HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Չափորոշիչները եւ ներկայացված ծրագիրը ուսուցչին տվել են ազատություն». գրականություն առարկայի չափորոշչի վերաբերյալ քննարկում

Հանրակրթության նոր չափորոշիչներով նախատեսվում է ժամանակակից հայ գրողներին ընդգրկել գրականություն առարկայի ուսումնական ծրագրում, ինչը հանրային քննարկման լայն արձագանք է ստացել: «Հոդված 3» ակումբում այսօր այս թեմայով հրավիրվել էր օնլայն քննարկում, որտեղ գրականություն առարկայի փորձագիտական խմբի ղեկավար Թամար Ալեքսանյանը նշեց, որ հանրությանը ներկայացած փաստաթուղթը ոչ ամբողջական է, այն դեռևս նախնական տարբերակում է։

Գրականության դասագրքի անվան փոփոխության վերաբերյալ ասաց, որ դասագիրքը «Հայ գրականության» փոխարեն անվանել են «Գրականություն»՝ 7-12-րդ դասարանների համար, որպեսզի ներառեն նաև արտասահմանյան գրողների ստեղծագործությունները։

Ըստ Ալեքսանյանի՝ փաստաթղթերի մեխը վերջնարդյունքն է, որը ցույց կտա, թե տվյալ ուսումնական տարվա ավարտից հետո ինչ գիտելիք է աշակերտը ձեռք բերում։ Փորձագիտական խմբի ղեկավարի պնդմամբ՝ նոր չափորոշիչները և ներկայացված ծրագիրը ուսուցչին տվել են ազատություն՝ ընտրելու այն թեման, որը կդասավանդի, ընդ որում՝ կընտրի ՝ որ աշակերտի հետ որ թեման անցնի, որը՝ ոչ։ 

Ըստ Թամար Ալեքսանյանի՝ ներկայացվել է նախագծի սևագիր տարբերակ, որը նախարարությունը ցանկացել է ներկայացնել հանրային քննարկման, իսկ հնչեցված կարծիքների, քննադատությունների արդյունքում փաստաթուղթը փոփոխություններ կունենա։

Փորձագիտական խմբի անդամ Գայանե Մկրտչյանի կարծիքով, ով խմբում  7-9-րդ դասարանի լեզվի ծրագրի մշակողն է, թեև գրականության դասագրքերում Ժամանակագրությունը չի պահպանվել, սակայն փորձել են դասագիրքը հասկանալի դարձնել։ 

Քննարկման ընթացքում գրականագետ Հայկ Համբարձումյանն իր մոտեցումները ներկայացրեց՝ կապված հանրային բողոքների, քննարկումների շուրջ: Նշեց, որ քննարկումները վերաբերում են ոչ թե չափորոշիչներին, այլև գրականության նկատմամբ մարդկանց վերաբերմունքին։ Ըստ նրա՝ կարևոր է, որ գրականության տվյալ գործը ներդնելիս պարզ լինի նյութի ընտրության նպատակը։ «Ինձ համար կարևոր չէ ժամանակագրությունը, շատ կարևոր են տեսական սկզբունքները և գործիքները, որոնք հնարավորություն են տալիս երեխաներին հասկանալ, վերլուծել նյութը։ Ես չգիտեմ՝ այս չափորոշիչը կլուծի այս հարցը, բայց փաստ է, որ երեխաները, նույնիսկ մասնագիտական կրթություն ստացողները չեն կարողանում ինքնուրույն վերլուծել գրական ստեղծագործություն», - նշեց գրականագետը։

Գրականության ուսուցչուհի Լիլիթ Պողոսյանի կարծիքով էլ, լավ է ժամանակակից գրականության ուսուցանումը, սակայն պետք է նաև ճիշտ ընտրվի նյութը և չափորոշիչներով դրված պահանջները։ Նրա խոսքով, լավ տարբերակ է հանրային քննարկում անցկացնելը, քանի որ երկար տարիներ ուսուցիչների ձայնը դժվար հասանելի է եղել։ Իսկ այն հարցին ՝ ինչքանով է ուսուցիչը պատրաստ նոր չափորոշիչներով աշխատելուն, պնդեց, որ մեծամասամբ պատրաստ չեն, եւ լուրջ վերապատրաստումներ պետք է անցկացվեն։ Ըստ նրա՝ միջին դպրոցում արդեն իսկ գրականության նախորդ տարիների դասագրքերում ներառված հեղինակները պետք է ներկայացվեն, որոնք ինչ-որ չափով արդեն իսկ ծանոթ են աշակերտներին. ուսուցումը պետք է ընթանա նոր չափորոշիչներով։ Ժամանակակից հեղինակները պետք է դասավանդվեն ավագ դասարաններում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter