HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավորների ընդհանուր ժողովն ամփոփում է ՍԴ դատավորի թեկնածուի, ԲԴԽ անդամի և մյուս հարցերով ընտրությունների արդյունքները

Մարզահամերգային համալիրում այսօր առավոտից մեկնարկած դատավորների ընդհանուր ժողովն ավարտել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի, դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների, ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների ընտրության փուլը։

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ այժմ ընթանում է քվեաթերթիկների մշակման փուլը։ Այսինքն՝ ըստ էության Դատավորների ընդհանուր ժողովն ամփոփում է քվերակության արդյունքները։

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրվելու դիմում են ներկայացրել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը և Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրի դատավոր Արման Կուրեխյանը:

ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղի համար թեկնածուներ են առաջադրվել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Սուրեն Անտոնյանը, Գոռ Հակոբյանը, Ստեփան Միքայելյանը:

Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածություն են ներկայացրել Աշխեն Ղարսլյանը, Արսեն Թավադյանը, Անահիտ Մանասյանը: 

Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուներ են առաջադրվել Գաբրիել Պետրոսյանը, Հասմիկ Հարությունյանը, Արտաշես Խալաթյանը, Աշխեն Ղարսլյանը:

Նշենք, որ ժողովը մեկնարկել է ժամը 11:30-ից։ Այն դռնփակ է։ Նախկինում Դատավորների ընդհանուր ժողովներն անցկացվում էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, որտեղ համեմատաբար մեծ դահլիճ կա, այստեղ թեև չէր թույլատրվում լրագրողների մուտքը դահլիճ՝ նրանք հնարավորություն էին ունենում դատարանի միջանցքում գտնվելու, ընդմիջումների ընթացքում դատավորներին հարցեր ուղղելու։ Այսօր, սակայն, դատական կարգադրիչները լրագրողներին չթույլատրեցին անգամ Մարզհամերագին համալիրի շենքի ներսում գտնվել։ Նման պայմաններում լրագրողները որոշեցին չսպասել ժողովի ավարտին։

Ժողովի մեկնարկին ներկա է եղել Հայաստանում պաշտոնավարող 233 դատավորից 180-ը։ Նրանք բոլորը մասնակցել են քվեարկության, թե ոչ, այս պահին մեզ հայտնի չէ։

Լուսանկարում՝ Արման Խաչատրյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter