
Պատգամավորներն առաջարկում են սահմանամերձ համայնքներին տրվող արտոնությունների ցանկն ընդլայնել
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Սիփան Փաշինյանն առաջարկում են սահմանամերձ համայնքների բնակիչներին տրվող արտոնությունների ցանկն ընդլայնել:
Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրեց այսօր հրավիրված մամուլի ասուլիսին: Նախագիծը շրջանառության մեջ է դրվել հուլիսի 27-ին:
Փոփոխությունները «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքին են վերաբերում: Պատգամավորները մի շարք արտոնությունների տրամադրման ժամկետն առաջարկում են երկարաձգել ևս երեք տարով, ինչպես նաև նոր արտոնություններ տրամադրել, ինչպես` ընտանիքում երկու և ավելի աշակերտ ունենալու դեպքում դպրոցական դասագրքերը մասնակի կամ ամբողջական փոխհատուցելու է Կառավարությունը:
Գործող օրենքով` սահմանապահ համայնքների բնական գազի, սպառած էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի ծախսերի հիսուն տոկոսը փոխհատուցում է Կառավարությունը: Օրենսդիրներն առաջարկում են օրենքի գործողության ժամկետը ևս երեք տարով երկարաձգել, նաև այլ արտոնություններ ներառել` այդ թվում հողի գույքահարկի և հողի հարկի ամբողջական փոխհատուցում:
Նախագծում նոր դրույթներից է նաև այն, որ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով սպանված գյուղատնտեսական և/կամ այլ մթերատու կենդանիների դիմաց տրվելու է փոխհատուցում պետական բյուջեի միջոցների հաշվին: Իսկ եթե նույն գործողությունների հետևանքով սահմանամերձ համայնքների բնակիչներն առաջին, երկրորդ կամ երրորդ խմբի հաշվանդամություն ձեռք բերեն, տրամադրվելու է միանվագ գումարային հատուցում` համապատասխանաբար 3 միլիոն, 2 միլիոն և 1 միլիոն դրամ:
Զոհված քաղաքացիների ընտանիքին տրամադրվելու է միանվագ գումարային հատուցում` 5 միլիոն դրամ: Պետական բյուջեի միջոցների հաշվին է նաև վնասված կացարանի ծախսերն իրականացվելու:
Գաբրիելյանի խոսքով` Կառավարության ներկայացուցիչների հետ այս նախագծի վերաբերյալ շուրջ չորս ամիս քննարկում է եղել, չորս-հինգ գերատեսչություն դրական եզրակացություն է ներկայացրել:
Այս փոփոխությունների շահառու են սահմանամերձ 25 համայնքների 37 բնակավայրերի բնակիչներ:
Նախագիծը դեռևս պետք է ստանա ԱԺ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը, որից հետո ընդգրկվի լիագումար նիստերի օրակարգ: Այն կարող է գործել միայն երկու ընթերցմամբ ընդունվելուց հետո:
Լուսանկարում` սահմանամերձ Այգեպար համայնքի տներից մեկը:
Մեկնաբանել