HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սխրանքը կկրկնվի՞ խաղաղ օրերում

Ամեն տարի օգոստոսի 15-ին նշվում է Հադրութի տոնը։ Դա Հաղթանակի օր է։

1993-ի օգոստոսի տասնհինգը շրջադարձային է եղել ոչ միայն Հադրութի, այլ գուցե նաեւ ամբողջ Ղարաբաղի համար։ 1993-ի այդ օրը ադրբեջանցիներն՝ իրենց հսկողության տակ ունենալով շրջանի տասնչորս գյուղեր, լայնամասշտաբ գրոհ են ձեռնարկել Հադրութ քաղաքի վրա։ Հարձակումը ձախողվել է։ Սկսվել է ադրբեջանցիների բռնազավթած գյուղերի ազատագրումը։

Հադրութցի Անդրանիկ Աբրահամյանն ասում է, եթե մեր դիմադրությունը չլիներ, ադրբեջանցիներն՝ այդ պահն օգտագործելով, ամբողջ շրջանը կգրավեին։ « Մ եր տղաները, մեր ամբողջ ժողովուրդը հերոսություն կատարեցին ու այդ օրը Հադրութը եւ Հադրութի շրջանի շատ գյուղեր ազատագրվեցին»,-ասում է Անդրանիկը։

Արցախում ում էլ հարցնես, միաբերան կասեն, որ պատերազմի ընթացքում ամենախիզախ ու քաջասիրտ մարտիկները եղել են հադրութցիները, եւ դա է պատճառը, որ շրջանը տարածքային կորուստ չի ունեցել։ Արցախի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կարծիքով այսօր դարձյալ խիզախության ժամանակ է։ Խիզախություն եւ նվիրում է պետք արյան գնով պաշտպանածը պահպանելու համար։ «Այսօրվա աշխատանքային արարումները ոչնչով չպետք է զիջեն այդ սխրագործություններին,-ասում է պաշտպանության նախարարը,- դեռ ավելին՝ այսօր մենք ավելի նվիրված պետք է լինենք, ավելի բարեխիղճ պետք է կատարենք մեր գործը, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր ձեռք բերածը»։

Անդրանիկ Աբրահամյան Վիտալի Պետրոսյան    Էմիլ Գեորգի Ալավերդյան

Հրադադարի հաստատումից անցել է տասներկու տարի։ Պատերազմի հետքերը մասամբ վերացվել են։ Հադրութում, սակայն, դեռեւս չեն ստեղծվել այնպիսի պայմաններ, որ մարդիկ կարողանան ապահով ապրել։ Շրջանի բնակչությունը թեեւ չի պակասել, բայց չի էլ ավելանում։ Սա բացատրվում է տնտեսական ու սոցիալական մի շարք պատճառներով։

«Հայրենյաց պաշտպան» երիտասարդական կազմակերպության նախաձեռնող խմբի ղեկավար Վիտալի Պետրոսյանի կարծիքով պատճառների այդ շարքն էլ մեծացնում է արտահոսքը եւ կասեցնում բնակչության աճը։ Բարձրագույն կրթություն ստանալու նպատակով Ստեփանակերտ գնացած երիտասարդների վերադարձը Վիտալին անհավանական է համարում։ « Ովքեր հնարավորություն ունեն, կարծում եմ, հետ չեն գա։ Կարող են հետ գալ այնպիսի անձնավորություններ, որոնք, ասենք, ուրիշ ելք չունեն։ Իսկ ովքեր որ հնարավորություն ունեն, լավագույն դեպքում մնում են Ստեփանակերտում, իսկ վատագույն դեպքում դուրս գնում հանրապետությունից»,- ասում է Վիտալին։ Նա գտնում է, որ շրջանի բոլոր խնդիրները կարելի է լուծել միայն աշխատատեղերի ստեղծմամբ, որովհետեւ գործազրկությունն անգամ ամուսնանալու հնարավորություն չի տալիս երիտասարդներին։ «Ամուսնանում են նրանք, ովքեր միջոցներ ունեն ընտանիք պահելու, իսկ ովքեր չունեն, ստիպված չեն ամուսնանում։ Աշխատատեղերի բացումը, իմ կարծիքով, արդեն հիմք կստեղծի, որպեսզի երիտասարդությունը մնա իր հարազատ ծննդավայրում»։

Վիտալիի կարծիքը կիսում է նաեւ Արցախի պետական համալսարանի ուսանողուհի Լիանա Պետրոսյանը։ Նա շուտով կավարտի ուսումը, իսկ հայրենի Հադրութում աշխատանք գտնելու ոչ մի հեռանկար չի տեսնում։

Էմիլը փոքրիկ ռեստորան ունի Հադրութում։ Ինչպես ինքն է ասում, այդ բիզնեսով հազիվ կարողանում է ընտանիքը պահել։ Մասնագիտությամբ գյուղատնտես-մեխանիզատոր է, բայց երբեւէ իր գործով չի զբաղվել, որովհետեւ գյուղատնտեսության համար մեծ ներդրումներ են հարկավոր։ Հադրութի ապագան նա կապում է խաղողագործության զարգացման հետ։ «Հադրութի զարգացումը խաղողագործությունն ա։ Առաջ էլ՝ կոմունիստների ժամանակ, քանի դեռ այգիները չէին վերացրել, խաղողից ահագին եկամուտ ստացվում էր»։

Շրջանի ապագան խողողագործության հետ է կապում նաեւ Հադրութի վարչակազմի ղեկավար Վալերի Գեւորգյանը ։ Նա ասում է, թե դժվար է վերականգնել սովետական տարիների խաղողի այգիները, բայց հիսուն տոկոսը գոնե պետք է նորից հիմնադրվի։ «Ամենաստույգ աշխատատեղը, դա խաղողի այգին է,- ասում է պարոն Գեւորգյանը,- տարին տասներկու ամիս խաղողի այգում աշխատանք կա։ Դրա համար պետք է համախմբել անհատ սեփականատերերին»։

Այս կարծիքին է նաեւ Արցախի վաստակավոր ուսուցիչ, Կարմրակուճ գյուղի բնակիչ Գեորգի Ալավերդյանը. «Տասը հոգի անդամագրվեն մի կոլեկտիվի մեջ, մշակենք, ցանենք, ըստ ներդրածի բերքը բաժանենք։ Սա ինձ թվում ա ամենաճիշտ երեւույթն ա լինելու»։

Վարչակազմի ղեկավար Վալերի Գեւորգյանն ասում է, թե Մեծ Թաղեր գյուղում արդեն նման համախմբում կա։ «Բոլորն էլ հասկանում են, որ մ ենակ շատ դժվար ա։ Փորձել ենք մենակ, մենակ շատ ա դժվար»։

Սեփականատեր գյուղացին միայնակ չի կարողանում վարկ ստանալ։ Բանկերը գրավ են պահանջում, ինչը գյուղացին չունի։ Համախմբման դեպքում կարելի է գրավ դնել հենց խաղողի այգին, ստացված վարկով աշխատել ու ստեղծել աշխատատեղեր։ Եւ առհասարակ Հադրութում գյուղատնտեսության ապագան կապում են խոշոր միավորումների հետ, ինչն անցումային այս շրջանում կթեթեւացնի գյուղացիների հոգսը։

«Հադրութի վերածնունդ» ծրագրով «Մեծ Թաղեր-Ազոխ-Դրախտիկ» ենթաշրջանում նախատեսվում է ստեղծել գյուղատնտեսական տեխնիկայի միավորում։ « Երեւի լինի մոտ 15-20 միավոր տեխնիկա,- ասում է վարչակազմի ղեկավարը։-Անպայման էդ միավորումը ստեղծելու ենք՝ համ ժողովրդի աշխատելու տեղ ա, համ էլ սեփականատերը պետք է իմանա, որ դիմելու տեղ ունի»։ Միավորումում կաշխատեն նաեւ գյուղատնտեսներ եւ տնտեսագետներ, ովքեր խորհուրդներով կօգնեն գյուղացիներին՝ ինչ աճեցնել, ինչպես մշակել, ինչպիսի պարարտանյութեր օգտագործել։

Մելիքաշեն գյուղի բնակիչ Ալեքսանդր Բաղդասարյանն այս ամենից առաջ դնում է երկու նախապայման. « Ա մենից կարեւորը ճանապարհն ա ու ջուրը։ Առաջին հերթին երեւի ջրի հարցը, որ ջուր լինի»։

Գյուղատնտեսական ծրագրերը հաջողությամբ իրականացնելու համար «Հայաստան» Համահայկական հիմնադրամի «Հադրութի վերածնունդ» ծրագրով նախատեսվում է կառուցել «Արջաղբյուր-Հադրութ» եւ «Իշխանագետ-Մեծ Թաղեր-Ազոխ-Դրախտիկ» ջրագծերը։ Ծրագրում տեղ են գտել նաեւ «Ծակուռի-Այգեստան» ճանապարհի կառուցման եւ «Առաքել-Խծաբերդ» խճածածկ ճանապարհի հիմնովին նորոգման աշխատանքները։

«Ասենք, գնում ենք Ստեփանակերտ։ Առավոտ վեր ենք կենում, ոտով գնում էս ներքեւի ասֆալտը, ճանապարհը։ Էս ճանապարհից մինչեւ Ստեփանակերտ գնանք-գանք, արդեն մութ ա, ոտով պիտի գանք էս գյուղը»,- ասում է Ալեքսանդր Բաղդասարյանը։ Մելիքաշենի սակավաթիվ բնակիչները զբաղվում են անասնապահությամբ եւ՝ Ստեփանակերտից հեռու լինելով, իրացման խնդիր ունեն։ «Կով ենք պահում, ապրանք ենք պահում, մթերում ունենք։ Կարելի ա տարած ծախած ընդեղ շուկան, դե ճանապարհ չկա, կարում չենք»։

Հադրութի շրջանի Մելիքաշեն գյուղի բնակիչ Ալեքսանդր Բաղդասարյանը պատերազմում կորցրել է միակ որդուն։ Տասնվեցամյա այս պատանին զոհվել է, որպեսզի ապրի Արցախը, ապրի Հադրութը, ապրի Մելիքաշեն գյուղը։ Գյուղ, որի երբեմնի չորս հարյուր բնակչից մնացել է ընդամենը վեց ընտանիք, մնացածը հեռացել են, որովհետեւ ջուր չկա, ճանապարհ չկա, աշխատանք չկա, դպրոց չկա։ Կա միայն հույս, որ սխրանքը կրկնվելու է խաղաղ օրերում, եւ հադրութցին ապրելու է ապահով ու երջանիկ կյանքով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter