HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Հանրակրթական չափորոշչի փորձագիտական խմբի անդամներն ընտրվել են մրցույթով. պարզաբանում է նախարարությունը

Հանրակրթության պետական չափորոշչում փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշումը, Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հունիսի 2-ին տեղադրվելուց հետո, քննարկման առարկա դարձավ։

Կրթության ոլորտի մասնագետներից մի քանիսը պնդում էին, որ այն թերացումներ եւ հարցեր ունի՝ կապված առարկայական ժամաքանակների, հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության առանձնահատկությունների, ազգային փոքրամասնությունների լեզվի հետ։

Մի մասի պնդմամբ էլ հաշվի չեն առնվել մասնագիտական նրբություններ, այդ պատճառով էլ եղել են թերություններ։ Չափորոշիչների վերաբերյալ հայտարարություններով ու պարզաբանումներով հանդես եկան նախարար Արայիկ Հարությունյանը, փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, որոնք նշեցին՝ չափորոշիչը դեռեւս փոփոխման փուլում է։

«Հետքը» հարցում է ուղարկել նախարարություն՝ հասկանալու, թե ինչպես է կազմվել պետական չափորոշիչը, ովքեր են եղել հանձնաժողովի անդամները, որ դպրոցների ուսուցիչներն ու տնօրեններն են ներառված եղել այդ աշխատանքներում, ինչպիսին է եղել նրանց ընտրության կարգը։

Նախարարությունը տեղեկացրել է, որ պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայումն իրականացվել է երկու ծրագրի շրջանակներում՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավում» և «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար նախաձեռնություն․ կրթության բարելավում՝ հատկապես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտում» ծրագրերով. առաջին ծրագրով իրականացվել է հումանիտար եւ հասարակագիտական առարկաների չափորոշիչների մշակում, երկրորդով՝ բնագիտական, մաթեմատիկական։

Հանրակրթության առարկայական չափորոշիչները և ծրագրերը վերանայող աշխատանքային խմբերը ստեղծվել են 2019 թվականի հոկտեմբերին, իսկ մինչեւ այդ անցկացվել է բաց մրցույթ։

2019թ. մայիսի 6-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով խորհրդատուների ընտրության հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 31-Լ հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից ընտրվել են աշխատանքային խմբերի ղեկավարները և անդամները։ Ապա երկրորդ ծրագրով ընտրվել են մյուս մասնագետները։

Նախարարությունը որպես հարցման պատասխան ուղարկել է կայքում հրապարակած առարկայական չափորոշիչների լրամշակող փորձագիտական խմբերի անվանացանկը, սակայն նշված է միայն անուն, ազգանուն։ Թե ո՞ր դպրոցի ներկայացուցիչներ են, ի՞նչ պաշտոն են զբաղեցնում դպրոցում, նախարարությունը չի պատասխանել։

Ըստ ԿԳՄՍՆ-ի՝ նոր չափորոշիչը կփորձարկվի 2020-2021 ուսումնական տարվանից: Բնագիտական, ճարտարագիտական, տեխնոլոգիական և մաթեմատիկական բնագավառների համար փորձարկումը կիրականացվի Տավուշի մարզի բոլոր դպրոցներում, իսկ մյուս բնագավառների համար՝ Երևանում և տարբեր մարզերում ընտրված դպրոցներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter