HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսերէնը դեռեւս միջնորդ լեզու

Տառերի գիւտի 1600 ամեակի առիթով

Հայաստանցիների հետ խօսելիս, անմիջապէս զգացւում է ռուսերէնի առկայութիւնը թէ բառային, թէ ոճային եւ թէ առոգանութեան առումով: Դա աւելի ակնյայտ է կրթւած խաւի կամ, «ինտելիգենցիայի» մօտ: Թւում է ոմանք նոյնիսկ հպարտանում են, երբ խօսում են ռուսերէն, ասես ռուսերէն իմանալը զարգացած լինելու նշան է: Երբեմն ստացւում է այն տպաւորութիւնը, որ բարբառային կամ ժարգոնային հայերէնը աւելի ազգայնական է քան գրականը:

Երկաթէ վարագոյրից ներս ռուսերէնի իմացութիւնը ծառայել է, «եղբայրական» (ներկայում իրար ծւատող) ժողովուրդների ազգամիջեան հաղորդակցութեանը, որի շնորհիւ ժամանակին մեկուսացւել են բազմալեզու կայսրութեան տարբեր ազգութիւնների փոխըմբռմանն ու միաւորմանը սպառնացող ներքին ու արտաքին բազմաթիւ «վտանգներ»:

Որպէս միջնորդ լեզու' ռուսերէնը յուսալի միջոց է համարւել նաեւ շփւելու միջազգային մշակոյթի, մասնաւորաբար «դրսի» գիտութեան ու տեխնիկայի նորագոյն նւաճումների հետ: Այլ խօսքով անչափ քիչ է եղել, կամ պարզապէս չի եղել ուղղակի շփում համաշխարհային գրականութեան, արւեստի, գիտութեան ու այլ բնագաւառների հետ: Իսկ «Հայպետհրատ»-ի թարգմանական հրատարակութիւնների մեծագոյն մասը կատարւել է ռուսերէնից, ընդ որում ոչ միայն ռուս հեղինակներից:

Եթէ նկատի ունենանք այն իրողոթիւնը, որ թարգմանական արւեստը ինքնին բծախնդիր, քմաճաշակ ու խրթին է, ապա դժւար չէ կռահել, թէ ինչ որակ է ստացւել ռուսերէնի միջնորդութեամբ արւած, երբեմն աղաւաղւած ու գրաքննութեան ենթակայ թարգմանութիւններից: Իսկ, չէ՞ որ մենք պատմութեան մէջ հռչակւել ենք որպէս թարգմանական արւեստի ռահւիրաներ...

Այսպիսով սովետական գերիշխանութեան օրօք ընդլայնւել է ռուսերէնի գործառական ոլորտը' ներթափանցելով ժողովուրդների ու ազգութիւնների, դրանց թւում հայերի թէ խօսակցական եւ թէ գրական բառապաշարի մէջ:

Հայաստանի Հանրապետութեան անկախացումից յետոյ սպասւում էր, որ աստիճանաբար կվերանայ ռուսերէնի գործածութիւնը կամ միջնորդ լեզւի դերը հայերէնում: Սակայն տասնեւհինգ տարի անց ընդհանուր պատկերն այնքան էլ չի փոխւել: Թերեւս տասնեւհինգ տարին ազգերի պատմութեան մէջ կարճատեւ մի ակնթարթ է, բայց իրօք չկան կամ շօշափելի չեն հայերէն լեզւի անկախութեանը ձգտող տւեալները:

Վերջերս, այս թեմայով խօսակցութիւն ունեցայ միջին սերնդին պատկանող Երեւանի ճարտարապետներից մէկի հետ: Նա նշեց, որ բարձրագոյնը սովորելիս նրանք օգտագործել են միայն ռուսերէն ձեռնարկներ, որով ներկայում կիրառւող ճարտարապետական գրեթէ բոլոր' բացառաբար լատինական արմատ ունեցող տերմինները ռուսերէն են:

Ռուսերէն են գրւում բոլոր դեղատոմսերը, դեղերի բացատրութիւնները, կենցաղային ու մթերային ապրանքների պիտակների մեծ մասը: Երեւանի տարբեր հեռուստաալիքների հաղորդումների համարեայ կէսը ռուսերէնով է: Հ1-ը ստիպւած է սփիւռքահայութեան համար եթէր ուղարկել շատ անգամներ կրկնւած հին ֆիլմեր կամ համերգներ, որովհետեւ նոյն ժամին առաջին ալիքով տրւող ժամանակակից կինոնկարները դարձեալ ռուսերէնով են:

Տւեալ դէպքում տրամաբանական չէ մեղադրել հին սերնդի ներկայացուցիչներին: Խօսքը աւելի շատ գնում է այն մասին, որ նոյնիսկ մեր օրերում, երբ իսպառ վերացել է խորհրդային բռնատիրութիւնը, երբ մեծ ցնծութեամբ տօնում ենք տառերի գիւտի 1600-ամեակը, Հայաստանում դեռեւս առկայ է ոչ միայն ռուսերէնի չնւազող ներկայութիւնը այլեւ անկախութեան պայմաններում երբեւէ կարիք չզգացւող' միջնորդ լեզւի շարունակւող դերակատարութիւնը: Այս տխուր երեւոյթն եւս բացորոշ կերպով արտացոլւած է առօրեայ խօսակցութիւնների, ռադիոհեռուստատեսային հաղորդումների, գովազդների ու մինչեւ անգամ յետսովետական գիտատեխնիկական ու գեղարւեստական գրականութեան մէջ:

Ինչո՞ւ միջնորդ լեզու, երբ այլեւս ոչ մի խոչնդոտ չկայ անմիջականօրէն շփւելու օտար լեզուների ու մշակոյթների հետ, երբ հնարաւոր է անկաշկանդ կերպով թարգմանել ուղղակի բնագրից, երբ կարելի է օտար բառերը գրել հէնց իրենց արտասանութեամբ օգտւելով մեր սքանչելի այբուբէնից' եթէ ոչ լրիւ, գոնէ շատ մօտիկ' ոչ հիմնովին աղճատւած:

Նոյնիսկ եթէ համակերպւենք հայերէնում ռուսերէն բառերի գոյութեան կամ հայկական առոգանութեան մէջ ներխուժած ռուսական շեշտադրութեան հետ, ապա բացարձակապէս անընդունելի է ռուսերէնի միջնորդութեամբ հայերէն տառերով գրւող օտար, մասնաւորաբար անգլերէն բառերն ու անունները, որոնք երբեմն հնչում են ծիծաղելիութեան չափ զաւեշտական:

Երեւանի սրճարաններում բազմիցս հանդիպել եմ ամերիկահայ տուրիստների (ինչու չգրել, «թուրիստներ»), որոնք հեգնանքով էին վերաբերւում ճաշացուցակում տեղ գտած հայերէն տառերով ռուսերէն գրւած ամերիկեան ճաշատեսակների անուններին (հոտ-դոգ' հաթ-դագի (hot dog) փոխարէն, կետչուպ' քեչափի (ketchup) փոխարէն եւ այլն):

Հայոց այբուբէնը հնչիւնային առումով հարուստ է ու ճկուն' շատ աւելի քան ռուսականը: Ինչո՞ւ Տ եւ ոչ Թ անգլերէն T-ի փոխարէն, ինչո՞ւ Պ եւ ոչ Փ' P-ի փոխարէն, ինչո՞ւ Կ եւ ոչ Ք' C-ի կամ K-ի փոխարէն, ինչո՞ւ Ռ եւ ոչ Ր' R-ի փոխարէն, ինչո՞ւ Մուլտի Գռուպ կամ Մուլտի Ռեստ' Մալթի Գրուփ կամ Մալթի Րեսթ-ի փոխարէն, ինթերնեթ' ինտերնետի փոխարէն եւ այլն: Եթէ հարկ է օգտագործել որոշ օտար բառեր կամ անուններ, ապա ինչո՞ւ չօգտւել դրանց ոչ թէ ռուսերէն, այլ ուղղակի տւեալ լեզւի տարբերակից:

Հայկական Դրամը յաջողութեամբ դուրս մղեց ռուսական ռուբլիին ու արիաբար դիմակայեց ամերիկեան դոլարի ներխուժմանը: Հապա բազմադարեան հայերէնը մինչեւ ե՞րբ պիտի գրկախառնւած մնայ ռուսերէնի հետ...

Արդեօ՞ք ժամանակը չէ, որ պատմութեան բազում արհաւիրքների ու փորձութիւնների բովից անցած ու վերածնւած Հայաստանը' տասնհինգամեայ այս հրաշք պատանին, իր վրայից դէն նետի օտար լուծի վերջին ժանգոտ շղթաներն ու իր պանծալի ոսկեղենիկով, մշակոյթային հարուստ ժառանգութեամբ ու աւանդոյթներով հաստատուն ու ինքնիշխան քայլի անկախութեան ուղիով:

Նիկոլա Տէր Յովհաննիսեան
Թեհրան, 11-09-2006

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter