HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անտեսանելի թաղամասը՝ առանց էլեկտրաէներգիայի և խմելու ջրի

Էրեբունի թաղամասի Թոխմախի գերեզմանոցի կողքից ճանապարհը տանում է դեպի Երևանի քաղաքի անմարդաբնակ թվացող մի հատված՝ գաջի գործարան և քարի հանքեր։ Քաղաքի այս հատվածն առանձնանում է խորը լեռնային փորվածքներով, քարի հանքերի առատությամբ, բեռնատարների շարժով և փոշու մեծ քանակությամբ։ Այստեղ դեռ խորհրդային տարիներից քարի հանքեր են եղել, հիմա էլ շարունակում են բազալտ արդյունահանել։

Դեռևս 1990-ականների սկզբներից այդ հանքավայրից ներքև՝ համեմատաբար հարթ հատվածում քարի հանքի աշխատակիցները սկսել են մաքրել փոքր տարածքներ, փխրեցնել հողը և ծառեր տնկել։ Հետզհետե այլ աշխատակիցներ են միացել և այգիներ հիմնել, և հիմա տարածքը դարձել է փոքրիկ բնակելի թաղամաս։  

Այստեղ նաև մշտական բնակություն հաստատող մարդիկ կան, որոնք քարե տներ են կառուցել, բերքատու այգիներ ստեղծել և ապրում են ընտանիքներով։

25 տարիների ընթացքում շուրջ 20 տուն է կառուցվել։ Թաղամասն անուն ունի՝ Այգետնակ։ Տներին հասցեներ է տրվել, իսկ բնակիչները հաշվառվել են իրենց կառուցած տներում։

Սակայն թաղամասը էլեկտրականություն և խմելու ջուր չունի, չնայած հոսանքալարերն անցնում են ճանապարհի կողքով։

Միսակ Բաղդասարյանը հարակից հանքում է աշխատում։ Կնոջ՝  Օվսաննայի հետ ապրում է իրենց կառուցած տանը։ Պատմում է, որ արդեն ավելի քան 20 տարի այդտեղ են ապրում, բայց էլեկտրաէներգիայի հարցը թաղամասում լուծել չեն կարողանում։ Տարբեր տեղեր դիմել են և տարբեր պատասխաններ ստացել՝ պետք է հոսանքի կայան կառուցվի, տները սեփականաշնորհեն, որ կարողանան բաժանորդ դառնան։ Խմելու ջրի հարցով ավելի բարդ պատասխաններ են ստացել, ջրի խողովակը թաղամասից հեռու է, և այդտեղ հասցնելը մեծ ծախսերի հետ է կապված։

Այգետնակի բնակիչներն այդպիսով հրաժարվել են էլեկտրաէներգիա և խմելու ջուր ունենալու մտքից։ Միայն բավարարվել են ոռոգման ջրով, որին էլ բաժանորդագրվել են և մշակում են այգիները։

Քարի հանքում աշխատողներին հանք շահագործողն առանձին հոսանքալալերով ապահովել է լույսով, իսկ մնացածները դեռևս մոմի լույսի հույսին են, կամ էլ գիշերները չեն մնում, գնում են  իրենց երեխաների մոտ։

Գերասիմ Հակոբյանի հայրը քարի հանքի պահակն է եղել, հիմա չի աշխատում, բայց ստեղծած հողամասը մշակում են, որ բերք ստանան։ 3500 քմ հող քարերից ազատել, դարձրել են մշակովի, կողքին էլ տան շինությունն են սկսել, սակայն երբ պարզվել է, որ էլեկտրաէներգիայի և ջրի հարցն անլուծելի է, հրաժարվել են այդ մտքից։ Շինությունը կիսակառույց է մնացել։

«Ջրի վարձի կտրոնով ենք հաստատում, որ հողի տերը մենք ենք։ Տարիներ շարունակ վճարել ենք, ամեն տարի պայմանագիր ենք կնքում, որ ոռոգման ջուր ունենանք։ Բայց որ իմացանք՝ հոսանքն ու ջուրը պրոբլեմ է, էդպես էլ թողեցինք»,- պատմում է Գերասիմ Հակոբյանը։

Նարինե Մելիքյանը և ամուսինը քարի հանքերի հետ առնչություն չունեն։ Իմանալով, որ այստեղ այգիներ կան և իրենք էլ կարող են որոշակի տարածք մաքրել և այգի ստեղծել, 1000 քմ հողատարածքի են «տիրացել», խաղող, ծիրան, մոշ, ընկույզ, խձոր և այլ ծառեր տնկել։ Նախկինում սկեսրոջ, հիմա էլ ամուսնու հետ մշակում են այգին։ Փոքրիկ տնակ են կառուցել, որ այգուն տիրություն անեն։

Իմանալով, որ տարածքում լրագրողներ կան, հարևաններին շտապում է միանալ 76-ամյա Բավական Հայկյանը, ում բոլորը տարածքում ճանաչում են որպես Ջուլիկ տատ։ Նա էլ է ուզում, որ հոսանքի ու ջրի հարցը լուծվի, ինքը ստիպված չի լինի գնալ երեխաների տուն, այլ կմնա իր տնակում և կխնամի այգին։ Հիմա էլ մնում է երբեմն, երեկոները հեռախոսի լույսով է շարժվում։

Այգետնակի բնակիչները երեկ գրավոր դիմումներ են գրել և սպասում են ՀԷՑ-ի պատասխանին։ Նրանք հույս ունեն, որ նոր իշխանությունն իրենց ստեղծած թաղամասին էլ կսկի ուշադրություն դարձնել, իսկ իրենք այն էլ ավելի կշենացնեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter