
Կառավարությունը փաթեթ է մշակում` առանց արտակարգ դրության ռեժիմի սահմանափակումներ կիրառելու համար
Վարչապետի աշխատակազմը և մի շարք գերատեսչություններ օրենսդրական փոփոխություններ են մշակում, որպեսզի հնարավոր լինի այս ամիս չերկարաձգել արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամկետը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը` հարցին, թե արդյոք այս ամիս ևս երկարաձգվելու է արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամկետը, թե այլ նախագիծ է ներկայացվելու, ինչպես պնդում էր վարչապետը:
Հիշեցնենք, որ պարետատան ճեպազրույցների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ասում էր, որ արտակարգ դրության ժամկետը չի կարող անվերջ երկարաձգվել, սակայն մինչ այդ պետք է վերոնշյալ օրենքում այնպիսի փոփոխություններ լինեն, որոնք հնարավորություն կտան համավարակի նոր օջախներ հայտնաբերվելու դեպքում սահմանափակումներ կիրառել:
Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանն ասաց, որ այս պահին քննարկումներն ընթանում են, և չի կարող հստակ ժամկետ ասել, թե նախագծերի փաթեթը երբ հանրային քննարկման կներկայացվեն: Փաթեթը մշակվում է Արդարադատության, Արտակարգ իրավիճակների, Առողջապահության նախարարությունների և վարչապետի աշխատակազմի հետ համատեղ:
Օրենսդրական փոփոխությունները վերաբերում են «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» և «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքներին։
Հիշեցնենք, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամկետը երկարաձգվել է ինչ օգոստոսի 12, հետևաբար մինչ այդ օրը պետք է կամ այդ նախագծերն ընդունվեն կամ էլ արտակարգ դրության ժամկետը երկարաձգվի ևս մեկ անգամ:
Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար առաջին անգամ արտակարգ դրություն հայտարարվեց մարտի 16-ին, որից հետո այն երկարաձգվեց չորս անգամ:
Մեկնաբանել