HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Զարթոնքում հերթական միջադեպն է եղել նախկին համայնքապետի մերձավորների և համայնքապետի տեղակալի միջև

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում հերթական միջադեպն է գրանցվել, ինչից հետո այսօր գյուղացիները բողոքի ակցիա էին իրականացնում համայնքապետարանի դիմաց։ Հուլիսի 27-ին՝ կեսօրից հետո, գյուղացիների աչքի առաջ մի խումբ տղամարդիկ երկաթյա ձողերով հարձակվել են համայնքապետի տեղակալ Սուրեն Պողոսյանի և ևս 3 հոգու վրա՝ պատճառելով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։ Կոտրել են նաև Պողոսյանների ավտոմեքենան:

Ոստիկանությունից փոխանցեցին, որ միջադեպի վերաբերյալ հաղորդում էր ստացվել: Մի քանի անձ բերման է ենթարկվել, հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն): Նախաքննություն իրականացնելու նպատակով գործն ուղարկվել է քննչական բաժին:

Սուրեն Պողոսյանի մայրը՝ Ալետա Բասենցյանը, «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ մարմնական վնասվածքներ են ստացել իր երկու որդիները՝ Սուրենը և Սիրեկանը: Սիրեկանի ծնոտն է կոտրվել, իսկ Սուրենի գլխամաշկն է պատռվել, ինչպես նաև կոտրվել է ձեռքը:

«Պատճառը սեղանն ա, աթոռն ա, գրիչն ա, ո՞վ չգիտի, որ աթոռի կռիվ ա, ում էլ հարցնեք դա են ասելու»,-ասաց Ալետա Բասենցյանը:

Համայնքի ղեկավարի տեղակալի մայրը նշեց, որ իր տղաների և մյուս 3 անձանց վրա հարձկվել են նախկին համայնքապետ Պարույր Սարգսյանի կողմնակիցներն ու ազգակիցները:

Փորձեցինք զրուցել նաև մարմնական վնասվածքներ ստացած Սիրեկան Պողոսյանի հետ: Վերջինս դժվարությամբ էր արտաբերում բառերը: Նա հրաժարվեց որևէ պարզաբանում տրամադրել: 

Մարգարիտ Մխիթարյանը պատմեց, որ Սուրեն Պողոսյանին երկաթյա ձողով հարվածել է գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ Նարեկ Մելքոնյանը, որը նախկին համայնքապետ Պարույր Սարգսյանի թոռն է՝ դստեր որդին: Իսկ դուստրը՝ Հոռոմսիմ Սարգսյանը, Զարթոնքի միջնակարգ դպրոցի տնօրենն է: Նրա ասելով՝ կռվին մասնակցել է նաև Նարեկ Մելքոնյանի եղբայրը՝ Արգիշտին և Պարույթ Սարգսյանի մյուս թոռները, եղբորորդին:

Ըստ Մարգարիտ Մխիթարյանի՝ կիրակի օրը, երբ գերեզմանոցից տուն էր վերադառնում, մի խումբ մարդիկ էին հավաքվել Պարույթ Սարգսյանի տան բակում: Տիկին Մարգարիտն ասում է, որ լսել է, թե ինչպես է Պարույր Սարգսյանը հրահանգ տալիս, թե մի մարդու նման պատրաստ լինեք: Դրանից հետո անմիջապես զանգել է դստերը, ով Սուրեն Պողոսյանի կինն է, և զգուշացրել է լսածի մասին:

Մարգարիտ Մխիթարյանի ասելով՝ համայնքապետի տեղակալին և մյուս տղաներին ծեծել են այն ժամանակ, երբ վերջիններս անվադողեր են հավաքել, որ ուղարկեն սահման: Նա դժգոհում էր, որ իրավապահ մարմինները համարժեք քայլեր չեն ձեռնարկում:

Այսօր Զարթոնքի բնակիչները ստորագրություն էին հավաքում, որպեսզի պատկան մարմիններն աշխատանքից ազատեն պատմության ուսուցիչ Նարեկ Մելքոնյանին:

Զարթոնքցիներից Մարինե Պողոսյանն էլ ասաց, որ դեպքի օրը Պարույր Սարգսյանի համախոհներից մեկը ավտոմեքենան փորձել է վարել իր և հարևանուհու ուղղությամբ: Երբ բղավել է նրա ուղղությամբ, ավտոմեքենայից հայհոյել է, այնուհետև իջել և կռվի է բռնվել որդու հետ: Միջամտել են նաև ոստիկանները:

Պարզաբանում ստանալու նպատակով զանգահարեցինք Պարույր Սարգսյանի դստերը՝ Զարթոն գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հոռոմսիմ Սարգսյանին: Վերջինս բոլորովին այլ բան պատմեց:

Հոռոմսիմ Սարգսյանը նշեց, որ բազմից հարձակվել են իր, հոր տների վրա, դպրոցի վրա, որից մեկ դեպքով անձամբ ինքն է դիմել Մեծամորի ոստիկանության բաժին, սակայն մնացել է անհետևանք:

«Իմ որդիներին հո մեղադրելով չի, օրենք գոյություն ունի: Սա որերորդ դեպքն է, որ Սուրեն Պողոսյանը հարձակում է գործում մեր սեփական տարածքների վրա»,-նշեց Հ. Սարգսյանը: Նա պատմեց, որ միջադեպը սկսել է այն բանից հետո, երբ Սուրեն Պողոսյանը ավտոմեքենայով հարվածել է իր հայրիկի՝ Պարույր Սարգսյանի ավտոմեքենային, որը կայանված է եղել հայրական ընտանիքին պատկանող խանութի մոտակայքում: 

«Դուրս են եկել, դրանից էլ սկսել է միջադեպը: Փաստեր կան, փաստերը իրավապահների ձեռքում է»,-հավելեց Հոռոմսիմ Սարգսյանը, հավելելով, որ միայն որդին՝ Նարեկն է եղել այդ տարածքում և Պարույր Սարգսյանի մյուս թեռները միջադեպին մասնակից չեն եղել: Նարեկն ավագանու անդամ է, և այդ օրը ավագանու նիստ է եղել, համայնքապետարանից նա դուրս է եկել և շարժվել խանութի ուղղությամբ, որը համայնքապետարանից շատ հեռու չի գտնվում:

Ինչ վերաբերում է կիրակի օրը Պարույր Սարգսյանի բակում տեղի ունեցած խոսակցությանը, որի մասին խոսում էր Մարգարիտ Մխիթարյանը, Հոռոմսիմ Սարգսյանն ասաց, որ նման բան չկա և տրամաբանական էլ չէ, որ եթե նման բան լիներ, այդ մասին բարձրաձայն խոսեին, որպեսզի կողքից էլ անցորդները լսեին:

«Տարիուկես իրենք գյուղապետարանում նստած են, իրենց ոչ ոք չի խոչընդոտել ոչ մի հարցում: Իսկ, թե ինչ է ուզում Սուրեն Պողոսյանը, ես չգիտեմ»,-ավելացրեց Հոռոմսիմ Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter