HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը ապօրինություններ է բացահայտել «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ում

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» և մի ընկերության միջև 2015 թվականի փետրվարի 1-ին և 2016 թվականի մարտի 1-ին կնքվել են համապատասխանաբար՝ 7 միլիոն 200 և 7 միլիոն 420 հազար դրամ արժողությամբ «Անվտանգության և պահպանության ծառայությունների մատուցման» ու «Հիվանդանոցային օժանդակ ծառայության, դռնապահ-հիվանդապահի ծառայությունների մատուցման» պետական գնման պայմանագրեր, որոնց շրջանակներում «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելով, պատշաճ կերպով չեն ստուգել իրականացված ծառայությունների համապատասխանությունը` տեխնիկական բնութագրերին, ինչպես և չեն պահպանել դրանց հանձնման-ընդունման կարգի պահանջները, որպիսի պայմաններում կապալառու կազմակերպության աշխատակիցների կողմից փաստացի չեն մատուցվել պայմանագրերի տեխնիկական բնութագրերով նախատեսված ծառայությունները, սակայն վճարումներն իրականացվել են ամբողջ ծավալով, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 14 միլիոն 620 հազար դրամի վնաս: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Բացի այդ, 2016 թվականի հունիսին հիշյալ կենտրոնի նախկին տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, այլ անձի օժանդակությամբ կազմակերպել է կենտրոնի հաշվեկշռում գտնվող «Սուզուկի» մակնիշի երկու ավտոմեքենայի համար՝ իբրև տեխնիկական հագեցվածության պարագաների գնման գործընթաց, որի շրջանակներում իրենց հետ համագործակցած անհատ ձեռնարկատիրոջ օժանդակությամբ, վերջինիս կողմից կազմվել և երկկողմանի հաստատվել են բովանդակությամբ կեղծ պաշտոնական փաստաթղթեր, ինչի հիման վրա, «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» հաշվեհամարից նշված անհատ ձեռնարկատիրոջը փոխանցվել և յուրացման եղանակով հափշտակվել է խոշոր չափերի` ընդհանուր 950 հազար դրամ գումար:

Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter