HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Դրամական և բնակարանային աջակցություն հուլիսի 13-ի հեղեղից տուժած գյումրեցի ընտանիքներին

Գյումրու ավագանին հուլիսի 17-ին որոշում է կայացրել հուլիսի 13-ին տեղացած անձրևի և կարկուտի հետևանքով տուժած ընտանիքներին ցուցաբերել դրամական աջակցություն՝ բյուջեից հատկացնելով 10 մլն դրամ (50, 75, 150 հազար դրամ չափաբաժնով), իսկ 6 ընտանիքի հատկացնել սոցիալական բնակարան:

Հայկական Կարմի խաչի ընկերությունը ևս միացել է մարդասիրական այս օգնությանը: Կազմակերպությունը, աղետից տուժած թվով 2670 մարդու՝ 600 ընտանիքի հոգսերը թեթևացնելու նախաձեռնությամբ է հանդես եկել. 400 ընտանիք կստանա դրամական աջակցություն և անկողնային պարագաներ, 200 ընտանիք էլ հագուստ և կոշիկ ձեռք բերելու կտրոններ: Յուրաքանչյուր անձի կտրամադրվի 49 հազար 696 դրամին համարժեք աջակցություն:

«Ավտոկայարան» տնակային թաղամասի 104/571 հասցեում բնակվող Արմենուհի Մարտիկյանի 4 անձից բաղկացած ընտանիքը սոցիալական բնակարանում բնակվելու առաջարկություն ստացածներից մեկն է: Արմենուհին ասում է, որ մտքով երբեք չէր անցնում, որ մի օր չարիքն իրոք վերածվելու է բարիքի: Ընտանիքը 23 տարի է` բնակվում է տնակային թաղամասում, չունի պետությունից բնակարան ստանալու որևէ ակնկալիք: Տարիներ առաջ երիտասարդ ընտանիքն՝ առանձին ապրելու ցանկությամբ, այստեղ տնակ է գնել՝ մտածելով, թե հետագայում տարածքը կսեփականաշնորհի և քարային կառույցով կամրապնդի բնակվելու իրավունքը:

«Մենք երեք անգամ դիմել ենք բնակարան կառուցելու հարցով և տարածքը սեփականաշնորհելու, բայց մերժվել ենք, որովետև գլխավոր հատակագծով սա կանաչ տարածք պետք է լինի հետագայում, բացի դրանից, Գյումրի գետակը, որ անցնում է թաղամասի տակով, հնարավորություն չի տալիս ամուր հիմքով տուն սարքելու: Էստեղ ցանկացած տեղ կես մետր կփորես, ջուր դուրս գուկա, մենք դոմիկային հատվածին կից քարաշեն հատված ունենք, բայց տակը նորմալ հիմք չկա,-բացատրում է Արմենուհին,-էդ էր պատճառը, որ սելավը տակից էլ քանդեց տունը»:

Հուլիսի 13-ին Արմենուհին տանը եղել է 15-ամյա դստեր հետ: Նախ ուժեղ քամուց ու անձրևից անջատվել է էլեկտրաէներգիան, հետո խոհանոցի կողմից նկատել են, որ փողոցով հոսող սելավաջրերը լցվում են տուն: Փորձել են բարակ ծածկոցներով փակել ջրի ճանապարհը, որն արդեն սկսել էր հոսել նաև մուտքի դռնից: «Ուզեցի դուռը բանամ, որ տուն լցված ջուրը ավելով դուրս տամ, համ էլ ուզում էի թրջաց ծածկոցները քամել, մեկ էլ կես մետրանոց ջրի ալիքը լցվավ տուն: Էլի էր եղել, որ անձրեւների ժամանակ տունը ջուր լցվեր, բայց էս անգամ իսկական աղետ էր, ոչ մի անգամ էս տիպի ավերածություն, վնաս չէր եղել»,-պատմում է զրուցակիցս:

Քաղաքապետարանից եկած հանձնաժողովը գնահատել է ընտանիքի կրած վնասը, առաջարկել սոցիալական մեկ սենյականոց բնակարան` որպես վնասի փոխհատուցում: Արմենուհին ասում է, որ սկզբում չեն կողմնորոշվել` համաձայնեն, թե չէ, մեծ դուստրն է հորդորել ընդունել առաջարկը:

«Նստանք մտածեցինք, որ մեկ է մեզի սեփական տուն կառուցելու թույլտվություն երբեք չեն տա, հետո տեղն էլ էն չէ խոնավության առումով, ամուսնուս հետ խորհրդակցեցինք, թե լավ, ինչքան կարող ենք բնակարանի հույսով մնալ, մյուս կողմից էլ մեծ աղջիկս պնդեց, թե` այ մամ ջան, համաձայնեք, գոնե չոր է, լուսավոր է, խոնավ չէ, քրոջս համար էլ լավ կլինի»: Արմենուհին ասում է, որ արդեն գնացել, տեսել են նոր բնակարանը, պատրաստվում են բանալիները ստանալուն պես տեղափոխվել:

104/271 տնակի բնակչուհի Գոհար Աբելյանը նույնպես բնակարան ստացողների ցանկում է: Նրա և 74-ամյա կույր մոր՝ Ջուլիետա Աբելյանի համար ևս սելավային չարիքը գլխավերևում ամուր ծածկ ունենալու հնարավորություն է ստեղծել: Աբելյանների ընտանիքը նախքան երկրաշարժը բնակվել է Շահումյան 153 տանը, որը 4-րդ կարգի վթարայնություն ունի: Տնակում սկսել են ապրել 1992թ.-ից, բնակարան ստացողների հերթացուցակում գրանցվել են 2018թ.-ին: Գոհարը նկատում է, որ եթե չլիներ հուլիսի 13-ի աննախադեպ առատ անձրեւն ու կարկուտը, իրենք դեռ երկար կսպասեին բնակարանի հատկացման: Աբելյաններն ապրում են 39 հազար դրամ թոշակով և 18 հազար դրամ նպաստով՝ հոգալով միայն օրվա հացի ու կոմունալ ծախսերի հարցը: Նման եկամուտով բնակարան ձեռք բերելու հույսեր, կանայք երբևէ չեն էլ փայփայել:

«Էս դոմիկը վերջնականապես փտել էր, սելավն էլ եկավ լցվավ, էն ինչ էլ քիչ-շատից ունեինք՝ վերջնական փչացավ, օգտագործելու ենթակա չէ,-ասում է Գոհարը,-մե փոքր հեռուստացույց ունեինք, մի հատ էլ փոքր սառնարան՝ չեն աշխատի, քանիմ կտոր շոր կար պահարանը՝ տիղմից փչացավ, էս տեղաշորը հարևաններն են տվել: Հըմի մեր դոմիկի կողք ու բոլորը նայեք, սաղ զիբիլ, հող ու ավազ է, ըդիկ սաղ սելավն է քշել բերել: Էդ օրը մորս 911-ով ենք տեղափոխել դոմիկից, ինքն հըմի տատիկենցս տունը անկողնային պառկած է»: Գոհարը պատմում է, որ քաղաքապետարանն իրենց մեկ սենյականոց բնակարան է հատկացրել Մովսես Խորենացի փողոցում գտնվող սոցիալական շենքից, ինքն արդեն գնացել տեսել է: «Հենց ըսեցին, օր մեզի էլ տուն կա, գնացել տեսել եմ, շատ լավն է, էնքան ուրախ եմ, էնքան ուրախ, օր չեք պատկերացնե, օր վերջապես էս դոմիկից կպրծնինք, կռիսներից, կեղտից, վերջապես նորմալ բաղնիք, տաք ու սառ ջուր կունենանք»:

Իսկ ահա 10 անձից բաղկացած Ավետիսյաններին պատուհասած աղետի փոխհատուցման չափը գումարային էր: Ընտանիքի մեծ տիկինը՝ Մարիամ Ավետիսյանը հուլիսի 30-ին, Գյումրու քաղաքապետարանից առձեռն ստացել էր 75 հազար դրամը, որպես վնասի փոխհատուցում, սակայն համաձայն չէր գումարի չափի հետ՝ համարելով, որ աղետի պատճառած վնասներն ավելին են: «Նոր լվացքի մեքենա, սառնարան, հեռուստացույց, հլը մենակ սրանց գները հաշվեք, տեսեք տված փոխհատուցման չափո՞վ է,-հարցնում է Մարիամ Ավետիսյանը,- աղետի հենց հաջորդ օրը քաղաքապետարանից եկան, ես ասի, որ գոնե վնասված գույքիս չափով փոխհատուցեն, մենակ 18 պարկ ցեմետ ենք առել, որ սելավի քանդած հատակը սարքենք՝ տան մեջ ջուրը գետնի տակից ֆանտանի պես կքցեր»:

Հուլիսի 13-ին Ավետիսյանների բազմանդամ ընտանիքից տանը եղել են երկու հարսը, մեծ տղան և չորս անչափահաս փոքրիկները: Մարիամ Ավետիսյանը պատմում է, որ ինքն ու փոքր տղան երկու ժամ փողոցում կանգնած են եղել մինչև ջրի մակարդակը մի փոքր իջել է և կարողացել են տուն մտնել: Մեծ տղան անգամ ցանկացել է խուճապի մատնված փոքրիկներին բարձրացնել տանիք, եթե ջրի մակարդակը շարունակի բարձրանալ: «Մեր փողոցի տակով կանցնի Գյումրու գլխավոր կոյուղին: Էդ սաղ ջուրը, կեղտը, տիղմը լցվել էր տունը: Երկու շաբաթ է կմաքրենք, կչորցնենք, էլի տնից խոնավության ու տիղմի հոտը գուկա, հնար չկա: Մենք չենք նստել հաշվել, թե ինչքան վնաս ենք կրել, բայց ամեն դեպքում 75 հազար դրամի չէ: Երկրաշարժի չափ վնաս տվեց սելավը, էս էլ է աղետ, բայց ըսպես պիտի փոխհատուցվի՞»,-հարցնում է զրուցակիցս:

Ավետիսյանները բնակարանի փոխհատուցման ակնկալիք չունեն՝ տարածքը դեռևս 2004թ.-ին են սեփականաշնորհել: Երկրաշարժին բնակարան են կորցրել, որպես փոխհատուցում օգտվել ԲԳՎ ծրագրից: Բնակարան չեն կարողացել գնել, դրա փոխարեն դիմել են քաղաքապետարան՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրոք և ստացել տնակի տարածքը սեփականաշնորհելու իրավունք: Ասում են, որ թաղամասն առատ անձրևաջրերով ողողման դեպքերին անծանոթ չէին, սակայն չէին պատկերացնում, որ իրենք էլ նման խնդրի առաջ կկանգնեն:

Հուլիսի 13-ի հեղեղից տուժած բնակիչներից սոցիալական բնակարան ստանալու համաձայնություն են տվել Թամարա Տեր-Գրիգորյանը (1 սենյակ), Գոհար Աբելյանը (1 սենյակ), Արմենուհի Աբելյանը (1 սենյակ), Վարդանուշ Իբրաջյանը (2 սենյակ), Ծովինար Հովհաննիսյանը (2 սենյակ): Վարուժանը Մելիքսեթյանը, որ սկզբում համաձայնվել էր ստանալ մեկ սենյականոց բնակարան, հրաժարվել է, քաղաքապետարանից փոխանցեցին, որ այն կհատկացվի մեկ այլ տուժած ընտանիքի:

Գլխավոր լուսանկարը Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուկյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter