HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանե Գևորգյան

ForgeFiction. երբ գիրքը կարող է ունենալ մեկ սյուժե, բայց 40 հեղինակ

Հայկական ստարտափ ForgeFiction-ը առցանց հարթակ է, որտեղ տարբեր մարդիկ միաժամանակ կարող են գիրք գրել։ Ինչպե՞ս։ Ցանկացած մարդ, որը պատմություն գրելու ցանկություն ունի, ForgeFiction-ում սկսում է գրել իր պատմությունը, մյուս օգտատերերը կարդում են նախաբանն ու որպես շարունակություն՝ առաջարկում նոր «գլխի» իրենց տարբերակը։ Դրանից հետո բոլոր ցանկացողները քվեարկում են առաջարկված տարբերակների օգտին ու ձայների մեծամասնությունը ստացած գլուխն ընտրվում որպես շարունակություն։ Նույն սկզբունքով գրվում և ընտրվում են գրքի բոլոր հաջորդ գլուխները, որոնք պետք է հիմնված լինեն նախորդ հաստատվածների վրա։ Օգտատերը կարող է ինչ-որ գլուխ գրել ու առաջարկել, որ դա լինի վերջինը։ Քվեարկության արդյունքում որոշում է կայացվում և գիրքը պատրաստ լինում՝ որպես մեկ ամբողջական պատմություն։ Այսինքն՝ մեկ գիրքը կարող է արդյունքում ունենալ երկու, տասը կամ, օրինակ՝ քառասուն հեղինակ։ 

Ստարտափի համահիմնադիր Արեգ Վարդանյանը նշում է. «Կան ստեղծարար մարդկանց համայնքներ, որոնք օնլայն հետաքրքիր պատմություններ են գրում, բայց չկար մի հարթակ, որը կտար գործիքներ՝ նոր ու օրիգինալ կոնտենտ գրելու համար։ Այսինքն՝ մարդիկ ոչ թե նոր պատմություններ էին հորինում, այլ արդեն եղած բովանդակության հիման վրա գրում էին շարունակություններ։ Օրինակ՝ մտածում էին նոր հանգուցալուծումներ Star wars-ի կամ Game of Thrones-ի համար, բայց քանի որ դա օրիգինալ կոնտենտ չի համարվում, չէին կարողանում այն մոնետիզացնել»։ 

Որպես ստեղծարար համայնքի ակտիվ ներկայացուցիչներ՝ ստարտափի հիմնադիրնեը նկատել են բացն ու առաջարկել լուծում՝ հարթակ, որտեղ մարդիկ կարող են օրիգինալ բովանդակություն ստեղծել, ինչն էլ կարող է հիմք հանդիսանալ աշխարհում նոր պատմությունների, սերիալների, ֆիլմերի, կոմիքսների ավելացմանը։ Չէ՞ որ օրինակ Amazon Prime Video-ի, Netflix-ի, Disney+-ի ու նմանատիպ առցանց հեռուսատատեսային ծառայություններ մատուցող մեծ ընկերությունների միջև կա բովանդակության «պատերազմ»։ Այս հարթակը կարող է տալ նոր պատմություններ՝ արդեն իսկ իրենց հետևորդներով ու ակտիվ համայնքներով, որոնք պատրաստ են տեսնել գրքերի ֆիլմային տարբերակները։ 

Բացի այդ ForgeFiction-ը թույլ է տալիս, որ գրքի ստեղծմանը մասնակցեն այն մարդիկ, ովքեր ունեն լավ գաղափարներ, բայց դժվարանում են գրել։ Դրա համար կա universe-ը՝ երևակայական աշխարհը, որտեղ մարդիկ կարողանում են կերպարներ, իրադարձություններ, տեղանքներ հորինել, նկարագրել, իսկ գրողները օգտվում են դրանցից ու ստեղծում իրենց պատմությունները։ Հարթակն ունի նաև առանձին խմբեր ստեղծելու և տարբեր գրողների հետ իրական ժամանակում հաղորդակցվելու հնարավորություն, որտեղ գրողները միմյանց հետ քննարկում են՝ ինչպես զարգացնեն կերպարներն ու պատմության ընթացքը։ 

Երբ գիքրը պատրաստ է լինում, ForgeFiction-ի թիմն այն հրապարակում է Amazon.com-ում, որտեղից ցանկացողները կարող են գնել և՛ առցանց, և՛ տպագիր տարբերակը։ Ստացված գումարից ստարտափն ունի իր հասանելիքը, իսկ մնացած գումարը բաժանվում է գրքի հեղինակների միջև։ Հարթակում գրված բոլոր գրքերի հեղինակային իրավունքը պատկանում է ForgeFiction-ին։ 

ForgeFiction-ը գործում է ավելի քան մեկ տարի։ Ստարտափի 4 համահիմնադիրներ Արեգը, Հրաչը, Կարենն ու Գայանեն իրար շատ վաղուց են ճանաչել ու նրանց միավորել է սերը գեղարվեստական գրականության հանդեպ։ Քանի որ բոլորն էլ իրենց հերթին տարբեր առցանց համայնքների (community) անդամ էին, շատ լավ էին պատկերացնում՝ ինչ է պետք ստեղծագործ մարդկանց։ 

gif.gif (5.87 MB)

Սկզբում հեշտ չէր։ Ընկերներից ոմանց խնդրել են օգնել ստեղծել հարթակն ապա YouTube-ում հայտնի վլոգերների շնորհիվ օգտատերերին բերել իրենց կայք։ Եվրոպական Միության կողմից համաֆինանսավորվող IMG դրամաշնորհը ստանալուց հետո կարողացել են ստեղծել կայքի նախնական տարբերակը ու սկսել գրավել առաջին օգտատերերին։ 

Հետո արդեն ներդրում են ստացել SmartGateVC-ից, FAST-ից ու Bana-ից, հաղթել WCIT-ստարտափների համար նախատեսված մրցույթում։ 

Կայքում այս պահին գրվում է 358 գիրք։ Այն շաբաթական ունի միջինում 1500 ակտիվ օգտատեր։ Հիմնականում օգտատերերը անգլախոս երկրներից են։ Գիրք գրել կարելի է ցանկացած լեզվով, սակայն մինչև հիմա գրվել են միայն անգլերեն։ Կա առանձին խմբագիր, որը խմբագրում է գիրքը միայն այն դեպքում, երբ որոշվում է, որ կոնկրետ գիրքն ունի հետաքրքիր բովանդակություն ու պետք է այն ավելի լայն տարածում ունենա։  

Փետրվարին Amazon-ում հրապարակվեց ու ակտիվ տարածվեց առաջին գիրքը, որն ուներ մի քանի հեղինակ։ Միստիկ ժանրի այդ գիրքը պատմում է մի աղջկա մասին, որը պայքարում է պարանորմալ երևույթների դեմ։ Գիրքը դրական արձագանք է ստացել։ Ընթերցողները եթե նույնիսկ բովանդակության հետ կապված ինչ-որ էլեմենտներ չեն հավանել, միևնույն է չեն դժգոհել, որ գիրքն ունի մի քանի հեղինակ։ 

Առաջին փորձարկումը հաջողությամբ ավարտելուց հետո՝ հուլիսի 29-ին հրապարակվեց երկրորդ գիրքը, որն ունի 10 հեղինակ, իսկ ավելի քան 30 մարդ մասնակցություն է ունեցել universe-ի մշակմանը։ Այսինքն՝ մոտ 40 մարդ է ներգրաված գրքի բովանդակության ստեղծման մեջ։ 

Սպասվող գիրքը կոչվում է «Ճանապարհորդություն Ֆալադոնով»։ Առաջին գիրքն է ապագա եռագրությունից։  Ֆանտաստիկ գրականություն է։ Նախքան վերջնական գիրքը գրելը մոտ 1000 էջ վավերագրություն է եղել՝ գրված 40 մարդու կողմից. մանրամասն նկարագրություններ այն աշխարհի, որտեղ տեղի են ունենում բոլոր դեպքերը, տարբեր կերպարներ, հորինված քաղաքներ ու մայրաքաղաքներ։ Գիրքը պատմում է մի ծովահենի մասին, որը հերոսանալու միտումներ չունի, սակայն իր նախնիների ստեղծած կացինը ընտրում է իրեն՝ փրկելու աշխարհը սպասվող ապոկալիպսիսից։ Չնայած ոչ ոքի փրկելու ցանկություն չուներ, հենց այդ պահից էլ սկսվում է նրա ճամփորդությունը։ 

Հատկապես համաճարակի օրերին պարզվում է՝ մարդիկ ավելի շատ են սիրում գրել ու կարդալ։ Կախված երկրորդ գրքի արձագանքից, ստարտափի հիմնադիրնեը կավելացնեն նոր գործիքներ ու լուծումներ հարթակը ստեղագործ մարդկանց համար ավելի հարմարավետ դարձնելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter