HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Որքան աշխատավարձ կստանան նոր ձևավորվող պարեկային ծառայության աշխատակիցները. նոր նախագիծ 

Ոստիկանությունը նոր ձևավորվող պարեկային ծառայության աշխատակիցների ամսական աշխատավարձի վերաբերյալ այսօր նախագիծ է քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ 

«Նոր ստեղծվող պարեկային ծառայության գրավչության բարձրացման,  ծառայությունում պարեկների մոտիվացման և արդյունավետ գործունեության ապահովման նպատակով նախատեսվում է զգալի չափով բարձարցնել նոր պարեկային ծառայության պարեկների և արտաքին ծառայությանն առնչվող մյուս ծառայողների ամսական աշխատավարձների չափերը»,- քննարկման ներկայացված նախագծում նշել է ոստիկանությունը։

Ըստ նախագծի՝ նոր ընդունվող կրտսեր պարեկների ամսական աշխատավարձն՝ ըստ ստաժների կազմելու է 320 հազար դրամ (67,9 %-ով ավելի) և 325  հազար դրամ (68,8 %-ով ավելի)։

Նշենք, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի, մարզային վարչությունների ենթակա բաժինների ՊՊԾ դասակների նոր ընդունվող՝ 0-2 տարի կամ 2-5 տարի զինծառայության ստաժով շարային կրտսեր տեսուչների ներկայիս ամսական աշխատավարձի չափերը, ներառյալ լրավճարը և հավելումները, ըստ զինծառայության ստաժների, կազմում են 190 հազար դրամ և 192 հազար դրամ։

Ոստիկանության լեյտենանտ կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական աշխատավարձը նախատեսվում է սահմանել ամսական 371 հազար դրամ։ Ըստ ոստիկանության՝ դա ներկայիս ՊՊԾ ամենաբարձր (4-րդ հատուկ գումարտակի ծառայողներ) ցուցանիշը գերազանցում է 78 հազար դրամով, իսկ սովորական չափը (օրինակ մարզային վարչությունների ՊՊԾ դասակի ծառայողներ)՝ 183 հազար դրամով։

Նույն կարգով, ոստիկանության ավագ լեյտենանտ կոչումով և 5-10 տարվա ստաժով պարեկի ամսական աշխատավարձը կազմելու է 402 հազար դրամ։

«Պարեկային ծառայության ծառայողներին, որակյալ ծառայության դեպքում, տրվելու են նաև ամսական պարգևատրումներ, որի տարեկան ֆոնդը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափերի 30 %-ի սահմաններում»,- նախագծում նշել է ոստիկանությունը։

Մասնավորապես՝ ոստիկանության ավագ ենթասպա, կրտսեր պարեկների ամսական պարգևատրումները, ըստ ծառայության ստաժների, կարող են կազմել 43 հազար դրամ և 45 հազար դրամ։ Այդ դեպքում նրանց ամսական վարձատրությունը կկազմի 363 հազար դրամ և 370 հազար դրամ։

Իսկ ոստիկանության լեյտենանտ կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական պարգևատրումը կկազմի 50 հազար դրամ, ամսական վարձատրությունը՝ 422 հազար։ Ոստիկանության ավագ լեյտենանտ կոչումով և 5-10 տարվա ստաժով  պարեկի ամսական պարգևատրումը՝ 55 հազար դրամ, ամսական վարչատրության չափը՝ 457 դրամ։

Ոստիկանության փոխանցմամբ՝ օգնող, աջակցող, կանխարգելող պարեկային ստորաբաժանումների գործունեությունը դեռևս Երևան քաղաքում «24 ժամանոց ծածկվածությամբ» մեծապես նպաստելու է հանցագործությունների կանխարգելմանը, քաղաքացիների մոտ պաշտպանվածության զգացողության ուժեղացմանը, ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացմանը:

Նշենք, որ այժմ ոստիկանության պարեկային ստորաբաժանումները՝ Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գունդը, մարզային վարչությունների ենթակա բաժինների ՊՊԾ դասակները, ինչպես նաև ճանապարհային ոստիկանությունը, համապատասխանաբար ըստ ծառայությունների, ներգրավում են հասարակական կարգի պահպանման,  ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդիրների իրականացմանը և օժանդակում հանցավորությանը հակազդելու քրեական հետախուզության ստորաբաժանումների գործունեությանը:

Պարեկային այդ ստորաբաժանումների գործունեության մեջ երբևէ առանցքային դեր չի ունեցել ֆիզիկական և իրավաբանական անձանց օգնություն ցույց տալը իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս: «Նշված խնդիրը նախատեսված է «Ոստիկանության մասին» օրենքով, սակայն գործնականում դրա կենսագործումը կառուցվածքային և կազմակերպական մեխանիզմներով ամբողջությամբ չի երաշխավորվել: Քաղաքացիների անվտանգության և իրավունքների ապահովման, հասարակական վայրերում կարգ ու կանոնի պահպանման, հանցագործությունների, իրավախատումների նախականխման, կանխման բնագավառում պատշաճ ծառայություն իրականացնելու նպատակով նախատեսվում է հիմնովին վերակազմակերպել  պարեկային ծառայությունը»,- հայտնել է ոստիկանությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter