HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Գյուղացու վրայից վերջին շապիկն են հանում»

«Սա Երեւանն է: Սա' կառավարության շենքը, բա այստեղ մի շալվար հագնող տղամարդ չկա՞, որ ինձ ընդունի եւ ոռոգման գումարները լափողներին իրենց տեղը դնի»:

Այս եւ ավելի «սուր» բովանդակությամբ պաստառներով կառավարության շենքի դիմաց օրեր շարունակ մենացույց էր անում Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ Պետիկ Գուլգուլյանը: Նա 2000թ.-ից Գոռավանի նախկին գյուղապետ, այժմ գյուղի ջրամատակարար «Վեդի» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Մարտիկ Առաքելյանի դեմ բողոքներով դիմում է տարբեր ատյանների, սակայն որեւէ արդյունքի չի հասնում:

2001թ.-ի փետրվարի 9-ին Գոռավանում անցկացվել է համայնքի պահուստային հողերի վարձակալման մրցույթ, որին մասնակցել է միայն Պետիկ Գուլգուլյանը: Նա ցանկացել է վարձակալել 3 հա տարածք, որը գտնվում է համայնքի «Դեմեր» կոչվող հանդամասում: Վարձակալում, սակայն, տեղի չի ունեցել: Հետագայում գյուղապետարանին ուղղված Գուլգուլյանի նամակին այդ տարիների (2000-2003 թթ.) գյուղապետ, ներկայումս արդեն «Վեդի» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Մարտիկ Առաքելյանը պատասխանել է. «...դուք հրաժարվեցիք վարձակալելուց' պատճառաբանելով ոռոգման ջուրը: Նշված տարածքը հաշվեկշռում անջրդի է, եւ ոռոգման ջրի մասին խոսք անգամ լինել չի կարող»:

2002-ի մարտի 10-ին 31,6 հա տարածքով «Դեմեր» հանդամասը 25 տարով վարձակալել է գյուղապետ Մարտիկ Առաքելյանի եղբայրը' Էդիկ Առաքելյանը:

2004-ին Գուլգուլյանը արդեն «Վեդի» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն դարձած Մարտիկ Առաքելյանի դեմ բողոքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից գործը փոխանցվել է Արարատի մարզի դատախազություն: Դիմումը քննել է դատախազի օգնական Հ. Սարգսյանը:

Պետիկ Գուլգուլյանի պնդմամբ' Գոռավանի ջրհան կայանի մղած ջուրն օգտագործվում է միայն Էդիկ Առաքելյանի վարձակալած 31,6 հա տարածքը ջրելու համար, իսկ կայանի ծախսած էլեկտրաէներգիայի համար վճարում է պետությունը, ավելի ճիշտ 2003-2004 թթ. էլեկտրաէներգիայի ծախսը վճարվել է 2004թ.-ին պետության հատկացրած սուբսիդիայից:

«0,6 հա տնկիներս չորանում էին ոռոգման ջրի պատճառով, իսկ գյուղի 31,6 հա «անջրդի» տարածքի վրա բերքատու այգի հիմնվեց մեզ պատկանող ջրի հաշվին»,- զայրացած ասում է Պ. Գուլգուլյանը:

Արարատի մարզի դատախազության կազմած հանձնախումբը 2004-ի աշնանը ուսումնասիրել է «Դեմեր» հանդամասը:

Դատախազության 09.11.2004թ. որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Ըստ հողատեսքի' Էդիկ Առաքելյանի կողմից վարձակալած 31,6 հա եղել է անջրդի, սակայն վերջինս եւ այդ տարածքին կից հողամասեր մշակող այլ բնակիչներ, իրենց միջոցներով Գոռավանի ջրհան կայանից մղվող ոռոգման ջրի ջրատարի վերջին հատվածից փակ խողովակներ ավելացնելով, այն դարձրել են ջրովի եւ ոռոգում են' «Վեդի» æՕԸ-ի հետ ունենալով ոռոգման ջրի պայմանագրեր եւ համապատասխան վճարումներ»:

Գուլգուլյանն իր բողոքում նշել է նաեւ, որ 31,6 հա-ի վարձակալ Է. Առաքելյանը ցույց է տվել, թե մշակում է ընդամենը 5 հա տարածք:

«Գործը վարող դատախազը հենց դաշտից ձեռքի հեռախոսով զանգեց Արարատի մարզի գլխավոր դատախազին ու ասաց, որ Գուլգուլյանը ճիշտ էր, այս պահին 5 հա-ի փոխարեն մշակվում է 29 հա»,- պատմում է Գուլգուլյանը:

Սակայն Արարատի մարզի դատախազի օգնական Հ. Սարգսյանն իր որոշման մեջ բոլորովին այլ բան է գրել: Ըստ այդմ' 2003-ին Գոռավանի ութ բնակիչներ «Դեմեր» հանդամասից մշակել են ընդհանուր առմամբ 9,9 հա տարածք, որից 5 հա-ը' Էդիկ Առաքելյանը, իսկ 2004-ին գյուղի 12 բնակիչներ մշակել են 36,3 հա տարածք, որից 20 հա-ը' Է. Առաքելյանը:

Ինչ վերաբերում է Գոռավանի ջրհան կայանի մղած ջուրը միայն վերոնշյալ 31,6 հա տարածքի համար օգտագործելու դեմ բողոքին, ապա դատախազությունը պարզել է, թե 2003-2004թթ. ջրհան կայանից «Դեմեր» հանդամասին մատակարարվել է մոտ 169 հազ խմ ջուր' այդ նույն ժամանակահատվածում պոմպակայանի մղած ջրի ընդհանուր ծավալի (795 հազ խմ) մոտ մեկ հինգերորդը:

Պոմպակայանի ծախսած էլեկտրաէներգիայի 20 տոկոսի դիմաց վճարումը, ըստ դատախազության որոշման, կատարվել է «Վեդի» ՋՕԸ-ի հաշվից, իսկ մնացած 80 տոկոսը մարվել է պետական սուբսիդավորումից' ՀՀ ջրային պետական կոմիտեի միջոցներով:

2004-ին պետության կողմից Գոռավան համայնքին տրամադրած սուբսիդիայի ընդհանուր չափը կազմել է 15 մլն դրամ: Եվ հետաքրքիրն այն է, որ այդ գումարը, ինչպես ասվում է Արարատի մարզի դախազության որոշման մեջ, «չի մուտքագրվել «Վեդի» ՋՕԸ-ի հաշվարկային հաշիվ, այլ միանգամից փոխանցվել է համապատասխան կազմակերպություններին»: Իսկ թե կոնկրետ ո՞ր կազմակերպություններին, չի նշվում:

«Տարեկան պետբյուջեից 4 մլրդ դրամ փոխհատուցվում է ժողովրդին' իբր տված ոռոգման ջրի էլեկտրաէներգիայի վարձավճար: Այդքան դժվա՞ր է հաշվել, թե դրա որ մասն է հասնում նոր ձեւավորված «պոռնիկների» խավին»,- բողոքում է ցուցարար Պետիկ Գուլգուլյանը:

Գոռավանի բնակիչը ցույցի էր դուրս եկել նաեւ 2005-ին:

«2005-ին 0,1 հա ծառանոցս ջրելու համար ստիպված կոտրել էի ոռոգման վինտիլը փակող երկաթյա շղթան ու ջրել ծառանոցը: Փակել էին, որ նախկին գյուղապետի ապօրինի հինգ տնամերձերը ջրեին, իսկ ինձ պատկանող 0,1 հա-ի ծառերը 0,6 հա-ի տնկիների նման չորացնեին: Դրանից հետո գնացել էի ցույցի կառավարության շենքի առջեւ, ու այդ ժամանակ էլ իմ դեմ քրեական գործ հարուցվեց, իբր ես կոտրել եմ ոռոգման վինտիլը ու վնաս հասցրել ՋՕԸ-ին: Վրաս չեղած տեղից գործ էին ուզում սարքել ու գուցե սարքեին, եթե չմիջամտեր մարդու իրավունքների պաշտպան Լ. Ալավերդյանը»,- պատմում է Գուլգուլյանը:

2005-ի սեպտեմբերին Գոռավան համայնքի «Դեմեր» կոչվող հողատարածքը գյուղապետի որոշմամբ օտարվել է: 40,95 հա հողատարածք գնել է Լյուբով Առաքելյանը' նախկին գյուղապետ Մարտիկ Առաքելյանի կինը:

«Չունենալով մրցակից' աճուրդում մրցակցային գնի մեկնարկը եղել է 1 հա-ի համար ընդամենը 1000 դրամ, այնինչ որեւէ մեկի կողմից մեկ ուրիշի հողի վարձակալման դեպքում 1 հա-ի համար տրվում է 100,000 դրամ տարվա կտրվածքով»,- ասում է Պետիկ Գուլգուլյանը:

2006-ի ապրիլին Արարատի մարզպետարանի տարբեր մասնագետներից կազմված խմբի կատարած ստուգումները ցույց են տվել, որ Գոռավանում 2003 թ.-ին 1 հա-ի հաշվով ծախսվել է 2082 խմ ոռոգման ջուր, 2004-ին' 3166 խմ, իսկ 2005-ին' 2083 խմ: Իսկ ըստ ստուգող մասնագիտական խմբի հաշվետվության' նորմաներով 1 հա հացահատիկ ոռոգելու համար տարեկան նախատեսվում է ծախսվածի գրեթե կրկնակին' 4200 խմ ջուր:

«Երրորդ տարին է, ինչ æՕԸ-ները ստեղծվել են, սակայն ավելի քան 500 հա ոռոգելի հողատարածք ունեցող մեր գյուղի համար որեւէ հատվածում նոր ջրագիծ չի կառուցվել, եւ ոչ մի լումա չի ներդրվել ոռոգման համակարգը բարելավելու համար: Իսկ գյուղացուց վերջին շապիկը հանելով' ոռոգման ջրի վարձ են հավաքում, որ ինչ-որ ֆերմերի համար ջրագիծ կառուցվի»,- դառնացած բողոքում է գոռավանցի Պետիկ Գուլգուլյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter