարձիկները կանոնավորելու, իդեալական հարթություններ ստեղծելու արվեստը։ Այդ ամենին տիրապետել, տանել կենտրոնացնել այդ բլրի գագաթին, հնարավոր էր միայն այն դեպքում, եթե մենք գործ ունենք պետական մի ծրագրի հետ։ Այսինքն՝ տեղական մի աննշան ֆեոդալ չի կարող նման ամրություններ կառուցել»,-ասում է հնագետը։

Բերդի պատերը հայտնաբերելուց հետո հնագետները ենթադրում են, որ հարթավայրում պետք է փնտրել քաղաքը։ Այստեղ եւս արդյունքը լինում է սպասվածից ավելին։

«Էդ էլ սենսացիա էր, անկեղծ ասած։ Մենք ընտրեցինք 5-6-ի վրա մի տարածք։ Էնտեղ պատեր կային, ես ենթադրում էի, որ պետք է լիներ քաղաքի եկեղեցին, բնականաբար ոչ թե Տիգրան Մեծի ժամանակների, այլ՝ քրիստոնեության շրջանի։ Եթե մենք տեղեկություն ունեինք Տիգրանակերտի մասին, նշանակում է հիմնադրումից հետո այս քաղաքը ծաղկուն կյանք է ունեցել»։

Պեղումներն իրականացրել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը՝ Համլետ Պետրոսյանի, Ժորես Խաչատրյանի, Լյուբա Կիրակոսյանի, Հայկ Հակոբյանի եւ Վարդգես Սաֆարյանի մասնակցությամբ։ Հայրենադարձության եւ հիմնավորման հասարակական կազմակերպությունների «Երկիր» միությունը եղել է այս գործի նախաձեռնողն ու ֆինանսավորողը։

Պեղումները տեւել են ընդամենը տասնհինգ օր, ինչը բավարար չէ Տիգրան Մեծի հիմնադրած քաղաքը պատմության ու ժամանակի խորքից դուրս բերելու համար։ Հնագետներին հաջողվել է միայն սկսել եւ առաջ քաշել Տիգրանակերտի վարկածը։ Քաղաքն ամբողջությամբ պեղելու համար շատ ժամանակ եւ մեծ նյութական միջոցներ են հարկավոր։ Այս դեպքում, Համլետ Պետրոսյանի կարծիքով, հնարավոր կլինի ոչ միայն Տիգրանակերտը պեղել, այլ Խաչեն գետի հովտում ունենալ վաղ քրիստոնեական մշակույթի նոր հայտնագործումներ։

Տիգրան Պասկեւիչյան, Աննա Սարգսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter