HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջուլիան Ասանժի փաստաբանն ԱՄՆ-ին մեղադրել է գաղտնալսման մեջ

Իսպանացի նախկին դատավոր, ներկայում «WikiLeaks» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբան Բալտասար Գարսոնը Միացյալ Նահանգներին մեղադրել է գաղտնալսման մեջ։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։ Մադրիդում հուլիսի 27-ին՝ երկուշաբթի օրը, կայացած դատական լսումների ժամանակ, Գարսոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները գաղտնալսել են ոչ միայն իր պաշտպանյալին, այլև նաև իրեն. մասնավորապես, երբ Գարսոնը Մադրիդի իր տանը հանդիպել է Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեայի հետ։

Հենց Կորրեան է Էկվադորում Ասանժին տրամադրել քաղաքական ապաստան, ինչը նրան հնարավորություն է տվել 2012-2019 թվականներին գտնվել Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատան տարածքում։

«Europa Press» ինֆորմացիոն գործակալությունը, որն առաջինն է հայտնել ԱՄՆ-ին ուղղված մեղադրանքների մասին, չի նշել, թե երբ է կայացել Կորրեայի և Գարսոնի հանդիպումը, սակայն գրել է, որ Ասանժի դատապաշտպանի գաղտնալսման կազմակերպիչը, հնարավոր է, իսպանական «UC Global» ընկերությունն է, որը մասնագիտացած է անվտանգության ոլորտում։

Բալտասար Գարսոնն Իսպանիայում հայտնի իրավաբան է։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն հետապնդում է Ասանժին միայն նրա համար, որ «վերջինս բացահայտել է մարդկության դեմ իրականացված ծանր հանցագործությունները»։

2019 թվականի աշնանը գերմանական «NDR» հասարակական-իրավական հեռուստառադիոընկերությունը ոստիկանությունում բողոք է ներկայացրել իսպանական այս ընկերության դեմ՝ պնդելով, որ վերջինս լրտեսել է խմբագրության աշխատակիցներին, երբ նրանք Էկվադորի դեսպանատանն այցելել են Ջուլիան Ասանժին։

ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայից պահանջում է Ասանժի արտահանձնումը։ Վաշինգտոնի տվյալներով՝ «WikiLeaks» կայքի հիմնադիրն օգնել է ամերիկացի զինծառայող Բրեդլի Մենինգին, որն ավելի ուշ փոխել է սեռը և դարձել Չելսի Մենինգ, ստանալ հասանելիություն գաղտնի փաստաթղթերին, որոնք վերաբերում են Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ ռազմագործողություններին։

«WikiLeaks» կայքում հրապարակված փաստաթղթերի արդյունքում միջազգային հանրությանը հայտնի է դարձել մի շարք հանցագործությունների մասին, որոնք իրականացրել են ամերիկացի զինծառայողները Մերձավոր Արևելքում։ Միացյալ Նահանգներում Ասանժին մեղադրում են «երկրի պատմության ամենախոշոր տեղեկատվական արտահոսքի մեջ»։ Մեղադրանքի հաստատման պարագայում Ասանժին սպառնում է մինչև 175 տարի ազատազրկում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄեԾ Բրիտանիայում Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու վերաբերյալ դատական լսումները, կորոնավիրուսի համավարակի պատճառով, հետաձգվել են առնվազն մինչև սեպտեմբեր։

Լուսանկարը՝ AP Photo/Manu Fernandez

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter