HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախատեսվում է զիփլայն կառուցել «Դսեղի ծովեր» բնության հուշարձանի տարածքում

«Դսեղի ծովեր» բնության հուշարձանի տարածքում զիփլայն կառուցելու աշխատանքային նախագիծ է ներկայացվել փորձաքննության Շրջակա միջավայրի նախարարություն։

Այն ձեռնարկել է «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն։ Կազմակերպությունը 2018թ.-ից իրականացնում է «Համայնքահեն էկոտուրիզմը որպես կայուն ապրուստի միջոց Թումանյանի տարածաշրջանում» ծրագիրը: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է բնության հուշարձանի տարածքում կառուցել զիփլայն, որը նպատակ ունի զարգացնել և զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում պահել Դսեղ համայնքը։

Նախագծի համաձայն՝ զիփլայնի ընդհանուր երկարությունը կազմելու է 300 մ։ Ելակետը գտնվելու է Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում, որի տարածքը կազմելու է 0.0441 հա, իսկ վերջնակետը գտնվելու է Դսեղ համայնքի վարչական տարածքում, որի տարածքը կազմելու է 0.01 հա։ Ելակետի և վերջնակետի կազմակերպման համար պահանջվող տարածքները հաշվարկվել են՝ հաշվի առնելով զիփլայնի կառուցման և շահագործման անհրաժեշտ մակերեսները։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի և Դսեղ համայնքի կողմից ստացված գրությունների համաձայն՝  վերջիններս չունեն առարկություններ իրենց վարչական տարածքներում զիփլայնի ելակետի և վերջնակետի կազմակերպման և ճոպանի անցկացման վերաբերյալ։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ին պատկանող 0.0441 հա հողամասը, 2020 թվականի հուլիսի 10-ին կայացած մրցույթի շրջանակներում, վարձակալության իրավունքով՝ հանգստի գոտի կազմակերպելու նպատակով տրամադրել է «ՀԿ Կենտրոն»-ին՝ 20 տարի ժամկետով, տարեկան 24 հազար դրամով։ 

Զիփլայնի կառուցման համար բետոնային հիմքերի իրականացում չի նախատեսվում, քանի որ այն ամրացվելու է ծառաբներից։ «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի կողմից կատարված տեղազնման արդյունքում՝ 150 մ շառավիղով նույնականացվել է 4 հատ բոխի տեսակի ծառ։ Ծառերից երկուսը ծառայելուն են որպես զիփլայնի հենակետեր։ Զիփլայնի կառուցման համար հողային և ծառահատման աշխատանքներ նախատեսված չեն։

Քանի որ զիփլայնի կառուցման համար բետոնե հիմքերի և առհասարակ բետանային աշխատանքներ չեն նախատեսվում, հետևաբար հողային աշխատանքներ նույնպես չեն իրականացվելու։

Կառուցման աշխատանքներում շինարարական տեխնիկայի օգտագործում չի նախատեսվում։ Փայտե աստիճանների և ճաղաշարերի պատրաստման, ինչպես նաև փայտի ներկման աշխատանքներն իրականացվելու են ոչ թե նախատեսվող գործունեության վայրում, այլ փայտամշակման արտադրամասում՝ բնության հուշարձանի տարածքի հնարավոր աղտոտումը բացառելու նպատակով։

«Դսեղի ծովեր» բնության հուշարձան մուտք գործելու միակ ճանապարհը գրունտային է, որը նախագծողները ներդաշնակ են համարել տարածքի լանդշաֆտին, և այն չեն նախատեսել ասֆալտապատել կամ նոր նոր ճանապարհներ ու կայանատեղիներ կառուցել։

Զիփլայնը շահագործվելու է մայիս ամսից մինչև հոկտեմբեր ամիսը՝ 10։00-20։00 ընկած ժամանակահատվածում։ Նախատեսվող գործունեության տարածքում էլեկտրամատակարարում չի նախատեսվում։ Զիփլայնի կառուցման և շահագործման արդյունքում բնության հուշարձանի տարածքում զբոսաշրջիկների համար սրճարանների, թեյարանների, արագ սննդի կետերի տեղադրում չի նախատեսվում։

Զիփլայնի շահագործման շրջանակներում և ներգրավված են լինելու միայն Դսեղ համայնքի բնակիչները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter