HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մա՞յր, թե՞ Հայր օրենք

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Հետաքրքիր է` ինչու՞ ենք Սահմանադրությունը անվանում Մայր օրենք, ոչ թե Հայր օրենք, չէ՞ որ Հայաստանում հայրիշխանություն է: Թե՛ երկրի նախագահը, թե՛ վարչապետը, թե՛ ԱԺ նախագահը տղամարդիկ են, նույնիսկ դատարանների նախագահները, բոլորը տղամարդիկ են: Միգուցե անմիջական կա՞պ կա փաստացի հայրիշխանության և նրա մեջ, որ հենց Սահմանադրության համաձայն բոլոր ազատությունների և իրավունքների հիմքում ընկած մարդու արժանապատվությունը հաճախ չի հարգվում բյուրոկրատական դեռ հին համակարգերում: Ինչպես հանրահայտ երգում է ասվում. «Սա տղամարդկանց աշխարհն է»: 

Իհարկե, այս թեման գլոբալ է և բազմակողմանի ուսումնասիրության կարիք ունի: Պարզապես 25 տարի տեսնելով փակ հաստատությունում մեծ իմաստով երկու խմբի բաժանված` ազատազրկված տղամարդկանց և նրանց անազատության մեջ պահողների փոխհարաբերությունները՝ ակնհայտ է դառնում, թե ինչու այդպես էլ չի ստացվում հաստատել իրավունքի գերակայությունը և օրենքի առջև բոլորի հավասարությունը:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 90-ականների դաժանագույն տարիների մասին բազմիցս եմ գրել թե՛ իմ գրքերում, թե՛ հոդված-նամակներում: Սակայն ի՞նչ տեսարան ունենք այժմ և արդյոք չկա՞ վտանգ, որ մեկ ակնթարթում կգլորվենք 90-ականներ: 

Ամեն օր տարբեր թեմաներով զրուցում ենք բանտի աշխատակիցների հետ: Քանի որ մինչ օրս որդեգրել եմ սկզբունք` չնշել աշխատակիցների, նաև ազատազրկվածների անուններ, եթե իհարկե տվյալ անձը ինքը չի ցանկանում, ապա շարունակում եմ նույն կերպ: Օրեր առաջ երկար զրուցում էի մի աշխատակցի հետ, որի ներկայիս մասնագիտական հմտությունները հիացնում են` շատ պարտաճանաչ է կատարում իր աշխատանքը: Խոսքից-խոսք, և հասանք հեռավոր 90-ականներ. 

-Էն թվերին ես էլ էի մտնում կամեռ ու աշխատողներով բոլորին քացու տակ էինք գցում, էտենց էր ընդունված, ու ճիշտ էր:

Ապշեցի.

-Ոնց, դու՞ էլ ես մարդ ծեծողներից եղել. շատ սխալ քաղաքականություն էր ու հակաօրինական:

-Չէ՛, էդ հիմա ա սխալ, որ Եվրոպայից ու ստեղի իրավապաշտպաններից վախում ենք. բա էն վախտերը հետ չգան, որ մտնենք կամեռներ ու շան սատակ անենք:

-Բայց ինչի՞ համար, ու էն էլ բոլորին:

-Բա տենց ա պետք, որ սաղի աչքը վախենա: Բանտը պետք ա դժոխք լինի, որ վախենան հետ գան, թե չէ որ Եվրոպայի նման լինի, բոլորը կուզենան գան բանտ-սանատորիա:

-Ճիշտ չես։ Մարդուն, երբ ազատությունից զրկում են, ամենամեծ պատիժն ա, ու ընտանիքի հետ չլինելը ահավոր տանջանք ա: 

Հետո օրինակներ բերեցի եվրոպական երկրներից, թե ինչպես են կարողացել դատապարտյալների նկատմամբ իրականում մարդասիրական մոտեցումներով և հատկապես դատապարտյալներին աշխատանքի հնարավորություն տալու միջոցով հասնել կրկնահանցագործությունների կտրուկ և շատ զգալի նվազմանը: Հետազոտությունները միանշանակ ցույց են տալիս, որ պատժի խստությունը առհասարակ չի ազդում հանցագործությունների ոչ քանակի վրա, ոչ էլ նվազում են ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունները: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ արդյունավետ կանխարգելիչ միջոցներն են` հանցագործությունների կանխարգելումը, պատժի անխուսափելիությունը և օրենքի առջև բոլորի հավասարությունը, այսինքն՝ այն, ինչ չկա մեզ մոտ: Մեր իրողությունը ցույց է տալիս, որ, որպես կանոն, բանտերում դաժան վերաբերմունքը ոչ միայն չի ուղղում հանցանք կատարած մարդկանց, այլև ատելություն է սերմանում, իսկ աշխատանքի բացակայությունը ազատություն վերադառնալուց հետո կանգնեցնում է նորից հանցավոր ճանապարհին:

Անթույլատրելի է այն իրողությունը, երբ աշխատակիցը, մանավանդ պաշտոնյան, դատապարտյալների առջև ասում է, օրինակ՝ «ես կողմ եմ մահապատժին» կամ «ձեռքս ճար լիներ` ցմահ ազատազրկվածների 99 %-ին անձամբ կգնդակահարեի»: Նախ, որքանով է ճիշտ աշխատակցի կողմից այս հարցում առհասարակ պետական քաղաքականությանը հակասող դիրքորոշում հայտնել պաշտոնապես, այն էլ հենց դատապարտյալներին: Երկրորդ, եթե տվյալ անձը ունի նման կարծիք, ապա դա իր իրավունքն է, սակայն նման մտածելակերպը խանգարելու է, քանի որ չի կարող լինել օբյեկտիվ և ամեն կերպ փորձելու է ոտնահարել մարդու իրավունքները` կախված անձնական մոտեցումներից, և թքած, թե ողջ աշխարհում, բացի Հայաստանից, ընդունում են ճակատագրական դատական սխալները, որոնց հետևանքով բազմաթիվ անմեղ մարդիկ են մահապատժի դատապարտվել:

Ինչևէ, 25 տարի շարունակ ականատես եմ, որ շատ, թե քիչ իշխանություն ունեցող տղամարդը, որպես կանոն, փորձում է ինքնահաստատվել ազատազրկված տղամարդու վրա իր իշխանությունը ցուցադրելու միջոցով: Բնականաբար չի կարող նման վարքագիծ դրսևորել կայացած մարդը, նա, ով չունի հոգեբանական խնդիրներ: Չգիտեմ, թե ինչպիսին է պատկերը կանանց ազատազրկման վայրերում և հենց կանանց միջև փոխհարաբերությունները, սակայն մայրական բնազդները ինքնին կոչված են պաշտպանելու լույս աշխարհ բերածին, որին պարուրում են քնքշությամբ: Հարկավոր է ուսումնասիրել այլ պետությունների փորձը, երբ քաղաքական իշխանությունն իրականում անցել է կին ղեկավարի ձեռքը, միգուցե միայն այդ պարագայում է երկրի ղեկավարը ազգաբնակչությանը վերաբերվում ինչպես սեփական երեխային և ամեն ինչ անում, որ մեծ ընտանիքը կայանա և լինի երջանիկ: Միգուցե Մայր կամ Հայր-իշխանության մեջ չէ խնդիրը, այլ պարզապես իշխանության ղեկին պետք է իրապես կայացած Մարդ-Քաղաքացիներ լինեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter