HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն այցելել է Ոստան համայնք ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքներին ծանոթանալու նպատակով

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ու Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանն և վարչության պետի տեղակալ Վարսիկ Մարտիրոսյանն այցելել են Արարատի մարզի Ոստան համայնք` մշակաբույսերի ցանքատարածությունները դիտարկելու, ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքներին ծանոթանալու և բերքահավաքին հետևելու նպատակով:

Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ փոխնախարարին ուղեկցել է ֆերմեր Իոսիֆ Դինխոևը, նա համայնքում զբաղվում է տարբեր մշակաբույսերի, մասնավորապես` լոլիկի, ելակի, սոխի, ծաղկակաղամբի և պեկինյան կաղամբի մշակությամբ: Գյուղատնտեսական գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ֆերմերը բաց գրունտում ներդրել է կաթիլային ոռոգման համակարգ, որի շնորհիվ կարողացել է նվազեցնել ոռոգման ծախսերը և բարձրացնել բերքատվությունը: Բացի այդ, ֆերմերը կիրառում է ցանքաշրջանառություն, ինչը թույլ է տալիս բարելավել հողերի բերրիությունը և ապահովել բարձր և որակյալ բերք: Արտադրված գյուղմթերքը մասամբ իրացվում է  տեղական, մասամբ` ռուսաստանյան շուկայում: Պետական աջակցության շրջանակներում նա օգտվել է լիզինգի ծրագրից և ձեռք բերել մի շարք սարքավորումներ:

Իոսիֆ Դինխոևը տեղեկացրել է, որ այս համայնքում բարենպաստ պայմաններ են ստեղծված գյուղատնտեսությամբ զբաղվելու համար, առաջիկայում նա նախատեսում է բազմազանեցնել մշակաբույսերի տեսականին և զբաղվել նաև մոշի մշակությամբ: Տիգրան Գաբրիելյանը ֆերմերին ներկայացրել է պետական օժանդակության այն ծրագրերը, որոնց շրջանակում հնարավոր է նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ  բարձր արտադրողականությամբ մոշի ինտենսիվ այգի հիմնել` ապահովելով հատապտղի բարձր բերքատվություն:

Ֆերեմերն առաջիկակում նախատեսում է նաև հիմնել տարբեր մշակաբույսերի սածիլանոց, իսկ տնտեսությունն ընդլայնելու նպատակով` օգտվել պետական օժանդակության գործիքակազմից։

Անդրադառնալով այցի ընթացքում կատարված դիտարկումների արդյունքներին` Տիգրան Գաբրիելյանn ընդգծել է ցանքաշրջանառության իրականացման կարևորությունը և նշել, որ արդյունավետ գյուղատնտեսության գրավականը աշխատանքների ճիշտ կազմակերպումն է և նորագույն տեխնոլոգիաների կիրառումը. «Արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ հնարավոր է գյուղատնտեսության ոլորտում նվազեցնել արտադրվող գյուղմթերքի ինքնարժեքը և առավել քան 30 %-ով բարձրացնել շահութաբերության մակարդակը»,- նշել է նա:

Շրջայցի ընթացքում ներկայացվել են պետական օժանդակության ծրագրերի պայմանները, կատարված փոփոխություններն ու լրամշակումները, դրանց շրջանակներում շահառուներին տրվող արտոնությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter