
ՍԴ դատավորի թեկնածու. «Չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի մեղքերի քավության նոխազը»
«Իմ քայլը» խմբակցությունը կուսակցության գրասենյակում շուրջ երեք ժամ դռնփակ հանդիպում է ունեցել Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ: Վերջինիս թեկնածությունն առաջադրել է Կառավարությունը:
Հանդիպումից հետո Վահրամ Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատգամավորները հղել են և այնպիսի հարցեր, որոնք քննարկվել են սոցիալական ցանցերում ու ԶԼՄ-ներում, և նաև այնպիսիք, որոնք հանրային հարթակներում չեն քննարկվել:
«Իմ կողմից փորձ կատարվեց հնարավորինս անկեղծ ներկայացնել տրված հարցադրումների վերաբերյալ իմ վերաբերմունքը, մոտեցումները, որոնք, իմ կարծիքով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին թույլ կտան մոտեցում ձևավորել հետագա գործընթացների վերաբերյալ»,-ասաց ՍԴ դատավորի թեկնածուն:
Վահրամ Ավետիսյանի հայրը 2008-2016 թվականներին Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնում պաշտոնավարած Դավիթ Ավետիսյանն է: Մարտի մեկի զոհերի հարազատներն, ըստ մամուլի հրապարակումների, իրենց վրդովմունքն են արտահայտում առ այն, որ Կառավարությունը որպես ՍԴ դատավորի թեկնածու առաջադրել է Դավիթ Ավետիսյանի որդուն: Այս առնչությամբ Վահրամ Ավետիսյանն ասաց, որ այս հարցը ևս քննարկվել է քաղաքական մեծամասնության պատգամավորների հետ:
«Իմ մոտեցումը հետևյալն է` ես ամենևին չեմ պատրաստվում արդարացնել նորանկախ Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցած դատական համակարգի առկա խնդիրները, նաև չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի մեղքերի քավության նոխազը»,- ասաց նա:
Ավետիսյանը չպատասխանեց այն հարցին, թե արդյոք ՍԴ-ում կար ճգնաժամ և արդյոք դատավորների փոփոխության կարիք կար: Ավետիսյանն ասաց, որ չի կարող պատասխանել մի հարցի, որը հետագայում հնարավոր է բարձր դատարանում քննության առարկա լինի, ինքն էլ որպես դատավոր մասնակցի գործի քննությանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ընտրվելու դեպքում Մարտի մեկի գործի քննության ժամանակ կմասնակցի արդյոք գործի քննությանը, թե կփորձի ձեռնպահ մնալ, Ավետիսյանն ասաց, որ եթե ինչ-որ գործի շրջանակում Վճռաբեկ դատարանը դիրքորոշում հայտնած լինի, և որոշմանը մասնակցած լինի նաև իր հայրը, ապա նման գործի քննությանը չի մասնակցի: Իսկ առհասարակ Մարտի մեկի գործի քննությանը անկողմնակալ չլինելու պատճառ չունի:
ՍԴ դատավորի թեկնածության հարցը քննարկում է խորհրդարանը, ապա փակ-գաղտնի քվեարկություն իրականացնում:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրությունում փոփոխություն է կատարել, ըստ որի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները որպես նախագահ դադարել են, իսկ ՍԴ անդամ-դատավորներ Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը, Ալվինա Գյուլումյանը չեն պաշտոնավարում: Փոփոխությունների էությունն այն էր, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում էր ավարտված, և պաշտոնավարումը դադարում էր:
Նույն կերպ դադարում էր մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի լիազորությունները:
Վերոնշյալ անձինք, սակայն, այդ փոփոխության իրավաչափությունը չեն ընդունում` պնդելով, որ Սահմանադրությունը չի կարող փոխվել առանց Սահմանադրական դատարանի մասնագիտական եզրակացության: Այս փոփոխություններից հետո Արևիկ Պետրոսյանը և Հրայր Թովմասյանը արձակուրդում են, ինչն էլ պատճառ է դարձել, որ բարձր դատարանը քվորում չունենա և չկարողանա նիստեր գումարել:
Մեկնաբանել