
Լյովա Խաչատրյանի առաջին «գալիֆե» անդրավարտիքի կապը թիվ 12 ընտրատարածքի հետ
Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարին ներկա էր նաեւ օրեր առաջ կուսակցության շարքերն անցած, նախկինում անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Լրագրողները պատգամովորից հետաքրքրվեցին, թե ինչու է ընտրատարածքը փոխել եւ այժմ առաջադրվում է ոչ թե Արագածոտնի մարզի թիվ 14, այլ Երեւանի Շենգավիթ վարչական տարածքի թիվ 12 ընտրատարածքում:
«9 տարի ապրեցի գյուղում, իմ պապերի օջախում ու վերադարձա: Այնտեղի բոլոր խնդիրները գիտեմ: Իմիջիայլոց, այսօր 5 կմ ոտքով եմ քայլել ձնի, բքի միջով, ճանապարհները փակ էին ու ես շատ հոգնած եմ: Ես Երեւանում եմ գրանցված եւ հասանելի կլինեմ ոչ միայն ընտրողների, այլեւ լրագրողների համար»,-ասաց Լյովա Խաչատրյանը:
ԲՀԿ-ական պատգամավորը նաեւ հիշեցրեց իր կյանքի այն էջերը, որոնք կապված են եղել Երեւանի հետ: «Կողմնակիցներ ունեմ բոլոր տեղերում: Ես Երեւանում ծնվել, մեծացել եմ, մանկապարտեզ եմ գնացել, դպրոցն ու ինստիտուտն եմ ավարտել, կարուձեւի խմբակ եմ գնացել, ակարդեոնի խմբակ եմ գնացել: Առաջին գալիֆե անդրավարտիքը ես եմ ինձ համար կարել: Իմ ընկերները, նրանց երեխաները, իմ շրջապատը' բոլորն այսօր կան»,-ասաց Լյովա Խաչատրյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, արդյոք չի «վախենում» Երեւանի թիվ 12 ընտրատարածքում խնդիրներ ունենալուց: «Ոչ «Բարգավաճ Հայաստանը», ոչ ապարանցին «նեղվել» հասկացողություն չունեն: Ինչքան ընկերներիդ թիվն ավելանում է, այնքան դու ավելի շատ ես հզորանում»,-ավելացրեց Լյովա Խաչատրյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել