HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացիայի նախագծի ՇՄԱԳ հայտում շահագործումը դադարեցնելու և ռեկուլտիվացիա սկսելու ժամկետ չի նշվում

Երեկ՝ հուլիսի 28-ին Ախթալայի համայնքապետարանում սկսվեց «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ին պատկանող «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացիայի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի լսումների 1-ին փուլը: «Նահատակ»  պոչամբարը տեղակայված է Մեծ Այրում և Ճոճկան բնակավայրերի վարչական տարածքում: Հանրային լսմանը ազդակիր բնակավայրերից երկու բնակիչ էր մասնակցում:Ախթալա համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը  բացատրեց, որ բնակչությունը  կորոնավիրուսի վարակի պատճառով է խուսափել ներկայանալ պոչամբարի  ռեկուլտիվացման  նախագծի  հայտի քննարկմանը: Համայնքապետը խոստացավ ազդակիր բնակավայրերում ըստ թաղամասերի՝ բնակչությանը տեղեկացնել պոչամբարի ռեկուլտիվացիայի նախագծի շրջակա  միջավրի վրա  ազդեցության գնահատման հայտին: 

Ախթալայի լեռնահարստացման ֆաբրիկայի պոչերը «Նահատակ» պոչամբարում պահեստավորվում են 1967թ.-ից: Լեռնահարստացման ֆաբրիկայի նախագծային արտադրողականությունը կազմում է 500հազ.տ/տարի: Պոչամբարի  ռեկուլտիվացիայի ենթակա մակերեսը՝ պատնեշի թեքությունների  մակերեսի հետ կազմում է 17,83 հա: Դեռ 2017թ.-ից պարզ է դարձել, որ «Նահատակ» պոչամբարը  առաջիկա 1-2 տարում այլևս չի բավարարի լետնահարստացման կոմբինատին: Որպեսզի ԼՀԿ-ն կարողանա աշխատել, երկու տարի առաջ նախագիծ է արվել  Շամլուղի բաց հանքի արդյունահանված տարածքում չոր պոչերի պահեստավորում կատարելու համար: ԼՀԿ-ն այդ նախագծով ակնկալել է, որ չոր պոչանքեր ստանալուց հետո հնարավոր կլինի ռեկուլտիվացնել «Նահատակ» պոչամբարը: «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Խաչատրյանի խոսքով ծրագիրը կյանքի կոչելու համար կոմբինատի կողմից 2 միլիարդ դրամի ներդրումով  կառուցվել է պոչանքների չորացման արտադրամաս, որը անցած երկու տարիներին իրեն չի արդարացրել: Լեռնահարստացման կոմբինատը ստիպված իր արտադրությունը սկսել է իրականցնել «Նահատակ» պոչամբարի պատնեշների բարձրացման  հաշվին: 

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտը ներկայացրեց նախագծի հեղինակ «Ակունք- Ֆիրմա» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը: «Այդ նպատակով պոչամբարի շահագործումը նախատեսում ենք դադարեցնել և այն ենթարկել ռեկուլտիվացիայի»,-հայտնեց  բանախոսը: Թե, երբ  կդադարեցվի պոչամբարի շահագործումը և երբ կսկսվի ռեկուլտիվացումը, նախագիծում չի նշվում: Այդ մասին նախագիծը ներկայացնելիս չնշեց նաև  Հովհաննես Նիկողոսյանը: Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի տնօրեն  Սամվել Խաչատրյանը «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացիայի նախագծի հայտի ամբողջ քննարկման ընթացքում պնդում էր, որ առաջիկա մեկ տարում   ռեկուլտիվացիայի նպատակով  «Նահատակ» պոչամբարի շահագործումը  դադարեցնելու մասին խոսք լինել չի կարող:

«Հետք»-ի հարցին, թե երբ է դադարեցվելու «Նահատակ» պոչամբարի շահագործումը,  տնօրեն Սամվել Խաչատրյանը պատասխանեց, թե  կոմբինատում տեխնիկական  վերազինում պետք է անպայման կատարվի, իսկ դա, կախված է Չինաստանի հետ ԼՀԿ-ի համագործակցությունից, որն արդեն մեկ տարի է չի ստացվում: 

«Հիմա մենք որոշել ենք, որ չինացիների մասնագետը գա կոմբինատի պոչանքների չորացման արտադրամաս և մեզ բացատրի ու ցույց տա ինչ պետք է անենք, որ պոչանքների չորացման արտադրամասը 95 կամ 100 տոկոսով աշխատի: Այս պահին մենք  կարողանում ենք արտադրամասում չորացնել պոչանքների 55 կամ 60 տոկոսը: Դա շատ քիչ է մեզ համար»,-ասաց Ս.Խաչատրյանը:

Թե ինչո  անցած երկու տարիներին Չինաստանից մասնագետ չի հրավիրվել չորացման արտադրամասի շահագործումն իրենց սովորեցնելու համար, Ս. Խաչատրյանը չի պարզաբանում: Վերջինիս խոսքից կարելի է եզրահանգել, որ ԼՀԿ-ի կողմից, ոչ թե մի փոքր խողովակով է պոչանքը լցվում «Նահատակ» պոչամբար, ինչպես քննարկման ընթացքում պնդում էր Ս. Խաչատրյանը, այլ պոչամբար է լցվում արտադրության ընթացքում կորզվող պոչանքների մոտ 40-45 տոկոսն ու պոչանքների չորացման արտադրամասի պոչանքային ջրերը: «Ինչքան ուզում է իդեալական աշխատի լեռնհարստացման կոմբինատը, «Նահատակ» պոչամբարում արդեն 3000 տոննա պոչանքնային ջուր կա»,- «Հետք»-ին ասաց Սամվել Խաչատրյանը: Վերադառնալով լեռնահարստացման ֆաբրիկայի պոչանքների հոսքը դեպի «Նահատակ» պոչամբար ընդհանրապես դադարեցնելուն, Սամվել Խաչատրյանը պարզաբանեց, որ դա հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ Չինաստանի մասնագետները գան և  իրենց օգնեն արտադրամասում  ապահովել  պոչանքների գոնե  85 տոկոս չորացում: «էդ դեպքում արտադրամասում  առհասարակ ջուր չի առաջանա»,- ասաց Ս. Խաչատրյանը :

Վերջինս «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացիայի նախագծի հայտի լսումների շեմին առաջարկում էր պոչանքների չորացման արտադրամասի պոչանքային ջրերի համար նոր ամբար կառուցել: Նա առաջարկում էր ԼՀԿ-ին կամ ամբարի կառուցման նոր տարածք հատկացնել, կամ թույլ տալ ամբարը կառուցել «Նահատակ» պոչամբարի տարածքում: Նախագծի հեղինակ Հովհաննես Նիկողոսյանի խոսքով պոչամբարի ռեկուլտիվացման համար պատվիրատուի առաջարկությամբ մշակվել է նախագծի երկու տարբերակ:

Հ. Նիկողոսյանը ռեկուլտիվացիայի նախագծային հայտով նախատեսում է պոչամբարի տարածքը  բաժանել երեք մասի, իսկ ռեկուլտիվացման  աշխատանքները կատարել  երկու փուլով: Երկու տարբերակում էլ  1-ին փուլում  նախատեսվում է ռեկուլտիվացնել պոչամբարի փաստացի չոր մակերևույթով շեպը և չորացած հորիզոնական հարթակը: Նախածով 2-րդ փուլում նախատեսվում է ռեկուլտիվացնել ներկայումս դեռ չչորացած պոչամբարի հարթակը և ամբարտակից ներքև պարզեցման լճակը: Նախագծի 1-ին փուլով նախատեսվում էր հարթեցնել նաև պոչամբարի մակերեսը: «Հարթեցված մակերեսի վրա փռվելու է 0,3- 0,4մմ  հաստությամբ մեկուսացնող պոլիէթիլային թաղանթ ՝գեոմեմբրան: Այն կբացառի  ինչպես մթնոլորտային տեղումների ներթափանցումը դեպի պոչեր, այնպես էլ պոչամբարի զանգվածից  ջրերի ներթափանցումը  ռեկուլտիվացված շերտ: Թաղանթի վրա  նախագծով նախատեսվում է փռել 30 սմ հաստությամբ ապառների շերտ և հարթեցնել»,- ասաց Հ. Նիկողոսյանը: Նրա խոսքով կենսաբանական  ռեկուլտիվացման փուլում նախատեսվում է պոչամբարի դրենաժային շերտը  ծածկել 20սմ հողի բերրի շերտով և վրան իրականացնել տարածքին բնորոշ խոտաբույսերի ցանք: Հ. Նիկողոսյանի ասելով ռեկուլտիվացիայի  շինարարությունը նախատեսված է իրականացնել 2,4 տարում:

«Առաջին փուլում մենք նախատեսում ենք ռեկուլտիվացնել պատվարի փեշերը , երկրորդ փուլում նախատեսում ենք  ռեկուլտիվացնել ջրային տարածքը»,-ասաց Հ. Նիկողոսյանը: Դրա համար  նախագծում ռեկուլտիվացման երկու տարբերակ է ընտրվել, կամ  ջուրը ընդհանրապես կարտանետվի Դեբեդ  գետ և այդ կերպ կչորացվի տարածքը, կամ կսպասեն ջրամբարի ջրերի գոլորշիացմանը: 

«Ըստ մեր հաշվարկի դա կտևի 7 ամիս, նախագծի իրականացումը կտևի մոտ 4 տարի »,- ասաց նախագծի հեղինակը: Նրա խոսքով՝ պետք է այնպես անել, որ  պոչամբարի վրայի ցանքսերը իրականանցվեն ուշ աշնանը, կամ  գարնանը: «Սա էլ է որոշ չափով խոչընդոտելու է ռեկուլտիվացման աշխատանքների ժամանակացույցը»,- ասաց Հ. Նիկողոսյանը:  «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացիայի նախագծի հայտում ռեկուլտիվացիայի աշխատանքների  ժամկետների անորոշությունը վստահություն չի ներշնչել «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանին:  

««Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացիայի նախագծի հայտի մասին իմ կարծիքը բացասական է, այնտեղ կան լուրջ անճշտություններ: Ինձ թվում է ժամկետների երկարաձգումով  «Նահատակ»  պոչամբարի ռեկուլտիվացիայի  հայտով ուղղակի ժամանակ է շահվում»,- ասաց Օլեգ Դուլգարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter