Սահմանամերձ Արեւիսը 18 տարի անտեսված
«1988թ-ին առաջինը մենք ենք եկել էս գյուղ: Մեզ ասել են' եկեք ամեն ինչ էլ կա ' անասուն էլ, տուն էլ: Մենք էլ Շաղաթ գյուղում էինք ապրում, տուն չունեինք դրա համար էլ եկանք: Դե քանի որ առաջինը մենք եկանք, ընտրություն կար. ընտրեցինք տներից մեզ հարմար մի տուն»,-պատմում է Արեւիսում ապրող 58-ամյա Հասմիկ Գեւորգյանը:
Արեւիսը Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերից է, հայ-ադրբեջանական սահմանից 7կմ է հեռու: Ադրբեջանցիները 1980-ականների վերջին լքեցին այս գյուղը, եւ այն կրկին դարձավ հայաբնակ: Երկու տարի առաջ այստեղ ապրում էր 30 ընտանիք (Տես' Մոռացված սահմանամերձ գյուղը), այսօր' կիսով չափ պակաս:
Կառավարությունն իր որեւէ ծրագրում երբեւէ չի ներառել Արեւիսը, չնայած այն սահմանամերձ է եւ ունի կարեւոր ռազմավարական նշանակություն:
«Պրոբլեմները շատ են. սահմանին մոտ է, կենտրոնից' Սիսիանից, հեռու: Ավտոբուս չի աշխատում, ձմեռը, որ ձյունը դրեց, ուրեմն վերջ' առողջ ես, թե' հիվանդ, էս գյուղում պիտի մեռնես. ճանապարհը փակվում է: Թե սահման գնացող-եկող զինվորականները բացեցին' բացեցին, թե չէ' պետք է սպասել ձնհալի»,- ասում է Սպարտակ պապը:
Գյուղը բուժկետ չունի: Հարեւան Աշոտավան գյուղի ամբուլատորիայի բժշկուհին պետք է նաեւ սպասարկի արեւիսցիներին, սակայն գյուղացիների խոսքով' «բժշկուհու երեսը չեն տեսել»:
«Բժշկուհին պատճառաբնում է, թե' տրանսպորտ չկա, ես էլ ասել եմ, որ ամիսը մեկ անգամ ես տաքսիով գնում-գալիս եմ գյուղ, քանի որ պետք է դպրոցի աշխատակիցների աշխատավարձերը բերեմ, առաջարկել եմ, որ նույն տաքսին այդ օրերին նրան բերի Արեւիս եւ տանի նորից Աշոտավան, գոնե ամիսը մեկ անգամ բնակիչներին հանդիպի, սակայն նա չհամաձայնեց ասելով' «դե, ինձ էլ պետք է հարմար լինի»: Էլ ինչ առաջարկենք, ուղղակի լավ կլիներ մարդիկ պատասխանատվություն զգային իրենց ստանձնած պարտականությունների հանդեպ»,- ասում է դպրոցի տնօրեն Ռիտա Գրիգորյանը:
Արեւիսի ութամյա դպրոցն ունի հինգ աշակերտ, երկու ուսուցիչ եւ երկու կիսաքանդ դասասենյակ: Հինգ աշակերտներից երկուսը երկրորդ դասարանցիներ են, երեքը' վեցերորդ: Համաձայն ընդունված կարգի' այս երկու դասարանները պետք է կոմպլեկտավորել մեկ դասարանում, ինչից փորձում են խուսափել դպրոցի երկու ուսուցիչները: Նրանցից մեկը երկրորդ դասարանի դասվարն է եւ վեցերորդ դասարանի մի քանի երկրորդական առարկաների ուսուցիչը, իսկ մյուսը' պարապում է վեցերորդ դասարանի համարյա բոլոր առարկաները:
«Ինչպե՞ս երկրորդ եւ վեցերորդ դասարանների աշակերտներին միասին հայոց լեզու կամ մաթեմատիկա պարապենք: Դրա համար էլ առանձին ենք պարապում, փորձում ենք ճիշտ կատարել մեր գործը, չնայած պարապում ենք 22 ժամ, բայց վճարվում 11-ի համար»,-բացատրում է Ռիտա Գրիգորյանը, ում տղան սովորում է վեցերորդ դասարանում:
Ոչ միայն աշակերտների քանակի քչությունն է խնդիր, այլ նաեւ' ուսուցիչներինը: Ռ. Գրիգորյանը մեծ դժվարությամբ է գտել անգամ մեկ ուսուցչի, որը համաձայնել է աշխատել դպրոցում: Հեռավոր գյուղում մի քանի դասաժամ պարապելուց հրաժարվել են անգամ հարեւան գյուղերում զինծառայության փոխարեն ուսուցիչ աշխատող երիտասարդ տղաները:
Ութամյա դպրոցն ավարտելուց հետո ծնողները փորձում են ամեն կերպ իրենց երեխաներին ուղարկել Սիսիան ուսումը շարունակելու:
«Իմ հինգ երեխեքն էլ շարունակել են իրենց ուսումը, հիմա երեքը Երեւանում են, երկուսը' Սիսիանում: Դե գյուղում մնան ի՞նչ անեն, սովորում են, էնտեղ էլ ամուսնանում: Էնտեղ էլ մի կարգին աշխատանք չունեն, եթե գյուղում մի բան լիներ, մի գործի տեղ, կգային էստեղ: Թե չէ գյուղում միայն անասուն պահելն է, էդ էլ ես ու ամուսինս անում ենք»,- ասում է Անահիտ Բաղդասարյանը:
Իր տղայի ուսումը շարունակելու համար 2 տարուց ոչ ուշ գյուղը կլքի նաեւ դպրոցի տնօրեն Ռիտա Գրիգորյանը, ով գյուղի թերեւս միակ գրագետ եւ ակտիվ կինն է:
«Չգիտեմ գյուղի վաղվա օրն ինչ է լինելու: Եթե աշխատատեղեր բացվեն, գուցե մի շինություն էլ կառուցվի, որ մի քանի ընտանիք գա աշխատի ու ապրի էստեղ: Եթե չէ' նշանակում է էլի գյուղը լքողներ կլինեն: Երիտասարդներն աշխատանք ունենալու եւ նորմալ պյամաններում ապրելու ձգտումով թողնում են գյուղը: Պետությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել այս ուղղությամբ»,- ավելացնում է Ռ.Գրիգորյանը:
Արեւիս գյուղում վերջին 18 տարիների ընթացքում կատարվել է միայն երկու առաջխաղացում' գյուղն ունի ալեհավաք, որը թույլ է տալիս դիտել 2 հեռուստաընկերության ծրագրեր, եւ գյուղ է բերվել հեռախոսագիծ, որի միջոցով թեկուզ մեծ համբերության եւ ջանքերի արդյունքում, բայց հնարավոր է կապ հաստատել հարեւան գյուղերի եւ Սիսիանի հետ:
Գյուղում չկա ոչ մարդաբնակ տուն, ադրբեջանցիների հողե կիսաքանդ բոլոր տները բնակեցված են: Գյուղի հարակից տարածքները հարմար են անասնապահության համար: Արեւիսի բնակիչների թիվը մի փոքր ավելանում է ամռանը, երբ Սիսիանում ապրող անասնատերերից մի քանիսը տեղափոխվում են գյուղ' անասուններին արոտավայրեր տանելու:
Գյուղացիների կարծիքով' հնարավոր է մարդիկ կան, որ կցանկանային մշտական բնակություն հաստատեին գյուղում, բայց ապրելու հարմար տներ չկան:
«Տուն չկա, թե չէ եկողներ էլի կլինեն, մանավանդ որ գյուղում շարժ կա արդեն, կարող է մշտական աշխատանք լինի, իսկ մեզ պետք է աշխատանք, որովհետեւ հացի խնդիր ունենք: Մեր հողերում հացահատիկ չի լինում, իսկ անասունով կամ կաթնամթերքով ալյուր փոխելը դժվար է, գոնե ալյուրի փող լինի»,-ասում է Սպարտակ Հարությունյանը:
Գյուղացիների' մշտական աշխատանք ունենալու հույսերը կապված է գյուղին հարակից Մարջանի ոսկու հանքի գոյության հետ: Հանքարդյունաբերությամբ զբաղվող ամերիկյան «Գլոբալ Գոլդ» կազմակերպությունն այնտեղ ուսումնասիրության աշխատանքներ է իրականացնում:
«Գյուղի մոտ աշխատանք ունենալը չտեսնված բան է: Ճիշտ է, ծանր ֆիզիկական աշխատանք է, բայց կարեւորը մեր գյուղի տղամարդիկ, նաեւ հարեւան գյուղերից մի քանի հոգի էսօր աշխատանք ունեն ու աշխատավարձ են ստանում»,- ասում է Արթուր Գեւորգյանը:
Մարջանի հանքավայրը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանից 3կմ հեռավորության վրա, այսինքն' տղաներն աշխատում են ադրբեջանական հենակետի «հսկողության տակ»:
«Դե, անհանգստանում էլ ենք, որ շատ ենք մոտենում սահմանին, բայց որ կրակելու լինեին, մեր գյուղում էլ մեզ կկրակեին: Մեզ աշխատանքի վերցնողներն ասել են, որ ապահովության խնդիր չկա, ասում են' պայմանավորվել են ադրբեջանցիների հետ, որ աշխատելու ենք սահմանի մոտ: Մեր բրիգադիրն ամբողջ օրը մեր կողքն է, որ անվտանգ չլիներ, հո չէր կանգնի կողքներս»,-ասում է Արթուրը:
Հանքավայրը նոր հույս է տվել արեւիսցիներին: Նրանք սպասում են, որ շուտով իրենց գյուղում կյանքը կփոխվի, իրենց զավակները կմնան իրենց կողքին եւ կավելանա գյուղի բնակչությունը:
Արթուրի կինը' Մարգարիտը, շուտով կունենա երրորդ երեխան: Սահմանամերձ Արեւիս գյուղի դպրոցի ուսուցիչներն այսօրվանից արդեն ուրախությամբ հաշվում են, որ 2012 թ-ին աշակերտների թիվը կավելանա մեկով, երբ Արթուրի զավակը դառնա առաջին դասարանցի:
Լուսինե Ղազարյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել