HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Հողերն ապօրինի կցվում են Իջեւանին

2005 թ.հոկտեմբերի 6-ին ՀՀ կառավարությունն ընդունել է թիվ 2417-Ն որոշումը,որը նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից վավերացվել է 2006 թվականի հունիսի 5-ին, այսինքն' 8 ամիս անց:

Ազգային ժողովում, հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով պատգամավոր Մանուկ Գասպարյանի հարցին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ այս հարցից: Այսինքն' կառավարության ղեկավարը անտեղյակ է կառավարության որոշումից:

Տխրահռչակ այդ որոշումը վերաբերում է Իջեւան քաղաքային համայնքի վարչական սահմանները հաստատելուն եւ այդ վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելուն: Սույն որոշման 2-րդ կետի ընթերցումից պարզվում է, որ Իջեւան քաղաքի վարչական սահմաններում պետական սեփականություն հանդիսացող հողերը կազմում են 2469.07 հա:

Նախագահ Ռ. Քոչարյանին ուղարկված դիմումի մեջ Գանձաքար համայնքի ավագանու բոլոր անդամները եւ համայնքապետ Ա.Հակոբյանը նշել են, որ Իջեւան քաղաքն իր գոյության ամբողջ ընթացքում զբաղեցրել է 350 հա տարածք: Կառավարության ձեռքով,այս որոշմամբ, Գանձաքար համայնքից 1801 հա եւ Գետահովիտ համայնքից 84 հա կցվել են Իջեւան քաղաքին: Գանձաքար եւ Գետահովիտ համայնքների ղեկավարներն անտեղյակ են եղել, որ դեռեւս անցյալ տարի կառավարությունը իրենց համայնքի վերաբերյալ, իրենցից թաքուն որոշում է կայացրել, որը ՀՀ պաշտոնական տեղեկագրում հրապարակվել է այս տարվա հունիսի 21-ին:

Որոշումից անտեղյակ Գետահովիտ համայնքի ավագանու որոշմամբ որոշ հողակտորներ օրինական հիմունքներով սույն թվի հունիսի 5-ին աճուրդի են հանվել: Սակայն անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Իջեւանի ստորաբաժանման ղեկավար Կոլյա Խաչատրյանը զանազան պատճառաբանություններով (որ Գետահովիտ համայնքի կողմից օտարված հողամասերը հանդիսանում են գյուղատնտեսական հողամասեր,սակայն օտարվել են որպես բնակավայրերի կամ արդյունաբերական նշանակության հողեր, գնված հողակտորներում կառուցվելիք շինությունները մոտ են լինելու միջպետական մայրուղուն եւ այլն) հրաժարվել է գետահովտցիների ձեռք բերած հողակտորները գրանցել: 2006 թվականի հունիսի 6-ին պ-ն Խաչատրյանը, ամենայն հավանականությամբ, տեղյակ լինելով կառավարության ընդունած, նախագահի վավերացրած, բայց դեռեւս օրենքի ուժ չստացած որոշման մասին(որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական տեղեկագրում հրապարակման հաջորդ օրվանից), փաստորեն դրա կենսագործման համար «կանաչ լույս» էր վառում:

Իջեւանում գրեթե բոլոր կառույցները հենց մայրուղու եզրին են, որոշներն էլ կախված հենց ճանապարհի վրա, բայց պ-ն Խաչատրյանի ձեռամբ օրինականացվում են: Ներկայումս էլ Գետահովտին եւ Իջեւանի միջեւ գտնվող, վիճարկելի համարվող նույն տարածքում, Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի հովանավորությամբ նոր շինություններ են արագորեն կառուցվում, որոնց պետական գրանցումը պ-ն Կ.Խաչատրյանը հետագայում անկասկած կիրականացնի:

Արդեն նշեցինք,որ կառավարության վերոհիշյալ որոշումը կյանքի է կոչվել 2006 թ.հունիսի 22-ին,այսինքն' սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո: Բարեփոխված սահմանադրության 105.1 հոդվածը հռչակում է. «Համայնքի վարչական սահմաններում գտնվող հողը, բացառությամբ պետական կարիքների համար անհրաժեշտ, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող հողերի, համայնքի սեփականությունն է»: Այսինքն' կառավարության այդ որոշումը հակասահմանադրական է, քանզի Գանձաքար եւ Գետահովիտ համայնքներից վերցվում են այդ համայնքների վարչական սահմաններում գտնվող հողերը:

Մեր ձեռքի տակ է մի զարմանալի փաստաթուղթ' 2006թ. փետրվարի 21-ին Տավուշի մարզպետարանում կայացած խորհրդակցության արձանագրությունը: Այդ նիստին մասնակցել են Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ս.Թովմասյանը, «Հողմոնիտորինգ» ՊՓԲԸ տնօրեն Հ.Վարդանյանը, Տավուշի մարզպետարանի աշխատակիցներ, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Իջեւանի ստորաբաժանման ղեկավար Կ.Խաչատրյանը, Իջեւանի, Գանձաքարի եւ Գետահովտի համայնքապետերը: Արձանագրության մեջ չգիտես ինչ տրամաբանությամբ Իջեւանի եւ Գետահովտի միջեւ վիճելի տարածքն անվանվում է «արդյունաբերական գոտի», թեեւ այնտեղ արդյունաբերական միայն մի օբյեկտ կա' «Քարարտը»:

Արձանագրության մեջ նշվում է, որ այդ տարածքը Իջեւանի հանձնելուն դեմ է Գետահովտի համայնքապետարանը, Գանձաքարի համայնքապետարանը եւս դեմ է եղել տարածքներ կորցնելուն, ուստի նիստի մասնակիցները «... խնդրի վերջնական լուծման համար համաձայնության չեկան: Նկատի ունենալով վերը շարադրվածը, որոշվեց խնդրի վերջնական լուծմանն անդրադառնալ կառավարական հանձնաժողովում»: Եվ նիստի բոլոր մասնակիցներն էլ փաստաթղթի տակ ստորագրել են, այդ թվում' Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը:

Ի՞նչ է ստացվում, կառավարությունը որոշում է ընդունում, հետո սկսում այս հարցի քննարկումը, որոշվում է հարցը կառավարական հանձնաժողովում քննարկել ու այդպես էլ չի քննարկվում: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պատգամավոր Մանուկ Գասպարյանի հարցին ի պատասխան ի լուր բոլորի հայտնեց, որ հարցը կլուծվի փոխադարձ համաձայնությամբ: Գետահովտի եւ Գանձաքարի համայնքապետերը, համայնքների ավագանին, այդ համայնքների բնակիչները վճռական են տրամադրված իրենց հողերը պաշտպանելու համար: Հանրապետական տարբեր լրատվամիջոցներ' եւ էլեկտրոնային, եւ տպագիր, շարունակում են անդրադառնալ այս կոնֆլիկտին: «Առավոտ» օրաթերթի հոկտեմբեր 21-ի համարում տպագրված Նաիրա Վանյանի «Քողարկված վաճառք» հոդվածն մեծամասամբ արծարծվում է այն հարցը, թե ում են վաճառվել Գետահովտի վիճահարույց հողերը: Պատասխանն էլ միանշանակ է' «պագոնավորներին», ԱԺ պատգամավորներին, դատախազության եւ մարզպետարանի աշխատակիցներին: Ի պատասխան մեր գրավոր հարցման Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Իջեւանի ստորաբաժանման ղեկավար Կոլյա Խաչատրյանը հայտնեց, որ ոչ ԱԺ պատգամավոր Արծրունի Ղալումյանը եւ ոչ էլ Գագիկ Մելիքյանը այստեղ հողեր չեն գնել: Պարզապես Արծրունի Ղալումյանի ղեկավարած «Արնար» բարեգործական հիմնադրամը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի աջակցությամբ այստեղ մի 1500 տեղանոց, եվրոպական չափանիշներին համապատասխան ֆուտբոլային մարզադաշտ է կառուցում:

Մեր տվյալներով շուրջ 80 հողակտորից իրավապահ մարմինների աշխատողներից ընդամենը 4 հոգի հողամաս ունի այդ տարածքում: Նրանցից մեկն արդեն պաշտոնաթող է, մյուսն այդ հողամասը 1988 թվականից վարձակալությամբ օգտագործել է, երկու հոգի էլ դեռեւս 1998 թ.-ին են աճուրդով ձեռք բերել: Վերը նշված հոդվածում գրված է, որ Սպիտակ լճի հարակից տարածքը Գետահովիտ համայնքի կողմից հատկացվել է Գետահովտի գյուղապետ Անաստաս Հակոբյանի որդուն' Կարեն Հակոբյանին: Ասենք միայն,որ Գետահովտի գյուղապետը Սարգիս Ղազարյանն է: Իսկ «Մայր Հայաստան» հուշահամալիրը Գանձաքար համայնքի տարածքում չի գտնվում(ինչպես նշված է այդ հոդվածում):

Սակավահող Գանձաքար գյուղը իր 1800 հա հողերը կորցնելով' կորցնում է բյուջեի երրորդ մասը, իսկ 4150 բնակիչ ունեցող համայնքը պետությունից տարեկան ստանում է ընդամենը 11 միլիոն դրամ լրավճար: Գետահովիտ համայնքում սեփականաշնորհման ժամանակ մեկ հողաբաժինը կազմել է 1600 քառակուսի մետր, որ համայնքից օտարվող 84 հա-ը ապահովում էր 2500 բնակիչ ունեցող գյուղի բյուջեի 85 տոկոսը: Սրանք զորեղ փաստեր են, որոնց հերքվել չեն կարող, ինչքան էլ ոմանք ուզեն ջուր պղտորելով' մեծ որս ունենալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter