HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն հայտարարությամբ է հանդես եկել, որն առանց խմբագրման ներկայացնում ենք ստորև.

Սույն թվականի հուլիսի 28-ին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի տեսանյութ, որի մեջ ներկայացվում են Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման, իր խոսքերով, մի շարք դրական փոփոխությունները։ Ի պատասխան այդ հրապարակման, Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն հարկ է համարում փաստել, որ՝

1․ Կառավարությունն ի զորու չէ հոդաբաշխ պատասխանելու թաղամասի կառուցապատման օրինականությանը վերաբերող տարրական հարցերի։ Ակնհայտորեն բացակայում է քաղաքաշինական փաստաթղթերի ամբողջական փաթեթը, մասնավորապես՝ նախագծը, Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը (ՇՄԱԳ) ու համապատասխան թույլտվությունների զգալի մասը։ Կառավարությունն անկարող է հանրությանն արձագանքելու խայտառակ պատմություն ունեցող և սնանկ ճանաչված «Գլենդեյլ Հիլզ» ընկերության տնօրեն և բաժնետեր Էդուարդ Մելիքյանի՝ իբրև Ֆիրդուսի թաղամասի իրացման և կառավարության կողմից հաստատված խմբում ներդրողների հետ աշխատանքի պատասխանատու ներգրավելու հետ կապված հարցերին։ Ինչպես նաև՝ «Դիանար» ՓԲԸ ընտրության և այն ֆինանսական սխեմայի մասին հարցադրւմներին, առ այն, թե ինչու կառուցապատում իրականացնող գրեթե բոլոր ընկերությունների հիմնադիրը նույն Մելիքյանն է: Կառավարությունը ձեռնոց է նետում հասարակությանը՝ հաստատելով Նարեկ Սարգսյանի հայեցակարգը և ընգրկելով նրան կառավարության աշխատանքային խմբում՝ քաջ իմանալով, որ նա ակնհայտորեն շահերի բախման վիճակում էր, երբ զբաղեցնում էր բարձր պաշտոն և միաժամանակ մշակում և հաստատում Ֆիրդուսի կառուցապատման՝ այսպես կոչված կոնցեպտը։

2. Ներկայացված տեսանյութն ուղղակի մանիպուլատիվ է, քանի որ իբրև թե ցուցադրում է Ֆիրդուսի թաղամասի վերակառուցումը և դրանում նախատեսվող փոփոխությունները, բայց այդտեղ ներկայացված տարածքի որոշ մասն առհասարակ դուրս է նախկինում հանրայնացված փաստաթղթերով նախատեսվող տարածքից։ Նարեկ Սարգսյանի հեղինակած հայեցակարգը, բարձրահարկ շենքերով և կլոր հրապարակով, մնում է անփոփոխ, ինչն անդառնալի հետևանքներ կունենա քաղաքի պատմամշակությաին շերտերի աղավաղման գործում։ Հանրապետության փողոցի երկայնքով գոյություն ունեցող հուշարձան շենքերի հետնամասում զբոսաշրջային փողոց բացելու մտահղացումը ոչ այլ ինչ է, քան իրացման ենթակա ամբողջ տարածքի հիմնական կառուցապատման ամենավիճելի հատվածի՝ նոր հրապարակի և նրա շուրջ 13 հարկանի շենքերի կառուցումն արդարացնելու խղճուկ փորձ։ Հանրապետության փողոցի շենքերի մասշտաբի և դրա հետնամասում առաջարկվող շենքերի ցածր հարկայնության քողի տակ թաքցվում են նախատեսվող կառուցապատման իրական ծավալները, որոնք աղետաբեր հետևանքներ են առաջացնելու ոչ միայն տվյալ թաղամասի համար, այլև ամբողջ շրջակայքի, այդ թվում՝ Հանրապետության հրապարակի և Երևանի ճանապարհային ցանցի հիմնական անոթներից մեկի՝ Խանջյան փողոցի երթևեկության և այլ ենթակառուցվածքային համակարգերը սպասարկելու առումով։

3. Ըստ 2018 թվականի մարտի 22-ի կառավարության 332 - Ն որոշման, տեսանյութում ներկայացված հատվածը չի հանդիսանում իրացման գոտու տարածք, ինչը նշանակում է, որ այդ «դրական փոփոխություն»-ը, ըստ էության, ոտնձգություն է մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության նկատմամբ։ Սա հակասում է 2020 թվականի հուլիսին Երևանի քաղաքապետարանի կողմից մեզ ներկայացրած Երևան քաղաքի 33-րդ թաղամասի կառուցապատման սխեմային։

4. Կոմիտեի բազմիցս բարձրաձայնած մտահոգությունները ճարտարապետ Նարեկ Սարգսյանի՝ 33-րդ թաղամասի նախագծային խմբի փաստացի ղեկավար լինելու կապակցությամբ մինչ օրս ոչ միայն չեն փարատվել կամ հերքվել պատկան մարմինների կողմից, այլև ցուցադրված տեսանյութում ակնառու կերպով երևում է վերջինիս ձեռագիրը։ Մասնավորապես, Հանրապետության 46 հուշարձան շենքի անմիջապես հարևանությամբ նախատեսվում է կառուցել ճիշտ մեկ խաչմերուկ ներքև, Բուզանդի և Մելիք-Ադամյան փողոցների անկյունում վերջինիս հեղինակած շենքի կրկնօրինակը։ Այդպիսի մի շենք էլ Նարեկ Սարգսյանը նախագծել և կառուցել է Հյուսիսային պողոտայում։ Այս առաջարկը հուշարձանների պահպանության զուտ նարեկսարգսյանական նմուշ է, որը հանդիպում է ՀՀԿ-ի վարչական շենքի, ՀԲԸՄ-ի շենքի «վերակառուցման» օրինակներում, երբ մի դեպքում մեկ հարկանի ճակատային շենքը դարձել է եռահարկ անկյունային շենք, իսկ երկրորդ դեպքում լուսանկարի վրայից ուղղակի նկարվել, ապա մեջտեղից երկու մասին է բաժանվել քաղաքային դումայի շենքը։

Երևանի ժառանգության կոմիտեն, վերահաստատելով իր նախորդ պահանջները, կոչ է անում`

- Փոխվարչապետի գրասենյակին՝ հրապարակել Երևանի 33-րդ թաղամասի կառուցապատմանը վերաբերող բոլոր փաստաթղթերը՝ ներառյալ խնդրո առարկա այս նախագիծը և եռաչափ մոդելավորումը կատարած ճարտարապետի անունը,

- ՀՀ կառավարությանը՝ դադարեցնել այս ապօրինի գործընթացը և ձեռնպահ մնալ նման մանիպուլատիվ և իմիտացիոն նախագծային առաջարկների ներկայացումից,

- Երևանի քաղաքային իշխանություններին՝ տեր կանգնել իրենց առաջնային մանդատով ստացած լիազորություններին և ակտիվորեն պաշտպանել Երևան քաղաքի մշակութային ժառանգությունը և բնակիչների շահերը,

- Իրավապահ մարմիններին և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ դիտարկել Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման շուրջ հնարավոր շահերի բախման դրսևորումները և նախագծի իրականացման ամենատարբեր օղակներում ներգրավված անձանց կապերը։

Կոմիտեն նաև հիշեցնում է, որ հայտարարվել է Ֆիրդուսի թաղամասի քաղաքային միջավայրի վերակենդանացման այլընտրանքային առաջարկների միջազգային մրցույթ, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://alt33.info/։ Մրցույթի նախնական արդյունքները հասանելի կլինեն ս․թ․ սեպտեմբերին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter