HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարուցվել է քրեական գործ՝ Եղեգնուտ համայնքի մի շարք բնակիչների կողմից ինքնիրավչություն կատարելու դեպքի առթիվ

Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Եղեգնուտ համայնքի մի շարք բնակիչների կողմից առերևույթ ինքնիրավչություն կատարելու դեպքի հանգամանքները: Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։

Նախնական տվյալներով՝ Արմավիրի նախկին մարզպետի՝ 24.08.2018թ. թիվ 287 որոշմամբ՝ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է  նշանակվել նույն գյուղի բնակիչը: Նշված  որոշումը Եղեգնուտ համայնքի նախկին ղեկավարի կողմից բողոքարկվել է վարչական դատարան, որի որոշմամբ` Արմավիրի նախկին մարզպետի` «Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» որոշումն անվավեր  է ճանաչվել, և այն մտել է օրինական ուժի մեջ:

Արմավիրի մարզպետի՝ 22.06.2020թ. որոշմամբ ևս անվավեր է ճանաչվել Արմավիրի նախկին մարզպետի հիշյալ որոշումը, ապա մարզպետի մեկ այլ որոշմամբ` ստեղծվել է աշխատանքային խումբ` Եղեգնուտ համայնքում ընդունման-հանձնման աշխատանքները կազմակերպելու նպատակով:

Աշխատանքային խումբը 2020թ. հուլիսի 8-ից 15-ն այցելել է Եղեգնուտ համայնք, սակայն համայնքի մի խումբ բնակիչներ, համաձայն չլինելով դատարանի, ինչպես նաև՝ Արմավիրի մարզպետի որոշումների հետ, դրանք սահմանված կարգով բողոքարկելու փոխարեն, ինքնակամ արգելափակել են համայնքապետարանի վարչական շենքի մուտքը և դռան վրա փակցրել «Փակ է» գրառմամբ թուղթ: Արդյունքում՝ աշխատանքային խումբը չի կարողացել իրագործել ընդունման-հանձնման աշխատանքները, որի հետևանքով տևական ժամանակ խաթարվել է համայնքապետարանի բնականոն աշխատանքը, ինչն իր հերթին էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին:

Դեպքի առթիվ 2020թ. հուլիսի 25-ին քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (ինքնիրավչությունը) 1-ին մասի հատկանիշներով։

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter